• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարապությունը երիտասարդների շրջանում

Գարնանային օլիմպիադայի նյութերից.
Լրագրություն. Հասարակական խնդրի քննարկում
Մերուժան Ղարիբյան, 11-5 դասարան

Այսօր մեր իրականության մեջ հաճախ կարելի է հանդիպել այս կամ այն պատի տակ պպզած, թղթախաղը պաշտող, դատարկաբանությամբ զբաղվող, որևէ նպատակ չունեցող և օրեր սպանող երիտասարդների: Ցավալի է, բայց փաստ, որ այդ ախտերով վարակված երիտասարդների պատճառով շատ հաճախ տուժում է հասարակության առողջ մասը: Հոգեբանության տեսանկյունից երկար ժամանակ պարապ մնացող մարդու մտքով կարող են անցնել ամենասարսափելի և ամենաանհեթեթ մտքեր և գաղափարներ, և հետագայում դրանք կարող են իրագործվել: Պարապ երիտասարդը կարող է դառնալ հանցագործ, խաղամոլ, թմրամոլ և, ի վեջո, կարող է խելագարվել: Շատերին կարող է զարմանալի թվալ բանտերում իրենց պատիժը կրող մարդկանց մարզված և մկանոտ մարմինը, ու նաև ինտելեկտուալ մակարդակը: Բանն այն է, որ հենց իրենք են փաստում, որ մարդը պարապությունից կարող է գժվել, իսկ նրանք գրեթե ուրիշ միջոց չունեն այդ անվերջանալի թվացող ազատ ժամանակը լցնելու, քան մարզվելն ու գիրք կարդալը: Մարդը, ով չի հասկանում պարապության վտանգը և չի գնահատում իր ժամանակը, կարող է շատ հեշտությամբ կործանվել: Իսկ կործանվելը ոչ այլ ինչ է, քան սկբում նշածս ախտերով վարակված լինելը:
Մյուս կողմից սխալ կլինի մարդկանց մեղադրել այդ ախտերը կրելու մեջ, քանի որ մարդը՝ որպես անձնավորություն, ձևավորվում է հասարակության մեջ, և եթե ի ծնե այդ հասարակությունը  եղել է անառողջ և ախտածին, մենք չենք կարող դրանում մեղադրել երիտասարդին, ով, կարելի է ասել, ծնված օրվանից դարձել է զոհը այն հասարակության, որտեղ ապրում է: Սխալ կլինի նաև այդպիսի մարդկանց անուշադրության մատնելը, քանի որ եթե թեկուզ շատ չնչին հնարավորություն կա, որ կարող ենք ինչ- որ բան փոխել մեր աչքի առջև կործանվող մարդու մեջ, պետք է փորձենք և ամեն ինչ անենք, նրան հեռացնելու համար իր ընտրած կործանարար ուղուց: