• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինտելեկտուալները բացահայտվում են

Հուլիսի 16-ին Ինտելեկտուալ ընթերցանության ակումբը հավաքվել էր մեդիակենտրոնում, այս անգամ սրճարանում՝ քննարկելու Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»։ Տապից որևէ կերպ փախչել չհաջողեցինք (երևի պիտի լողավազանում հանդիպեինք), բայց քննարկմանը դա չխանգարեց։ Ի դեպ, այսօր ընթերցողների տեսակարար կշռի աճ ունեիք. մեզ միացած ընթերցողների մեջ էր նաև Աշոտ Տիգրանյանը։ Սովորողներից վերջապես միացավ նաև Գսպոյան Աննան։ Քննարկման ընթացքում փորձեցինք հասկանալ, թե այդքան պարզ ու այդքան մատչելի գրելու ինչ անհրաժեշտություն ուներ Օրուելը, ինչո՞ւ էր ինքը, որ հասարակ մարդկանց էր իրեն ձուլել իր կենսագրությամբ, այդքան ատում Սովետական Միությունը, և արժե՞ արդյոք ստեղծագործությունը հանձնարարել սովորող երիտասարդությանը։ 
Վստահ եմ, որ ճշմարիտ սովորողները մեր հանձնարարելուն չեն սպասում։ Նրանցից շատերը գոնե երկու լեզվով (մեկը՝ բնագրով) կարդացել են նույն «Անասնաֆերման»։ Պարզապես քննարկումն առիթ է խոսելու համանման այն երևույթներից, որոնք անընդհատ ծավալվում են մեր շուրջը։ Կարծում եմ՝ օգտակար քննարկում էր։
Հաջորդ շաբաթ եկեք զրուցենք Ալբեր Քամյուի «Օտարականը» վիպակի շուրջ։ Տեղի և ժամանակի շուրջ լրացուցիչ կպայմանավորվենք։

Հ.գ. Երբ կերպարների մասին էինք խոսում, հեռախոսով (Առնոլդի) միացավ նաև Պիետրո Շաքարյանը (արդեն դառնում է ակումբի մշտական անդամը) և հիշեցրեց, որ Դմբուզի կերպարի նախատիպը Ստախանովն է։ Իսկ մենք լրիվ մոռացել էինք Ստախանովին էլ, ստախանովյան շարժումն էլ։ Իսկ ով մոռանում է պատմությունը, դատապարտված է կրկնելու այն։

Լուսանկարները՝ Նառա Նիկողոսյանի