• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կայացավ ինտելեկտուալ ընթերցանության ակումբի երկրորդ պարապմունքը

Ինտելեկտուալ ակումբի երկրորդ պարապմունքին քննարկում էինք Էժեն  Իոնեսկոյի «Ռնգեղջյուրը» պիեսը։ Քննարկողների խումբը, որ այս անգամ մեծ մասով (յոթ հոգուց չորսը) լեզու-գրականություն դասավանդողներից էր բաղկացած, ամենայն մանրամասն՝ ծալք առ ծալք բացահայտեց հեղինակի մտահղացումը, կյանքի նկատմամբ նրա փիլիսոփայությունը, մոտեցումը անհատին ու խմբին։ Քննարկումն ավելի հետաքրքիր դարձավ, երբ մեզ միացավ ամերիկահայ լրագրող Պիետրո Շաքարյանը։ Նա զրույցի մեջ մտավ (Առնոլդի օգնությամբ)՝ հիշեցնելով, որ խնդրո առարկա պիեսը պատկերում է ֆաշիզմին տուրք տված հասարակությունը։ Ընթացքում նկատեցինք, որ նյութն ավելի ընդհանրական է այն բոլոր դեպքերի համար, երբ մարդիկ այս կամ այն շարժառիթով ընկնում են որոշակի հոսանքի մեջ ու տարվում դրանով։ Քննարկման առարկան պիեսից անցավ դրա նյութին ու հասավ մինչև մեթոդը՝ աբսուրդը։ Իսկ որպես ամփոփում, փորձեցինք նկատել մեր շուրջը և հենց մեզանում ապրող աբսուրդը։

Քննարկման ժամանակ ակտիվությունն իհարկե ոգևորող էր։ Բայց ամենահաճելին այն էր, որ մեզ հետ լուրջ զրույցի սեղանի շուրջ նստած էր նաև մեկ սովորող (երկուսն էին, բայց Տոնոյան Արեգը քննարկմանը չէր մասնակցում)՝ 9-րդ դասարանցի Էրիկը, ով իր անաղարտ մտածողությամբ երբեմն շատ հետաքրքիր դիտարկումներ էր անում։

Քննարկման հաջորդ նյութը Ջորջ Օրուելի հանրահայտ առակն է՝ «Անասնաֆերման»։

Հանդիպում ենք հաջորդ չորեքշաբթի, տեղի և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

 

Նկարները՝ Տոնոյան Արեգի