• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայաստանը մեզ համար փոքր է

Հունիսի 10-ին, ժամը 13.00-ին ԱՄՆ դեսպանատան և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի համագործակցությամբ կազմակերպված «Գրադարանային-տեղեկատվական կրթության մեջ նոր տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի կիրառման արդի միտումները» թեմայով հանրապետական գիտաժողովին իր ուրույն մասնակցությունն ունեցավ  «Տիգրան Հայրապետյան»  գրադարանի ակտիվը՝  Մարի Գաբանյանի գլխավորությամբ: Գիտաժողովը տեղի ունեցավ Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում, որտեղ ներկա էին Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններից ժամանած գրադարանավարներ, գրադարանագետներ, մանկավարժներ, տեղեկատվական-տեխնոլոգիական ռեսուրսների մասնագետներ:

  Գիտաժողովը մեկնարկեց թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոկտոր-պրոֆեսոր Լ. Ա. Բարսեղյանի, ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Վ. Հ. Տալանդիսի և Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Հ.Վ. Կարապետյանի ողջույնի խոսքերով: Նիստի  ընթացքում իրենց զեկույցները ներկայացրեցին գրադարանագիտության,  մանկավարժության, տեղեկատվական, տեխնոլոգիական և սոցիալական մեդիայի բնագավառներում մասնագիտացված անձինք, ովքեր  դասախոսություններ վարեցին գրադարանային-տեղեկատվական կրթության մեջ տեխնոլոգիական նոր միջոցների կիրառման, դրանց դերի ու նշանակության,արդի տեղեկատվական դաշտում գրքի,  գրադարանավարի, ընթերցողի փոխհարաբերման և գրադարանային սպասարկման մշակույթի մասին:
Կրթահամալիրում գործող «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ծավալած գործունեության, գրադարանային-տեղեկատվական կրթության մեջ նոր տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի կիրառման արդի միտումների մասին զեկույցով հանդես եկան Մարի Գաբանյանը և Զարուհի Առաքելյանը: Չնայած զեկուցումը մյուսների համեմատ ավելի կենդանի էր, ու հանդիսատեսը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր կրթահամալիրի, առավել ևս՝ գրադարանի նկատմամբ, Լ. Ա. Բարսեղյանը փորձեց միջամտել Մարի Գաբանյանի խոսքին՝ հանդես գալով այն հայտարարությամբ, որ պետք չէ խոսել Աշոտ Բլեյանի հնարավորությունների ու ձեռքբերումների մասին, սակայն մեր կողմից արժանի պատասխան ստանալով՝ եկավ այն եզրահանգման, որ «Հայաստանը մեզ համար փոքր է»:

Գիտաժողովի ընթացքում հնչեցին բազմաթիվ կարծիքներ, հարցեր և առաջարկներ: Ծանոթանալով մյուս գրադարանների ծավալած գործունեությունների և տեղեկատվական-տեխնոլոգիական դաշտում նրանց դերի ու մշակած ծրագրերի հետ, նորից համոզվեցինք, որ մեր գրադարանը առաջադեմ ու արդիական է մյուսներից:

Հանդիպման վերջում նոր պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ներսես Հայրապետյանի հետ, ըստ որի կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործ բաժնի ուսանողների համար ուսումնական պարապմունքներ անց կկազմակերպվեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական բաժնում:

Աննա Գսպոյան
Ավագ դպրոց վարժարան
Գրադարանի աղջիկ