• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական ամառ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

2-6 տարեկաններին հրավիրում ենք ամառային պարտեզ։ Առողջ կենցաղ՝ ամենօրյա լող և մարզանք, երաժշտություն և պար, ստեղծագործական երևակայություն, նկարչություն և ծեփում, զարգացնող-հետաքրքիր այլ գործունեություն, առողջ սնունդ։ Համեցեք մեր պարտեզները Դպրոց-պարտեզումՆոր դպրոցումԳեղարվեստի դպրոցումՀիմնական դպրոցում, Քոլեջում։

5-6 տարեկանին, 2-9-րդ դասարանցուն  հրավիրում ենք երևանյան ուսումնական 10-օրյա ճամբար։ Ճամբարներ կգործեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  կրտսեր դպրոցներում՝ Դպրոց-պարտեզում, Նոր դպրոցում, Գեղարվեստի դպրոցում, Հիմնական դպրոցում, և Միջին դպրոցում։ Ճամբարում՝ մարզանք, լող, պար, երաժշտություն, կերպարվեստ, շախմատ, թվային տեխնիկական միջոցների ուսուցում, ուրախ օտար լեզու, ուսումնական նախագծեր, առողջ սնունդ, հայրենագիտական ճամփորդություն։ Առաջին ճամբարը կլինի հունիսի 16-27-ը։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք ձեռք բերել ուղեգիր՝ դիմելով [email protected] հասցեով կամ անձամբ այցելելով կրթահամալիր։ 

Հիմնական դպրոցի շրջանավարտին, կրթահամալիրով հետաքրքրվող 11-12-րդ դասարանցուն հրավիրում ենք 5-օրյա ուսումնական պարապմունքների, որոնք կօգնեն ընտրելու ավագ դպրոցը և արդյունավետ պատրաստվելու ավագ դպրոցում ուսանելուն։ Ծրագրում՝

  • էլեկտրոնային փոստ և սովորողի անձնական բլոգ
  • ուսումնական պարապմունք. տեսակները, կազմակերպումը անհատական թվային գործիքով
  • ուսումնական ակումբային գործունեություն
  • անհատական կրթական ծրագիր, ուսումնական պլան, կազմակերպում
  • հայրենագիտական քայլարշավ: 

Հնգօրյա պարապմունքները կլինեն հունիսի 16-ից, յուրաքանչյուր երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9.00-11.00։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք հայտագրվել [email protected] հասցեով կամ անձամբ այցելել կրթահամալիրի Մեդիակենտրոն: Եթե անձնական թվային տեխնիկա չունեք, պարապմունքներին կմասնակցեք տեղում Ձեզ տրամադրվող նոթբուքով կամ նեթբուքով:  

Տարատարիք սովորողների համար՝ ամառային ուսումնական նախագծեր՝ ընթերցանության, ակումբային, հայրենագիտական, ազգագրական, բնագիտական։ Նախագծերի արդյունքներն ամփոփվում են ամեն շաբաթ։ Մրցանակը ուսումնական-հայրենագիտական մեկօրյա ճամփորդությունն է Սևան, քաղաքից մինչև 50 կմ հեռու այլ վայր։ Ամեն հինգշաբթի՝ ժամը 8.00, սկսած հունիսի 16-ից, մեկնարկում է ճամփորդությունը Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից։ 

Ծնողների համար՝ մանկավարժական-ծնողական ակումբային 3-օրյա պարապմունքներ, հեղինակային կրթական ծրագրերին ծանոթանալու հնարավորություն, քննարկում։ Գրանցվեք պարապմունքներին մասնակցելու համար [email protected] հասցեով կամ անձամբ այցելելով կրթահամալիրի Մեդիակենտրոն։ Պարապմունքները կլինեն ամեն երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի՝ սկսած հունիսի 16-ից, ժամը 18.30-20.00։ Կարող եք գալ Ձեր երեխաների հետ՝ սկսած 2 տարեկանից։ Երեխաներին կառաջարկվի խնամք, զարգացնող գործունեություն՝ լող, մարմնամարզություն, կերպարվեստ, տեխնոլոգիա, բույսերի խնամք, երաժշտություն, շախմատ, աստղացուցարան, էլեկտրոնային գրատախտակ, թվային այլ միջոցներ։ 

Նորարար մանկավարժական աշխատողների բաց ակումբ, որի պարապմունքների-քննարկումների բովանդակությունը մանկավարժական նորարարությունն է, հեղինակային ծրագիրը, այլոց առաջավոր փորձը։ Ակումբի հանդիպումները կազմակերպվում են ամիսը 1 անգամ, կրթահամալիրի մեդիակենտրոնում։ Մարզերից, Արցախից, այլ երկրներից եկող մասնակիցների գիշերակացն ապահովվում է կրթահամալիրի փոխանակումների կենտրոնում։

Կրթահամալիրի մեդիակենտրոնը՝ ամառային ուսումնական կենտրոն. շաբաթվա բոլոր օրերին, ժամը 9.00-21.00։ Տարբեր տարիքի սովորողները, մանկավարժական աշխատողները անհատապես և խմբով կարող են աշխատել, կազմակերպել հանդիպում, քննարկում, ակումբի պարապմունք, համերգ, ցուցահանդես, ցուցադրություն, ներկայացում։ Ցանկության դեպքում կարող եք օգտվել Մեդիակենտրոնի նոթբուքներից։ Տարածքում՝ անլար, անխափան ինտերնետ, ցուցադրությունների կազմակերպման մեծ հնարավորություն, սուրճ, սննդի մատչելի կազմակերպում։ 
Մանկավարժական աշխատողների, մանկավարժության նորարությամբ, հեղինակային կրթական ծրագրերով հետաքրքրվողների  համար կազմակերպվում են վերապատրաստումներ։ Ցանկացողները լրացնում են հայտը։  

Մեր հասցեները։