• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշոտ Բլեյան.«Դու քո երկրի զավակն ես և մեզ գաղթական ազգ պետք չէ»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նոյեմբերի 13-ից 16-ը հայտարարված «Սեբաստացու օրեր» տոնական միջոցառումների շրջանակում այսօր ներկայացվում էր  «Գրքի տոնը կրթական հաստատությունում»  նախագիծը: 

Գրքի տոնը մեզ հետ նշելու էին եկել Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսանողները: Նրանք կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջեցին  մայր դպրոցում, ծանոթացան  կրթահամալիրում կիրառվող մեդիաուսուցման մեթոդներին: Այդ ընթացքում, դպրոցի մարմարյա սրահում աշակերտները պատրաստվում էին մեդիահինգշաբթիին: Դպրոցին ծանոթանալուց հետո,  Բրյուսովի անվ. համալսարանի ուսանողները հանդիպեցին անգլիախոսների ակումբի անդամների եւ ղեկավար Յուրա Գանջալյանի հետ` դպրոցի ընթերցարանում: Հանդիպումը տեւեց մեկ ժամ: Քննարկումը տեղի էր ունենում անգլերեն` քննարկվում էր  Հայաստանի կրթական ծրագրերը այլ երկրների կրթական ծրագրերի հետ համեմատության հարցը: Բրյուսովի անվ. համալսարանի ուսանողները նույնպես ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում:

Խոսում էին կրթությունը այլ երկրներում շարունակելու առավելությունների ու թերությունների մասին:  Լսարանը բաժանվեց երկու մասի` մի խումբը գտնում էր, որ պետք է մնալ Հայաստանում և այստեղ սովորել  ու աշխատել, իսկ մյուս մասը համոզված էր, որ օտար երկրում ավելի հեշտ է ապրել ու կրթություն ստանալ: Քննարկումը հետզհետե թեժացավ ու վերածվեց բանավեճի:  Տիար Բլեյանը ներկա էր բանավեճին: Նա ասաց, որ ազատ տեղաշարժի իրավունքը շատ կարեւոր է, բայց դա նրա համար չէ, որ հայենիքդ կորցնես, որովհետեւ դա փախուստ է համարվում: Ազատ տեղաշարժվելու իրավունքը, ըստ տիար Բլեյանի, որոշ ժամանակ օտար երկրներում ապրելու համար է: «Բայց դու քո երկրի  զավակն ես և մեզ գաղթական ազգ պետք չէ»,-շեշտեց կրթահամալիրի հիմնադիր տնօրենը: 

Կարինե Կիրակոսյան, ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դաս.