• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Նարեկը»՝ համամարդկային արժեք

«Նարեկը» թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, լրջորեն ուսումնասիրվել է հայ և օտարազգի հայտնի գիտնականների կողմից: Հետաքրքիրն այն է, որ լեզուն չհասկանալու դեպքում էլ «Նարեկի» ազդեցությունը նույնն է: Անկախ ազգությունից, տողերը իրենց բուժիչ և հանգստացուցիչ ներգործությունն ունեն: Նարեկի ընթերցանությունը բարերար է ազդում ոչ միայն հայի, այլև այլազգի հիվանդների վրա, ովքեր Նարեկաբուժության արդյունքում ապաքինվում են: Գիտականորեն երևույթը  բացատրվում է հետևյալ կերպ. կարևորը ոչ միայն Նարեկացու «Մատյան»-ի բառերի իմաստն է, այլև նրանում ամփոփված տիեզերական տեղեկույթը, որը շրջապատին է փոխանցվում ընթերցանության ժամանակ առաջացող ձայնային տատանումների` վիբրացիաների ձևով: Այդ տատանումները հանճարեղ հեղինակները, տվյալ դեպքում` Նարեկացին, ստեղծագործական ներշնչանքի պահին ստանում են Տիեզերքից, հանձնում են թղթին, հետո ընթերցողին, ասել կուզի՝ լեզուն տիեզերական երևույթ է:

Տեսաշար

«Россия – Культура» հեռուստակայան
Церковь Иоанна Богослова.Отец Олег Моленко читает книгу Григора Нарекаци
Տէ՛ր իմ, Տէ՜ր պարգեւատու, ինքնաբուն բարի, 
 Բոլորին տիրող հաւասարապէս, միայն արարիչ դու ամէն ինչի. 
 Փառաւորեալ անքնին, ահեղ ահարկու, սոսկալի հզօր, 
 Անպարագրելի, անմերձենալի, անըմբռնելի, անիմանալի, 
 Անճառելի, անտեսանելի, անզննելի, անշոշափելի, անորոնելի, 
 Անսկիզբ եւ անժամանակ, անշամանդաղ գիտութիւն, 
 Համարձակ տեսողութիւն, ճշմարիտ էականութիւն, 
 Բարձր եւ խոնարհ, օրհնաբանուած գոյութիւն. 
 Անստուեր ծագում, ամենափայլ ճառագայթ, խոստովանուած լոյս, 
 Անտարակոյս վստահութիւն, կատարեալ հանգիստ, 
 Անհեղելի կնիք, անսահման պատկեր, վկայուած անուն, 
 Ճաշակ քաղցրութեան, բաժակ բերկրութեան, 
 Հաց` հոգին հաստող, սէր` մթանն օտար, աներկբայ խոստում, 
 Ծածկոյթ ցանկալի, զգեստ անկապուտ, օթոց բաղձալի, 
 Զարդ վայելչական, մեծազօր պաշտպան, գովուած ապաւեն, 
 Աննուազելի շնորհ, անպակասելի գանձ, 
 Անապական անձրեւ, արփիացնցուղ ցող, 
 Ամենաբոյժ դեղ, ձրի բժշկութիւն, կրկնաձիր առողջութիւն, 
 Վեհագոյն խրախոյս, անպատիր կոչում, հանուր աւետիս, 
 Ստրկամեծար թագաւոր, աղքատասէր պաշտպան, մշտահարուստ տուող, 
 Անխափան ընթացք, աննահանջ հրաման, 
 Անհամառօտ յոյս, երկար տեսողութիւն, տուրք անզղջական, 
 Ամենաբաշխ աջ, արդարակշիռ ձեռք, անաչառ աչք, 
 Մխիթարիչ ձայն, սփոփարար լուր, բերկրութեան բերումն, 
 Անուն կենդանի, նախախնամող մատ, 
 Անմոլար ճամփայ, անխարդախ ընթացք, կենդանարար կամք, 
 Աննենգելի խրատ, աննախանձ պատիւ, լայնարձակ հնարք, 
 Անձկական պայման, անգտնելի հետք, աներեւոյթ շաւիղ, 
 Անչափագիր պատկեր, քանակութի՜ւն անսահման, 
 Աննմանական տիպ, անզուգական գութ, ողորմութիւն բազմազեղ, 
 Խոնարհութիւն տօնելի, համբոյր փրկարար, 
 Կա՜ն դեռ շատ ուրիշ խօսքեր աւելի վեհ ու վայելուչ 
 Նուիրելու քեզ` աստուածութեանդ: 
 Օրհնուած, գովուած, բարեբանուած, քարոզուած, աւետարանուած, 
 Հռչակուած, հնչեցուած, պատմուած, 
 Աղաչուած կամքով անխաբելի, 
 Եւ դեռ ինչ որ դու ներշնչում ես մեզ քաղցր բխումով, 
 Որոնք մեր յաջորդ ճառերում պէտք է որ լուսաբանուեն: 
 Որով եւ պիտի դու զուարթանաս իմ փրկութեամբ, ո՜վ երանութիւն, 
 Ախորժ զգացմամբ լցուած լիուլի: 
 Դատարկ բառերով հիւսուած երգով չէ, որ փառաւորւում ես դու, 
 Այլ իմ այս փոքրիկ աղերսը թող որ դառնայ մի պատճառ քո մեծ փրկութեան:
 
Հաջորդիվ.  «Ի սկզբանէ էր բանն. եւ բանն էր առ Աստուած». Նարեկաբուժություն