• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Ուսումնական ճամփորդությունները  (այսուհետ` ճամփորդություն) կրթական ծրագրի բաղկացուցիչներն  են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով, և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են, որոնց կազմակերպումը համապատասխանում է հետևյալ պահանջներին.

  • մասնակիցները նախօրոք ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում, ուսումնասիրում, գրանցում այդ մասին իրենց հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրենց հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա. եթե եղել են այդ վայրում խմբով կամ անհատապես, այլ նախագծով, վերանայում են իրենց հաշվետվությունները-տպավորությունները, ծանոթանում են նույն վայրում կրթահամալիրի այլ դպրոցների, քոլեջի նախագծային խմբերի աշխատանքին՝ իրար շարունակելու-լրացնելու համար.
  • հայրենագիտական ճամփորդության բովանդակությունը ներառում է.
    - հասարակագիտական-քաղաքացիական աշխատանք. նախագծի գործընկերների ներգրավում. կապերի հաստատում տեղի դպրոցի, բնակիչների հետ, նվերների պատրաստում նրանց համար, համայնքի խնդիրների ուսումնասիրություն.
    - հայագիտական-ազգագրական-բանահավաքչական-պատմագիտական աշխատանք՝ ծանոթություն բնակավայրի պատմությանը, մշակույթին՝ բարբառին, զրույցներին, ծեսերին, սովորություններին, աշխատանքային-ծիսական երգ ու պարին և այլն.
    - ընթերցողի աշխատանք. տեղի ծնունդ անվանի գրող-բանաստեղծի գործեր, տեղի ԶԼՄ-ի ուսումնասիրություն. ներկայացվող «Կարդում ենք» նախագիծ
    - աշխարհագիտական-բնագիտական աշխատանք. ճանապարհը՝ մեկնարկի կետից մինչև նպատակակետ(եր)ը, և տեղում՝ բնության հուշարձաններ, առու, գետ, լիճ, սարեր, գագաթներ, անտառներ-պուրակներ, արգելոցներ, հանքեր, բուսական, կենդանական աշխարհ և այլն.
    - բնապահպանական. խնդիրներ, պատմություն, կոնկրետ նախագիծ.
    - մշակութային (համերգի, պլեների կազմակերպում, տարածքի ճարտարապետական, մշակութային արժեքների ուսումնասիրություն).
    - տնտեսագիտական աշխատանք. նախագծի նախահաշիվ՝  ծախսերի և մուտքերի ուղղություններ, այդ առումով այլ նախագծերի հետ համեմատում, նախագծի էժանացման աշխատանք, տրանսպորտային տեղափոխության կազմակերպում.
    - տեխնոլոգիական աշխատանք. սննդի կազմակերպում, ճամբարային տարածքի բարելավում-ձևավորում.
    - հեղինակային կրթական ծրագրի ներկայացում. 
    - ուսումնական այլ  աշխատանք.
  • աշխատանքի բոլոր ուղղությունները ներկայացվում-լուսաբանվում են.
  • նախագծի արդյունք ուսումնական նյութերը ներառվում են մեդիագրադրանում։

Որպես ուսումնական նախագիծ՝ ուսումնական ճամփորդությունը պիտի իր էջը ունենա մասնակիցների բլոգներում, ենթակայքում։ mskh.am կայքում, մեդիագրադարանում լրացվում են ճամփորդությունների քարտեզն ու պատմությունը։

Կրթահամալիրի դասարանի, դպրոցի, ակումբի, տարատարիք խմբի ուսումնական ճամփորդությունը, կրթահամալիրային ուսումնական նախագծով իրականացվող ճամփորդությունները, մեդիաօլիմպիական ճամբարները, արտագնա ստեղծագործական հավաքները կազմակերպվում են կրթահամալիրի տնօրենի հրամանով, դպրոցի, ստուգատեսի ղեկավարի հայտով։  

Քաղաքում թանգարան, ցուցահանդես, թատրոն, համերգ, մշակութային-ճանաչողական այլ կարճատև այցելությունները կարող են կազմակերպվել երկուշաբթի-ուրբաթ օրերին: Ճամփորդության պատճառով չպարապվող ուսումնական պարապմունքները լրացվում են հեռավար և առցանց ուսուցման միջոցով:

Քաղաքից դուրս կատարվող ճամփորդությունները կազմակերպվում են միայն ուսումնական ընդհանուր պարտադիր պարապմունքներից ազատ օրերին: Ճամփորդության պատճառով բաց թողնված շաբաթօրյա ուսումնական պարապմունքները լրացվում են հեռավար և առցանց ուսուցման միջոցով:

Ճամփորդության մասին հայտը ներկայացվում է երկու օր առաջ՝ նշելով հիմքը (դասընթացի ծրագիր, նախագիծ, կրթական փոխանակումների ծրագիր, հրավեր), մեկնելու վայրը, օրը, ժամը, մասնակիցների ցուցակը (նշելով՝ ով է նախկինում եղել այդ վարում), ճամփորդության ղեկավարին (սովորողների թիվը 10-ից ավելի լինելու դեպքում` անպայման նաև ղեկավարի տեղակալին կամ տեղակալներին), ճամփորդության կազմակերպման ֆինանսական աղբյուրները, փոխադրամիջոցը, այդ վայրից նախագծին միացողներին: Ճամփորդության տևողությունը որոշվում է ըստ ճամփորդության նպատակի, խնդիրների, մասնակիցների տարիքի և ֆիզիկական պատրաստվածության։ Մեկօրյա ճամփորդության դեպքում հեռավորությունը Երևանից չպետք է գերազանցի 100կմ-ը։

Սովորողի մասնակցությունը ճամփորդությանը ուսումնական պարապմունքի գրանցման համար սահմանված կարգով գրանցվում է էլեկտրոնային մատյանում։ Ճամփորդության ընթացքում և հետո մասնակիցները հրապարակում են տպավորությունները՝ պատում, նկարաշար, ֆիլմ, և ուսումնական նյութերը, յուրաքանչյուրը իր բլոգում հրապարակում է իր հաշվետվությունը։ Ճամփորդության ղեկավարի հաշվետվությունը հրապարակվում է նաև mskh.am-ում։  Ղեկավարի հաշվետվությունն ընդգրկում է ամփոփ տեղեկություններ ճամփորդության արդյունքների մասին` գործընկերության (նոր գործընկերներ կամ հին կապերի հաստատում, էլեկտրոնային հասցեներ, պայմանավորվածություններ), ստեղծագործական-հետազոտական աշխատանքի (նոր ուսումնական նյութերի), ճամփորդության մասին հրապարակված նյութերի հղումները, ղեկավարի դիտարկումները։ Առանձին դեպքերում ճամփորդության ժամանակ առաջացած խնդիրների մասին ղեկավարը կարող է գրել դպրոցի ղեկավարին, կրթահամալիրի տնօրենին։ Հաշվետվության արդյունքում դպրոցի ղեկավարը ճամփորդության ղեկավարին և օգնականին լրավճար տրամադրելու առաջարկ է անում կրթահամալիրի տնօրենին ըստ կրթահամալիրում աշխատողի աշխատավարձի ձևավորման միասնական ցուցանիշների:

Ճամփորդության ժամանակ սովորողի անվտանգության համար պատասխանատու է ճամփորդության ղեկավարը: Ճամփորդություն գնացող խմբի մոտ պարտադիր է առաջին բուժօգնության արկղիկի առկայությունը, արկղիկում` յոդ, ջրածնի պերօքսիդ, վիրակապ, շինաներ, անոթալայնիչ, ցավազրկող դեղեր, յուրաքանչյուր մասնակցի մոտ՝ անհրաժեշտ ճամփորդական անհատական պարագաներ, մարզակոշիկ, մարզահագուստ։ Դաշտային-արշավախմբային նախագծերի իրականացման ժամանակ խումբն օգտվոմ է կրթահամալիրի հայրենագիտական-արշավախմբային բազայից, մասնակիցն ունենում է անհատական քնապարկ, ուսապարկ, լապտեր, գլխարկ, մարզագույք։ 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.