• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վիկտոր Համազասպի Համբարձումյան, կենսագրություն, գիտական գործունեություն

 

Վիկտոր Համազասպի Համբարձումյան – ականավոր հայ խորհրդային գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը: Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի եւ միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի եւ գալակտիկաների տիեզերածնության եւ մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին: Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի: Վ. Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի Ազգային Հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգեւների: Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:

Կենսագրական ակնարկ

Վ. Համբարձումյանը ծնվել է հայկական ընտանիքում Թիֆլիզում 1908 թ. սեպտեմբերի 5(18)-ին: Հայրը` Համազասպ Ասատուրի Համբարձումյանը եղել է բանասեր, բանաստեղծ, Հոմերոսի Իլիականի եւ Ոդիսականի թարգմանիչ դասական հունարենից արեւելահայ աշխարհաբարի: 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը եւ մեկ տարի անց տեղափոխվել Լենինգրադի Պետական համալսարան: 1926 թ., տակավին ուսանող, նա հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը` նվիրված արեգակնային ջահերին: Համալսարանն ավարտելուց հետո 1928 – 1931-ը Վ. Համբարձույանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ:

1930 թ. ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Համբարձումյանի հետ (ծնյալ` Կլոչիխինա, ծնունդով` Պերմի նահանգի Սոլիկամսկի գավառի Լիսվա գյուղից):

1934 թ., Լենինգրադի Համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Վ. Համբարձումյանը հիմնադրում եւ ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը:

1934 – 1941 թթ. Վ. Համբարձումյանը եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրենը:

1939թ. Վ. Համբարձումյանը ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, իսկ 1953 թ.` իսկական անդամ:

Կարդալ ԱՎԵԼԻՆ