• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների կազմում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի նախապատրաստական դասարանի գործունեության կարգ

2013-2014 ուսումնական տարի

 
1. Իրավական հիմքը, նպատակը
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի նախապատրաստական դասարանի գործունեության կարգը (այսուհետ` կարգ) որոշված է հեղինակային կրթական ծրագրով, կոչված է ապահովելու Հանրակրթության մասին ՀՀ օրենքով սահմանված պետական քաղաքականության սկզբունքները (հոդված 5, կետ 2-2, 2-8):
 
Նախապատրաստական դասարանի սովորողները
Նախապատրաստական դասարաններ գործում են կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում (Նոր դպրոց-պարտեզ, Բ-4թ. դպրոց-պարտեզ, Գեղարվեստի դպրոց-պարտեզ) և Հիմնական դպրոցում (այսուհետ` դպրոց):
Դասարանում ուսումնառության պայմանագրով որոշված կարգով ընդունվում են 2009թ. ծնված երեխաները (սովորող): Ուսումնառության պայմանագրի (հավելված) ձևը և բովանդակությունը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
Սովորողների թիվը դասարանում` 20-22 է, ոչ ավելի քան 25:
Դպրոցի և նախապատրաստական դասարանի ղեկավարները սովորողի ծնողին ուսումնառության պայմանագիր կնքելուց առաջ ծանոթացնում են դասարանի գործունեությանը, նյութական և ուսումնական պայմաններին:
Ընդունելության համար ներկայացվում են 2008թ. 1-ին դասարան ընդունվողի համար սահմանված փաստաթղթեր: 1-ին դասարանցու բժշկական տեղեկանքը ներկայացվում է 2016թ. փետրվարին:
Դասարանի կազմավորումն ավարտվում է 2015թ. սեպտեմբերի 5-ին: Դասարանը դպրոցի կառուցվածքային միավոր է:
Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր պահի ծնողի պահանջով սովորողը սահմանված կարգով տեղափոխվում է դպրոցի 5 տարեկանների ընդհանուր զարգացման խումբ:
Սովորողը 1-ին դասարանցի է դառնում դասարանի ղեկավարի ներկայացմամբ, 2015թ. փետրվարի 3-ից: Սովորողի ծնողը դպրոցի հետ կնքում է 1-ին դասարանցու ուսումնառության պայմանագիր: 1-ին դասարանցի դարձած սովորողներից ձևավորված դասարանը գործում է 2014-2015ուստարվա ուսումնական պլանով:
Գործունեության ողջ ընթացքում հարգվում են սովորողի անհատականությունն ու ինքնուրույնությունը, երեխայի իրավունքները: 
Ծրագիրը 4 տարի է, այս ընթացքում եթե սովորողը տարբեր պատճառներով տեղափոխվում է այլ դպրոց, տրվում են սովորողի տարիքային խմբին համապատասխան դասարանի փաստաթղթեր:
 
Դասարանի ղեկավարը
Դասարանի ղեկավարը դասվար է (դասավանդող), ով ընտրվել է սահմանված կարգով: 
Նախապատրաստական դասարանի ղեկավարի գործունեությունը համակարգում, համապատասխան կարգով մեթոդական աջակցություն է ցուցաբերում նախադպրոցականի և կրտսեր դպրոցականի զարգացման ամբիոնի ղեկավարը:
Դասարանի ղեկավարը ամբիոնի ղեկավարի և մասնագետների աջակցությամբ որոշում է ուսումնական պարապմունքների  բովանդակությունը, կազմում աշխատանքային նախագիծ (ամսական, օրական կամ շաբաթական), ստեղծում ուսումնական նյութեր, ապահովում նախապատրաստական ուսուցման համար համապատասխան միջավայր:
Դասարանի ղեկավարը պատասխանատու է դպրոցում գտնվելու ընթացքում սովորողի անվատանգության, միջավայրը մշտապես հիգիենիկ վիճակում պահելու, սովորողի ինքնուրույն գործունեության, ինքնասպասարկման, տեխնոլոգիական հմտությունների և ստեղծականության զարգացման, սովորելու ցանկությունը շարունակ զորացնելու համար:
Դասարանի ղեկավարը սովորողի ծնողի հետ մշտապես պահպանում է գործընկերային հարաբերություններ, նպաստում նրա մանկավարժական կրթությանը, սովորողի գործունեության մասին տրամադրում ամբողջական տեղեկություններ, ծնողին մասնակից դարձնում դասարանի գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը, նյութական միջավայրի բարելավմանը:
Դասարանի ղեկավարը ունի ինտերնետին միացած անհատական համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ, անարգել օգտվում է կրթահամալիրի գրադարանի, մեդիատպարանի հնարավորություններից:
 
Դասարանի ուսումնական գործունեությունը
Դասարանն ապահովված է 54-72 քառ. մետր բարեկարգ տարածքով` իր սանհանգույցով, և համապատասխան գույքով, ուսուցման միջոցներով: Սովորողների ծնողների որոշմամբ (համապատասխան պայմանագրով) դասարանը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրատախտակ, ուսուցման թվային այլ միջոցներ:
Սովորողների ամենօրյա հաճախման հաշվառումը և ուսումնական պարապմունքների գրանցումը կատարվում է հիմնական դպրոցի համար սահմանված կարգով:
Ուսումնական պարապմունքները կազմակերպվում են ուսումնական պլանով:
Պարապմունքները անվտանգ են, համապատասխանում են երեխայի կենսաբանական, անհատական առանձնահատկություններին, չեն կարող գերազանցել 20 րոպեն, կազմակերպվում են տվյալ գործունեության համար պատշաճ տեխնիկական-լաբորատոր պայմաններում:
Նախատեսվում են ամենօրյա մարզական, երաժշտական, լեզվական (մայրենի և օտար լեզուներ), բնագիտական-թվաբանական, համակարգչային, կերպարվեստի պարապմունքներ, զարգացնող, կառուցողական խաղեր: Դասարանի սովորողները մասնակցում են դպրոց-պարտեզի առավոտյան ընդհանուր պարապմունքներին, ընդհանուր ուսումնական նախագծերին, ծեսերին, տոներին, սահմանված կարգով իրականացվող ճամփորդություններին:
Դասարանի ուսումնական գործունեության պլանում ներառվում են պարտադիր լողուսուցում, մարմնամարզություն, լրացուցիչ կրթություն:
Ծնողի ցանկությամբ սահմանված կարգով սովորողն ընգրկվում է երկարօրյա ուսուցման ծրագրում, որտեղ նրա համար ստեղծված է սնվելու և քնելու հնարավորություն:
Երեխայի զարգացման կենտրոնի մասնագետները (հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, ֆիզիոթերապևտ) ուսումնառության ընթացքում անվճար անհրաժեշտ ծառայություններ են մատուցում սովորողին:
Սովորողի գործունեության գնահատումը բացառապես խրախուսանք է, որն ապահովում է նրա ուսումնական հաջողությունը և սովորելու, ընկերների հետ լինելու, դպրոց գալու ցանկությունը:
Դասարանը` որպես նախապատրաստական ուսուցման ծրագիր, կրթահամալիրի կայքի ենթակայքում ունի իրեն հատկացված տարածք:
 
Ուսումնական պարապմունքների տեղին և ուսուցման միջոցներին ներկայացվող պահանջներ

Դպրոցական շենքն  ապահովված է
•  տեխնոլոգիական, տեխնիկական լաբորատորիաներով
• համացանցով, WiFi-ով
• կենդանիներ պահելու և խնամելու պայմաններով,
• բուժկետ-լաբորատորիա
• Ֆիզիկական ակտիվությունն ապահովող պայմաններով և միջոցներով՝ մարզասրահ, փակ լողավազան, գնդակներ, վազքարգելքներ, օղակներ
• գործում է ընթերցասրահ
• խոհանոց-լաբորատորիա:

Պարտեզ-լաբորատորիա
Դպրոցական շենքը գտնվում է ընդարձակ, կանաչ պարտեզում է, որը մշակում են դպրոցի սովորողները, դասվանդողները, ծնողները, որտեղ իրականացվում են ուսումնական-հասարակական նախագծեր:
Պարտեզն ունի
• ոռոգման ջրի համակարգ
• սովորողների տարիքին  ֆիզիկական տվյալների համապատասխան այգեգործական և այլ գործիքներ
• սովորողների ֆիզիկական զարգացման իրագործման պայմաններ, ամառային-ձմեռային պարտեզ, հեծանիվներ,  սահարաններ
• ամառային լողափի կազմակերպմանն անհրաժեշտ պայմաններ
• ջերմոցային տարածք:

Դասասենյակ
Դասասենյակը   բարեկարգ, լուսավոր, հեշտ օդափոխվող ջերմային համապատասխան ռեժիմով  54-72 ք.մ. տարածք է, որտեղ ապահովված է սովորողների ազատ տեղաշարժը: 
Դասարանում կան.
• հասանելի սանհանգույց՝ հիգիենիկ միջոցներով, սաների ֆիզիկական առանձնահատկություններին հարմար գույքով
• էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, ուսուցման թվային այլ միջոցներ` ֆոտոխցիկ, ձայնագրիչ
• տեխնոլոգիական գործունեությամբ զբաղվելու միջոցներ և հարմարություն՝ ներկեր, վրձիններ, կավով , պլաստիլինով աշխատելու  միջոցներ, մոլբերտներ, խոհանոցային պարագաներ՝ ջեռոց, խոհանոցային տեխնիկա, սպասք
• դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, նկարների հավաքածուներ), տարբեր սյուժետային խաղային հավաքածուներ, լեգոներ և խաղալիքներ` տարաբնույթ գործունեության ժամանակ երեխաների զարգացման համար։
• խաղեր երեխաների ինտելեկտուալ զարգացման համար (շախմատ, շաշկի և այլն, այդ թվում` էլեկտրոնային)
• նկարազարդ գրքեր. ընթերցարան
• տիկնիկային թատրոն
• երաժշտական գործիքներ (շրխկաններ, մետալաֆոն, շվիներ...)
• կառուցողական խաղեր ու միջոցներ
• խճանկարներ, կտրվածքներով նկարներ
• սենյակային բույսեր
• սեղանի տպագիր և դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, որոնք ծանոթացնում են երթևեկության կանոններին
• նյութեր և սարքավորումներ՝   կշեռքներ, չափման գործիքներ, օրացույց, ժամացույց. ավազի, արևային ժամացույց , քանոններ, խոշորացույցներ, մանրադիտակ, մագնիսներ, փորձանոթներ, հասակաչափ
• առաջին բուժօգնության պարագաներ
• ընթերցասրահ:

Կրթահամալիրում
• Թատերական մեդիադահլիճ
• Մարզահրապարակներ, մարզասրահներ
• Խեցեգործական արհեստանոց
• Տեխնոլոգիական արհեստանոց
• Աստղացուցարան
• Աստղադիտարան