• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայրենի լեզուն հիմնական դպրոցում

4-9-րդ դասարան

Ծրագիր

Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է։ Նա ներառում է ոչ միայն ժողովրդին շրջապատող բնությունը, նրա պատմությունը, կենցաղը, բարքերը, հավատալիքները, նրա հոգեբանությունը, հոգևոր, մշակութային արժեքները, այլ նաև նրա ձգտումները, ապագան։ Լեզուն ժողովրդի լավագույն բնութագիրն է և ժողովրդի բնավորության մեջ ներթափանցելու լավագույն, գուցե և միակ միջոցը, ինչքան խորանում ենք լեզվի մեջ, այնքան լավ ենք հասկանում այն կրող ժողովրդի բնավորությունը: Մայրենի լեզվի միջոցով երեխան հոգևոր ուժ և մտավոր կարողություն է ստանում, ճանաչում է ինքն իրեն։
Մայրենի լեզվի ուսուցման համար հիմնավոր ու ելակետային է համարվում, որ.

  • լեզուն մարդկային հաղորդակցման, իրականության ճանաչման միջոց է, ժողովրդի ոգու, նրա աշխարհընկալման արտահայտություն.
  • լեզվի միջոցով երեխան յուրացնում է սերունդների փորձը, մարդկային մշակույթը, հաղորդակցվում սեփական ժողովրդի ազգային մշակույթին.
  • լեզուն` որպես հաղորդակցման միջոց, ձևավորում է մարդու հասկացությունների-կատեգորիաների ապարատը, զարգացնում է հիշողությունն ու մտածողությունը, այսինքն՝ լեզուն ապահովում է մարդու մտավոր զարգացումը.
  • լեզվի զարգացման մակարդակը շատ բանով կախված է հասարակության՝ այդ լեզուն կրողների զարգացման մակարդակից, հասարակությունը պատասխանատու է մայրենի լեզվի վիճակի համար, պարտավոր է մտածել լեզվի մաքրության մասին.
  • լեզուն կենդանի, զարգացող համակարգ է և անընդհատ փնտրում է մտքի, զգացմունքի, ապրումի արտահայտության համարժեք ձևեր։

Դպրոցը մայրենիի յուրացման ընթացքն ապահովող կարևոր օղակներից է, որտեղ լեզվի ուսուցումը նպատակաուղղված է`
մայրենի լեզվի անաղարտության և առաջնայնության պահպանմանը.

  • սովորողի կողմից մայրենի լեզվով`  բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու,  շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության,  հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը,  այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը.
  • սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու, ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելուն:

Ուսուցման խնդիրները
Հանրակրթական դպրոցում մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են`

  • սովորողի գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.
  • սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զորացում.
  • սովորողի տրամաբանական կարողության հղկում, վերլուծական ու նկարագրական հմտությունների զարգացում.
  • կրթական ընդհանուր կարողությունների և հմտությունների զարգացում.
  • բառարաններից և տեղեկատու գրականությունից օգտվելու հմտության զարգացում.
  • լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների րնդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում։

Ուսուցման կազմակերպումը

Ուսումնական պարապմունքի ծրագիրը ուսուցչի օրագրում տեղադրվում է մինչև պարապմունքը սկսելը: Ծրագրում նշվում են պարապմունքի ուսումնական նյութերը, դասարանում և տանը կատարվող ընդհանուր առաջադրանքները, առանձին սովորողների ուղղված առաջադրանքները:

  • Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի։ mskh.am սոցիալական ցանցը` կայքը իր TV-ով, ենթակայքերով ու էլեկտրոնային ամսագրերով, դասարանական և անհատական բլոգները, այլ սոցիալական ցանցերում սովորողների անհատական էջերը ստեղծում են սովորողների խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի խթանման և բավարարման իրական միջավայր, շփման-հաղորդակցման ազատ և բնական պայմաններ: Խոսքի յուրացման աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, որը կապվում է սովորողի առօրյայի, գործունեության և միջավայրի (ընտանիք, բակ, թաղ, դպրոց), կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների-փառատոների, տոների-ծեսերի հետ: Այսպիսի միջավայրում, ուր ամեն պահի իր խոսքին հետևում են ընկերները, ուսուցիչներն ու ծնողները, ծանոթ ու անծանոթ մարդիկ, սովորողը գործնականում յուրացնում է անձնական կենսափորձի հետ կապված շարադրություն, տպավորություն, նկարագրություն, լուր, հարցազրույց, ռեպորտաժ, հաշվետվություն ստեղծելու հմտություններ, սովորում է նաև իրեն հետաքրքրող թեմաներով լրաքաղ անելով ու փոխադրելով, թարգմանություններ անելով, արձագանքելով այլոց խոսքին, մասնակցելով առցանց քննարկումների:
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական թվային միջոցների լիարժեք և ամբողջական կիրառմամբ: Ուսումնական պարապմունքը կազմակերպվում է պրոյեկտորի, էլեկտրոնային գրատախտակի, համացանցի, անհատական համակարգիչների, ձայնագրիչի կիրառմամբ: Ուսումնական նյութերն ստեղծվում են` օգտագործելով համակարգչային նոր ծրագրեր: Թվային ձայնագրիչը, ֆոտոխցիկը, բջջային հեռախոսը և այլ թվային միջոցներ օգնում են ասելիքը ներկայացնել նաև լուսանկարներով, աուդիո- և տեսանյութով` ամբողջացնելով ինքնարտահայտման հնարավորությունը:
  • Խոսքի ուսուցումը-յուրացումը անընդհատ աշխատանք է, չի սահմանափակվում մայրենի լեզվի ուսումնական պարապմունքով և դրա լրացում տնային աշխատանքով: Սովորողի խոսքային աշխատանքը համացանցում (նրա հրապարակած նյութերը, կարծիքները) ուսումնական աշխատանք է: Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցի միջոցով` սովորողի-ուսուցչի էլեկտրոնային հասցե, օրացույց-օրագիր, շտեմարան (Skydrive), էլեկտրոնային նամակ, ուսուցչի-սովորողի-դասարանի բլոգ, մեդիագրադարան, կայք, սոցիալական ցանց:
  • Լեզվական գիտելիքների յուրացման աշխատանքը նաև հետազոտական աշխատանք է, որի ժամանակ սովորողը ինքնուրույն վերլուծում և համադրում է, օրինաչափություն գտնում, սահմանում: Որպեսզի սովորողը հանգիստ, հաստատուն և ինքնավստահ անցնի որոշակի ճանապարհ և ամեն հաջորդ քայլին ավելի ընդունակ դառնա ինքնուրույն առաջ շարժվելու, նրան առաջարկվող աշխատանքը  բավարարում է հետևյալ պայմաններին.
    - մատչելի է այնքան, որ սովորողը ցանկանա և կարողանա հնարավորին չափ ինքնուրույն կատարել,
    - համապատասխանում է սովորողի մտավոր, հոգեկան և բարոյական մակարդակին,
    - նպաստում է սովորողի հոգևոր աշխարհի, արժեքային կողմնորոշման, աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը։
  • Որևէ դասագիրք չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:
  • Մայրենի լեզվի պահպանության խնդիրը մայրենիի ուսուցչի մենաշնորհը չէ: Խնդիրների մի մասը ընդհանուր է հանրակրթական ծրագրում ընդգծրկված բոլոր բնագավառների դասընթացների համար: Հանրակրթական որևէ դասընթացի ծրագիրը, ուսումնական տվյալ բնագավառի հանրակրթական նպատակներից  բխող խնդիրներից բացի, ներառում է նաև լեզվական խնդիրներ.
    - կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
    - լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
    - որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.
    - մայրենի լեզվի անաղարտության և զարգացման համար պատասխանատվության զգացման զարգացում:
    Այլ առարկայի դասընթաց վարողը ոչ միայն ինքն է գրական մաքուր հայերեն խոսում, այլև հետևում է սովորողի խոսքին, խոսքային աշխատանք կազմակերպելիս համագործակցում է մայրենի լեզվի ուսուցչի հետ, տեքստեր առաջարկում մայրենի լեզվի ուսումնական պարապմունքներին` որպես վարժության նյութ: 

Սովորողի ուսումնական աշխատանքը: Սովորողը գրագետ է դառնում խորասուզված մտավոր աշխատանք կատարելու ընթացքում։ Լեզվական-խոսքային կարողությունների զարգացմանն են ուղղված.

ա) ուսումնական նյութը` որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք.

  • անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն,
  • նախադասությունների վերաշարադրելուն և հոմանիշ կառույցներով փոխարինելուն ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն,
  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության գործածում և այլն.

բ) բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում.

գ ) խոսքային-արտադրական (ստեղծագործական) աշխատանք.

  • Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների (քերականական, բնագիտական, մաթեմատիկական, հասարակագիտական, տեխնոլոգիական,  մարզական, արվեստի) առցանց խմբագրում-սրբագրում,
  • Վիքիդարանում և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների ներմուծումը,
  • Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում օտարալեզու (ռուսերեն, անգլերեն) հոդվածների թարգմանությունը,
  • հետաքրիր, ուսումնական այլ նյութերի թարգմանություն բլոգի, կայքի, ամսագրի, որևէ ուսումնական պարապմունքի համար,
  • ուսումնական պարապմունքների ժամանակ` բանավոր և ուսուցչի բլոգում,  mskh.am սոցիալական ցանցում` առցանց քննարկումների կազմակերպումը,
  • ուսումնական այլ նյութերի ստեղծումը.

դ) բանավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը գտնում է խոսքի քերականական-ոճական, հնչերանգային թերությունները, հիմնավորում փոփոխությունը (ուսանելի է  այդ նպատակով օգտագործել նաև այլ առարկաների դասերին սովորողի կազմած բանավոր խոսքի՝ բանավոր փոխադրության, խնդրի քննարկման, թեորեմի ապացուցման և այլ խոսքի ձայնագրությունները), հետևում է իր բանավոր խոսքին, այն հասկանալի դարձնելու և ճշգրտելու համար մի քանի անգամ (ինչքան անհրաժեշտ է) վերաշարադրում միտքը.
ե) գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում.  սովորողը գտնում է քերականական-ոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավորում փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում, մի քանի անգամ վերաշարադրում ու խմբագրում (նաև այլ առարկաների դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը).
զ) ներկայացում (խնդիր, առաջարկ, տնային, ուսումնական-հետազոտական աշխատանքի ընթացքը, արդյունքը և այլն).
է) հետազոտական-ստեղծագործական աշխատանք. մեդիաօլիմպիադայի առաջադրանքի կատարում, հետազոտական նախագծի մշակում և իրականացում։ Նախագիծը կարող է առնչվել ուսուցվող լեզվաբանական թեմային, կարող է լինել կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսի, ստեղծագործական հավաքի ծրագրով որոշված աշխատանք, լրագրողական հետաքննություն և այլն.
ը) ստուգողական աշխատանք (ինքնաստուգում, ստուգում): 

Ուսուցիչը կարևորում Է  կազմակերպված ու ճիշտ խոսքը, սովորեցնում իր խոսքը դիմացինի նկատմամբ վերաբերմունքի չափանիշ համարել։ Սովորողը սկսում է տեսնել իր խոսքի մի (մանավանդ՝ վերջնական) տարբերակի առավելությունը մյուսներից։ Նա այսպես նախ մշակում Է սեփական ոճի տարրերը, հետո՝ գրավոր և բանավոր արտահայտվելու իր ոճը, յուրացնում խոսքային վարքի կուլտուրան՝ սովորում Է ըստ անհրաժեշտության խոսել, լսել, արձագանքել, մասնակցել քննարկումների, բանավիճել։
Լեզվական նյութը (տարբեր ոճի, ժանրի, տիպի տեքստերը, որ գործածվում են ուսուցման ընթացքում) անմիջականորեն ուղղված Է  լեզվի յուրացմանը՝ և´ գիտակցված, և՛ ոչ գիտակցված մակարդակով։ Բացի կոնկրետ առաջադրանքը կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում Է լեզվական կառույցներ ու կաղապարներ, սեփականում բառեր ու արտահայտություններ։
Լեզվական նյութի, կատարված լեզվական աշխատանքի ու զանազան շարադրությունների քննարկումները, զրույցներն ու բանավեճերն օգնում են, որ սովորողը մտքերը զրուցակցի համար հասկանալի ու փաստարկված շարադրել, լսել, տրամաբանված խոսել սովորի, մտածել՝ լսելու ընթացքում, իր և ընկերների խոսքում գտնել հակասություններն ու անճշտությունները, համոզել, ապացուցել, համաձայնել, հանդուրժել տարակարծությունը։
Լեզվաբանական գիտելիքների յուրացումը երկակի Է  նպաստում սովորողի խոսքի մշակմանը։ Դա միաժամանակ և´ միջոց Է դառնում, որ նա մտածի և խոսի, և´ հիմք՝ լեզվագործունեության հետագա զարգացման համար։ Մի կողմից՝ նա դատողություններ Է անում և ձևակերպում՝ յուրացնելով խոսքի որոշակի ոճ ու կաղապարներ, մյուս կողմից սովորում Է օրինաչափություններ ու դրանք գործածում խոսքում։ Լեզվական համակարգն ուսուցանող առաջադրանքների մեծ մասը (մանավանդ՝ թեմաներն ամփոփող) ուղղված Է խոսքին։ Ուսուցիչն անընդհատ հետևում Է, որ սովորողի խոսքը կաղապարված ու միօրինակ չլինի, բայց և ենթարկվի ուսուցանված լեզվական օրենքներին և օրինաչափություններին։
Ուղիղ գրելու (ուղղագրությունը յուրացնելու) համար սովորողն աշխատում է ուսումնառության ամբողջ ընթացքում արտասանությամբ և գրությամբ տարբեր բառեր գործածելու, ուղղագրական օրենքներ ու կանոններ յուրացնելու, նաև՝ գրածը ճշտելու, կոնկրետ բառի ուղղագրության վրա ուշադրություն դարձնելու միջոցով։ Ուսուցչի խնդիրը նաև ուղղագրական բառարաններից օգտվել սովորեցնելը և այդ աշխատանքին վարժեցնելն է։
Ուսումնական պարապմունքը ծրագրելիս ուսուցիչը որոշում է դրա բովանդակությունը` նկատի ունենալով, որ ուսումնական տարվա համար հատկացված ուսումնական ծրանբեռնվածությունը ծրագրում բաշխվում է հետևյալ ձևով.

5-6-րդ դասարան

  • ընթերցանություն – 0.4
  • խոսքի մշակում – 0.4
  • հնչյունաբանության (ուղղագրության-ուղղախոսության), բառագիտության, քերականության գործնական յուրացում - 0.2

7-9-րդ դասարան

  • խոսքի մշակում – 0.4
  • քերականության գործնական յուրացում – 0.4
  • գրաբար ընթերցանություն – 0.2

Տեքստային աշխատանքի թեման որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին:
Դասավանդողը ուսուցման կազմակերպումը, այդ թվում`  ուսումնական պարապմունքի ծրագիրը և դրա վերլուծությունը, ներկայացնում է իր ուսումնական բլոգի, օրացույց-օրագրի, mskh.am-ի (ենթակայքի) միջոցով: Ուսումնական նյութերը վերցվում են տպագիր և էլեկտրոնային դասագրքերից և այլ ուսումնական գրականությունից, ԶԼՄ-ներից, այդ թվում` առցանց:

Ուսուցման նյութը

5-6-րդ դասարան
Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է 5-6-րդ դասարանների էլեկտրոնային և տպագիր ընթերցարաններից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից:
Լեզվական նյութը: Հայերեն այբուբենը։ Հնչյուն և տառ։ Բառերի դասավորությունն այբբենական կարգով։ Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ։ Վանկ։ Գաղտնավանկ։ Էվ (յէվ) հնչյունակապակցության վանկատումը։ Սկ, սպ. ստ. զգ. զբ, շտ հնչյունակապակցություններով սկսվող բառերի վանկատումը։ է, о ձայնավորների. ուղղագրությունը և ուղղախոսությունը։ Յէ երկհնչյունի և վօ հնչյունակապակցության ուղղագրությունը և ուղղախոսությունը։ Կրկնակ բաղաձայններ։ Ր, ռ հնչյունների գրությունը՝ արմատի կրկնությամբ կազմված բառերում։ Յէվ (էվ) հնչյունակապակցության գրությունը հատուկ անուններում, նրանցից կազմված բառերում և վ–ով սկսվող ոչ առաջին արմատ ունեցող բաղադրյալ բառերում։ Մ, ն հնչյունների գրությունը բ-ից, պ-ից, փ-ից առաջ: Բառի ձևը և իմաստը։ Բազմիմաստ բառեր։ Ուղղակի և փոխաբերական իմաստներ: Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի՝ հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ։ Բառակազմություն. արմատ, ածանց, հոդակապ։ Պարզ և բաղադրյալ բառեր։ Հարադրություններ։ Դարձվածքներ։ Նախադասություն։ Նախադասության կազմությունը։ Նախադասության ձևը և բովանդակությունը։ Բարդ նախադասություն։ Ուղղակի և անուղղակի խոսք։ Ուղղակի խոսքի կետադրությունը։ Ուղղակի խոսքի փոխակերպումն անուղղակիի և հակառակը։ Կոչական:
Տեքստի կազմությունը։ Շարադրություն: Տպավորություն: Նկարագրություն և բնութագրում: Լուր: Փոխադրում: Տեքստի ընդարձակում։ Տեքստի համառոտում։ Տեքստ և հետևություն (տեքստի ասելիք): Թարգմանություն:

7-9-րդ  դասարաններ
Ձևաբանություն։ Թեքվող և չթեքվող խոսքի մասեր: Հիմք և վերջավորություն: Գոյական անուն։ Գոյականի թիվ. հոգնակիի կազմությունը: Հավաքական գոյականներ։ Գոյականի հոլովումը, հոլովական ձևեր։ Որոշյալ և անորոշ առում, անձի և իրի առումներ։ Որոշյալ հոդերի կիրառությունը: Ածական անուն։ Ածականի կազմությունը, տեսակները, համեմատության աստիճաններ։ Թվական անուն։ Թվականի տեսակները, դրանց գոյականների, բայերի, դերանունների գործածությունը։ Տարարմատ թվականներ։ Թվականի գրության ձևերը: Դերանուններ: Դերանունների տեսակները և գործածությունը: Դերանունների հոլովումը: Երրորդ դեմքի նա և ինքը (նրանք, իրենք) դերանունների գործածությունը: Հարցական դերանունների գործածությունը երկրորդական նախադասություններում։ Հոդեր։ Բայ: Բայական վերջավորությունները։ Պարզ և ածանցավոր բայեր: Բայահիմքեր։ Դիմավոր բայեր և դերբայներ։ Ինքնուրույն գործածություն ունեցող դերբայների վերածումը դիմավոր բայերի և հակառակը։ Եղանակային և ժամանակային ձևերի իմաստները, գործածությունը։ Բայի սեռը։ Ներգործական նախադասության փոխակերպումը կրավորականի և հակառակր։ Ժխտական խոնարհում։ Մակբայ։ Տեղի, ժամանակի, ձևի, չափ ու քանակի մակբայների կազմությունը և գործածությունը։ Կապ: Տեսակները, կիրառությունը: Շաղկապ: Կիրառությունը: Շաղկապներ և հարաբերական դերանուններ: Ձայնարկություններ: Վերաբերական բառեր:
Շարահյուսություն։ Շարադասություն։ Տրամաբանական շեշտ։ Նախադասության անդամներ։ Ենթակա։ Ընդհանուր և տարբեր ենթականերով, և, ու, կամ շաղկապներով կապակցված բարդ համադասական նախադասություններ։ Բառով, բառակապակցությամբ կամ երկրորդական նախադասությամբ արտահայտված ենթականեր։ Ստորոգյալ։ Պարզ և բաղադրյալ ստորոգյալներ։ Բառով, բառակապակցությամբ կամ երկրորդական նախադասությամբ արտահայտված ստորոգելիներ։ Պարզ և բարդ նախադասություններ։ Համադասություն և ստորադասություն։ Լրացումներ և լրացյալներ, համազոր անդամներ, գլխավոր և երկրորդական նախադասություններ, համադաս նախադասություններ։ Նախադասության անդամների արտահայտումը բառով, բառակապակցությամբ և երկրորդական նախադասությամբ։ Միջանկյալ բառեր և արտահայտություններ։ Կոչական: Նախադասության տեսակներն ըստ հնչերանգի: Պարզ նախադասությունների միավորումը բարդ նախադասության մեջ։ Բարդ նախադասության վերածումը պարզի՝ երկրորդական նախադասությունը հանելով: Դերբայական դարձված։ Երկրորդական նախադասության փոխակերպումը դերբայական դարձվածի և հակառակը։ Դերբայական դարձվածի տրոհումը։ Միջանկյալ նախադասություններ։
Ուղղակի և անուղղակի խոսք։ Ուղղակի խոսքի տեսակները։ Ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակիի և հակառակը։

Կետադրություն: Տրոհության նշանների գործածությունը: Բացահայտության նշանների գործածությունը: Առոգանության նշանների գործածությունը:
Տեքստ։ Տեքստի կազմությունը։ Նախադասությունների շարադասություն։ Պարբերություն։ Համառոտ և ընդարձակ տեքստեր։ Շարադրություն: Տպավորություն: Նկարագրություն և բնութագրում: Լուր: Ռեպորտաժ: Ակնարկ: Հարցազրույց:  Փոխադրում: Տեքստի ընդարձակում։ Տեքստի համառոտում։ Տեքստ և հետևություն (տեքստի ասելիք): Թարգմանություն:

Գրաբար:  Գրականության ծրագրով նախատեսված հատվածներ հայ հին գրականությունից (հայ հին վիպերգության հատվածներ, Նարեկացու տաղեր և այլն): Առակներ (խրատներ) Հին Կտակարանից:  Առակներ Նոր Կտակարանից: Երաժշտության, ծեսի ծրագրով նախատեսված շարականներ:

Մեդիա հմտություններ (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք): Լեզվական երևույթներն ուսումնասիրելիս սովորողները, կիրառելով դրանք, ստեղծում են նյութեր (տեքստեր, աուդիո և տեսանյութեր)՝ օգտագործելով ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս, որոնք համակարգչային համապատասխան ծրագրերով մշակվում են, բերվում վերջնական տեսքի: Հաջողված նյութերը թողարկվում են կայքում և ենթակայքերում:

Սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ինքնակրթություն)
5-6-րդ դասարանում` ընթերցանության ծավալուն նյութ (վիպակ, վեպ, ժողովածու): Մեդիաօլիմպիադայի առաջադրանքի կատարման համար լեզվաբանական նյութ: Թարգմանության և խոսքի մշակման մասին նյութեր:

Գնահատումը
Սովորողի ուսումնական աշխատանքի կիսամյակային, տարեկան գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով:  Ստուգումը և գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխա-տանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար, ուստի սովորողի լեզվական ցանկացած աշխատանքը պիտի գնահատվի, և գնահատականը (խոսքով, թե թվանշանով) պիտի փաստարկված և սովորողին հասկանալի լինի։ Դա պետք է նաև նրա համար, որ սովորողը հետո, ցանկության և հնարավորության դեպքում, կարողանա փոխել գնահատականը։
Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛ գրավոր խոսքը, և´ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները։
Սովորողի աշխատանքը գնահատելու համար ուսուցիչն օգտվում է գնահատման տարբեր ձևերից։
Հրապարակված շարադրությունները (փոխադրությունները, թարգմանությունները, կարծիքները), տեսա-, աուդիոնյութերը  գնահատվում են խոսքով` արձագանքով, ընդ որում արձագանքում են ընկերները, մայրենիի և այլ ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ, էլեկտրոնային էջի այցելուներ։
Հետազոտական-ստեղծագործական առաջադրանքների կատարումը գնահատվում է ըստ առաջադրանքի գնահատման կարգի: Այդ աշխատանքի արդյունքները կարող են հրապարակվել նաև «Լուսաստղ», «Դպիր» էլեկտրոնային ամսագրերում:
Առանձին թեմաներն ամփոփվում են ինքնաստուգումներով, կիսամյակային և տարեվերջյան ստուգումներով, որոնք անցկացվում են էլեկտրոնային հարցարաններով։ Սովորողների աշխատանքները տեղադրվում են նրա էլփոստի շտեմարանում` ուսումնական թղթապանակում, որտեղ նա իր ուսումնական աշխատանքի արդյունքները հավաքում է` առանձնացնելով դրանք ըստ տեսակի: Աշխատանքը գնահատելիս չեն հաշվվում այն սխալները, որոնք վերաբերում են չուսումնասիրված թեմայի կամ չյուրացված նյութի։ Անբավարար արդյունքով աշխատանքը ենթակա է լրացման:
Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը դասարանում և տանը` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով: Բացակայած սովորողը դասարանական առաջադրանքը կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին: Տնային հանձնարարությունները կարող են լինել նաև էլեկտրոնային տարբերակով: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ աշխատանքի արդյունքը:
Առաջարկվում է կիսամյակային, տարեկան գնահատման 2 տարբերակ:

1. 

Առաջադրանքի տեսակը

Միավորներ

5-6-րդ դասարան

7-9-րդ դասարան

դասարանական աշխատանք

2

2

տնային աշխատանք (ընթերցանություն)

2

 

տնային աշխատանք (գործնական քերականություն)

1

2

ինքնաստուգում, ընթացիկ ստուգում

2

2

բլոգի վարում

1

2

կայքի լրատվություն

1

1

ստեղծագործական-հետազոտական, օլիմպիադայի աշխատանք

1

1

 

2. 

4-5 միավոր

  • դասարանում և տանը աշխատանք
  • 5-6-րդ դասարանում` շաբաթական 10 տպագիր կամ էլեկտրոնային էջի 1 գրքի ընթերցում
  • գործնական քերականության վարժությունների նվազագույն պարտադիր քանակի կատարում` 5-6-րդ դասարանում` շաբաթական 6, 7-9-րդ դասարանում` 10
  • խոսքի մշակման նվազագույն աշխատանք՝ 5-6-րդ դասարանում` կիսամյակում 1-2, 7-9-րդ դասարանում` կիսամյակում 3-4, 10-11-րդ դասարանում կիսամյակում 5-6 նյութ ենթակայքում
  • ամսական, կիսամյակային հաշվետվություններ` 5
  • ինքնաստուգման, ստուգման առաջադրանքների բավարար կատարում

6-7 միավոր

  • դասարանում և տանը աշխատանք
  • 5-6-րդ դասարանում` շաբաթական 10 և ավելի տպագիր կամ էլեկտրոնային էջի, կիսամյակի ընթացքում 1 գրքի ընթերցում, գործուն մասնակցություն քննարկմանը, կարդացած գրքի ներկայացում բլոգում, կայքում
  • գործնական քերականության վարժությունների և ինքնուրույն սահմանման պահանջով առաջադրանքների կատարում, քերականական վերլուծության աշխատանք
  • խոսքի մշակման աշխատանք՝ 5-6-րդ դասարանում` կիսամյակում 4-5, 7-9-րդ դասարանում` կիսամյակում 10-15, 10-11-րդ դասարանում` կիսամյակում 10-15 նյութ ենթակայքում
  • ամսական, կիսամյակային հաշվետվություններ` 5
  • ինքնաստուգման, ստուգման առաջադրանքների բավարար կատարում
  • mskh.am-ի  քննարկումներին մասնակցություն, կայքի, ենթակայքի, բլոգների հրապարակումներին ամբողջական արձագանք. շաբաթը մեկ անգամ (կիսամյակում` 5)
  • կայքի համար ստեղծված այլ նյութ` այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, ռադիոնյութ, տեսանյութ. շաբաթը մեկ անգամ (կիսամյակում`5)
  • ամսական և կիսամյակային հաշվետվությունների սահմանված կագով հրապարակում։

8-9 միավոր

  • դասարանում և տանը աշխատանք
  • 5-6-րդ դասարանում` ընթերցում նաև սեփական ընտրությամբ գրքերի և դրանց ներկայացում-վերլուծություն բլոգում, կայքում
  • քերականական ինքնակամ, արդյունավետ, ստեղծագործական աշխատանք
  • արդյունավետ աշխատանք mskh-ում և անձնական բլոգում.  կիսամյակում 4-5, 7-9-րդ դասարանում` կիսամյակում 10-15 , 10-11-րդ դասարանում` կիսամյակում 10-15 նյութ ենթակայքում
  • ուսումնական հետազոտական-ստեղծագործական աշխատանք (ուսումնական նյութերի, ուսումնական տեսանյութերի ստեղծում, խմբային աշխատանքին ակտիվ մասնակցություն
  • mskh.am-ի  քննարկումներին մասնակցություն, կայքի, ենթակայքի, բլոգների հրապարակումներին ամբողջական արձագանք. շաբաթը երկու անգամ (կիսամյակում` 10)
  • սահմանված կարգով ներկայացվող ամսական և կիսամյակային հաշվետվություններում հարցի բարձրացում, ուսումնական գործունեության կազմակերպման և արդյունքների վերլուծություն
  • ինքնաստուգման, ստուգման առաջադրանքների կատարում 80-100% արդյունքով

10 միավոր

  • Մեդիաօլիմպիադայի, թարգմանական ստուգատեսի, Հանրակրթական Դիջիտեքի, այլընտրանքային մեդիափառատոնի մրցանակ, mskh.am-ի մրցանակ թարգմանության կամ հոդվածի համար

Սովորողների գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջներ
5-6-րդ դասարան

  • կարդալ իր համար ընտրված` հայ և արտասահմանյան ճանաչված գրողների և նրանց ստեղծագործությունների, ժողովրդական բանահյուսության նմուշներ, գիտահանրամատչելի, տեղեկատվական տեքստեր` միանվագ 2-3 տպագրական էջի սահմանում, ուսուցչի կամ իր ընտրությամբ` տարեկան 2-3 գիրք
  • տպագիր ռեսուրսներում և համացանցում փնտրել, ընտրել ներկայացված պահանջներին բավարարող տեքստեր, տեղեկություններ
  • տեքստում գտնել անծանոթ բառերը, բառարանում` դրանց բացատրությունը
  • բառակազմական ծանոթ բաղադրիչներով բառերը փորձել բացատրել ինքնուրույն
  • ընկալել ուսուցվող տեքստի բովանդակությունը, վերապատմել, տարբերել արձակ տեքստերը` հեքիաթ, առակ, պատմվածք, տեղեկություն, գիտա-հանրամատչելի տեքստ
  • բնութագրել հերոսներին, հասկանալ ուսուցվող տեքստի ասելիքը և գնահատել (համաձայն է, համաձայն չէ)
  • 4-5 նախադասությամբ կազմել տեղեկատվական տեքստ
  • 4-5 նախադասությամբ գրավոր պատմել պահանջվող թեմայով
  • օգտվել ուղղագրական-ուղղախոսական, բացատրական փոքրածավալ բառարաններից
  • տիրապետել տեքստային մուտքագրման-խմբագրման հիմնական հմտություններին Microsoft Office Word-ում, PowerPoint-ում, Movie Maker-ում, Smart Notebook-ում.
  • անհրաժեշտ նյութը ներբեռնել համացանցից
  • նյութ հրապարակել ենթակայքում, էլփոստի շտեմարանում
  • կարծիք հրապարակել
  • էլեկտրոնային փաստաթղթերը կցել և ուղարկել պահանջված էլեկտրոնային հասցեով
  • ձայնագրել և ձայնագրությունը լսել
  • ձայնագրությունը բեռնել համակարգչում, հրապարակել

7-9-րդ դասարան

  • տպագիր և էլեկտրոնային ռեսուրսներից ընտրելով պահանջվող տեղեկությունները (այդ թվում` օտար լեզուներով)` դրանք ներկայացնել ըստ առաջադրված պահանջների
  • աշխատել բացատրական, դարձվածաբանական, հոմանիշների,  ուղղագրական-ուղղախոսական բառարաններով
  • բառերը ինքնուրույն  բացատրել` օգտվելով բառակազմական գիտելիքներից
  • կազմել գրավոր և բանավոր տեղեկատվական տեքստ, հարցազրույց
  • պահանջվող թեմայով ստեղծել ամբողջական (ավարտուն) գրավոր և բանավոր տեքստ
  • ուղղել խոսքի սխալները` հիմնվելով ուսուցվող լեզվական նյութի վրա
  • տիրապետել տեքստային մուտքագրման-խմբագրման հիմնական հմտություններին Microsoft Office Word-ում, PowerPoint-ում, Movie Maker-ում, Premier Pro-ում, Smart Notebook-ում
  • մասնակցել առցանց քննարկումների` ձևակերպել քննարկման թեմայով հարցեր, առաջարկություններ, հիմնավորել առարկությունը կամ համաձայնությունը
  • անհրաժեշտ նյութը, այդ թվում` աուդիո կամ տեսանյութ, ներբեռնել համացանցից և դա օգտագործել սեփական նյութում` նշելով աղբյուրը (հղումը)
  • նյութ հրապարակել ենթակայքում, էլփոստի շտեմարանում
  • վարել էլեկտրոնային օրացույցը, բլոգը
  • ենթակայքում վարել իր նյութի քննարկումը
  • ձայնագրել և բանավոր խոսքը խմբագրել, մոնտաժել, աուդիո և տեսանյութ պատրաստել, հրապարակել