• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեղարվեստի կրտսեր դպրոց

  

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցի կանոնադրություն

Նախագիծ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (այսուհետ` կրթահամալիր) Գեղարվեստի կրտսեր դպրոցը    (այսուհետ` Դպրոց ) կրթահամալիրի մասնաճյուղ է:
2. Դպրոցի կանոնադրությունը (այսուհետ` Կանոնադրություն) Կրթահամալիրի տնօրենի (այսուհետ` Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ):
3. Դպրոցն իրավաբանական անձ չէ:
4. Դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն), կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ` Կանոններ), կրթահամալիրի զարգացման ծրագրով  (այսուհետ` Զարգացման ծրագիր), դպրոցի զարգացման ծրագրով և կանոնադրությամբ:
5. Դպրոցի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան Րաֆֆի 69/1:
6. Դպրոցը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցներ ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ:
7. Դպրոցը չունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
8. Դպրոցը կրթահամալիրի էլեկտրոնային mskh.am կայքում ունի ենթակայք:

II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ  ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
9. Դպրոցի գործունեության առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական,  հիմնական,, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) հեղինակային կրթական ծրագրերի իրականացումն է:
10. Դպրոցի նպատակը բխում է Կրթահամալիրի նպատակներից, այն է` ապահովել.
• կրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը  և համապատասխանությունը նախակրթարանի սանի, աշակերտի (այսուհետ` Սովորող) զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին.
• կրթություն բոլորի համար - ներառական ուսուցում.
• ստեղծականության, ինքնակրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.
• կրթության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառումը.
• կրթական բաց համայնքի ձևավորումը և զարգացումը.
• դպրոցի ինքնավարության, Սովորողի և աշխատողի ինքնուրույնության, նախաձեռնողականության ու անհատական պատասխանատվության առավելագույն մակարդակի ապահովումը.
• հանրակրթական և այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը:
11. Դպրոցի խնդիրներ են`
• հետազոտող ուսուցիչների հեղինակած Կրթական և այլ ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների կիրառում, փորձարկում.
• ուսուցողական   միջավայրի ստեղծում. 
• մանկավարժական գիտափորձերի իրականացում.
• հետազոտող, անընդհատ վերապատրաստող և վերապատրաստվող, կրթական նորարարությունը տարածող մանկավարժական աշխատողի համար աշխատանքային պայմանների ապահովում.
• Սովորողի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական, ֆիզիկական  անհրաժեշտ պայմանների ապահովում.
• անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության կազմակերպում, կրթություն բոլորի համար - ներառական ուսուցում ապահովելու նպատակով նախադպրոցական, հիմնական հանրակրթական և լրացուցիչ կրթության ծրագրերի հնարավորությունների համախմբում.
• անհատի ընդունակությունների առավելագույն դրսևորում և զարգացում.
• կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ.
• ֆիզիկական և վիրտուալ միջավայրում ուսուցման հավասարակշռում.
• կրթության որակի և արդյունավետության բարձրացում` թվային տեխնիկական միջոցների և մեդիատեխնոլոգիաների կիրառմամբ:

III. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

12. Դպրոցում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը (այսուհետ` Կրթական ծրագիր) Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ենթածրագրերն են:
13. Դպրոցն ընդգրկում է 2-5 տարեկանների մանկապարտեզային խմբեր, կրտսեր դպրոցի նախապատրաստական ուսուցման դասարաններ, տարրական դպրոցի 1-4-րդ դասարաններ, միջին դպրոցի 5-6-րդ դասարաններ:
Տնօրենի հաստատած կարգով գործում են երկարօրյա ուսուցման խմբեր (դասարաններ): 6-րդ դասարանն ավարտածները ուսումը շարունակում են Միջին դպրոցում:
14. Սովորողի  օրինական ներկայացուցիչը Դպրոցի ղեկավարի հետ կնքում է պայմանագիր ուսումնառության մասին (այսուհետ՝ Պայմանագիր):
15. Ուսումնական տարվա սկիզբը, տարվա ընթացքում արձակուրդների ժամանակը, ուսումնական տարվա ավարտը սահմանվում են կրթական ծրագրի ուսումնական պլանով:
16.  Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, Կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի և դասացուցակների հիման վրա:
17.  Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, սովորողների ընտրությամբ գործունեության խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելուների խումբ և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է Կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
18. Խմբային ուսուցումը կազմակերպվում է  դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով: 
19. Դպրոցում կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր:
20. Նախադպրոցական կրթության Կրթական ծրագրով կազմակերպվում են 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր, 5 տարեկանների` դպրոցին նախապատրաստական ուսուցման դասարաններ: Ծրագրի բովանդակությունը և կազմակերպման միջավայրին ներկայացվող պահանջները որոշվում են Խորհրդի հաստատած Կրթական ծրագրի չափորոշիչներով: Կրթական ծրագիրն ուղղված է սովորողի ինքնուրույնության, ինքաբուխ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացմանը անվտանգ ու ազատ միջավայրում: Նախապատրաստական ուսուցում ստացած վեց տարեկանները կրթությունը շարունակում են կրթահամալիրի կրտսեր դպրոցների առաջին դասարաններում: Կրթահամալիրի կրտսեր դպրոցի նախապատրաստական ուսուցման դասարանում չընդգրկված երեխաներին տրվում է Կրթական ծրագիրը ընտանեկան կրթությամբ ստանալու հնարավորություն` համադրելով ուսուցման առկա, հեռավար, առցանց ձևերը:
21. Տարրական կրթության Կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացները կազմում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որի ղեկավար մանկավարժական աշխատողը մասնակցում է Սովորողի գործունեության բոլոր ձևերին, որոնց միջև խտրություն չի դրվում: Կրթական ծրագիրն ուղղված է Սովորողի ստեղծական ներուժի լիարժեք ու ամբողջական բացահայտմանը, ինքնավստահության հաստատմանը, տանը և դպրոցում ուսումնական աշխատանքով ինքնուրույն զբաղվելու սովորության ձևավորմանը, Կրթական ծրագրով առաջադիմելու համար նախնական ուսումնական հմտությունների ձևավորմանը և զարգացմանը: Սովորողի ուսումնական աշխատանքը նիշով չի գնահատվում: Կիսամյակի վերջում Սովորողի համար լրացվում է զարգացման բնութագիր: Չորրորդ դասարանի վերջում անցկացվում է ուսումնական աշխատանքի արդյունքների ամբողջական ուսումնասիրություն:
22. Հիմնական կրթության 5-6-րդ դասարանների ծրագիրն իրականացվում է կրտսեր դպրոց-պարտեզում, ուղղված է Սովորողի ստեղծականության, բազային ուսումնական կարողությունների, նախասիրությունների զարգացմանը և անհատական կրթական պատվերի իրացմանը կրթահամալիրի մասնաճյուղերում, ակումբներում, լաբորատորիաներում, ճամբարներում, լրացուցիչ կրթության դասընթացներում: 6-րդ դասարանի վերջում անցկացվում է ուսումնական աշխատանքի արդյունքների ամբողջական ուսումնասիրություն:
23.  Լրացուցիչ կրթական ծրագիրն ուղղված է սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացներից, որոնք, որպես ծառայություններ` իրականացվում են դպրոցում:

IV. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
24. Դպրոցի ղեկավարին Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
25.  Դպրոցի ղեկավարը՝ 
• կազմակերպում և ղեկավարում է Դպրոցի ընթացիկ գործունեությունը.
• ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը
• ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը.
• Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Դպրոցի զարգացման ծրագիրը.
• մասնակցում է Խորհրդի, կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի նիստերին.
• ապահովում է Դպրոցի ենթակայքի աշխատանքը.
• մասնակցում է Դպրոցում աշխատողի անհատական աշխատաժամանակի կազմման աշխատանքին և այն ներկայացնում Տնօրենի հաստատմանը.
• ապահովում է Դպրոցում Կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
• նշանակում է Դպրոցի կաբինետների ղեկավարներին.
• կազմակերպում  է սովորողների ընդունելությունը  Դպրոց.
• կազմավորում է Դպրոցի ուսումնական խմբերը.
• հաստատում է դպրոցի դասացուցակը.
• Սովորողի առողջության պահպանման, վերականգնման, ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխելու նպատակով տարին առնվազն մեկ անգամ սահմանված կարգով կամակերպում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն.
• առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողացող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Սովորողի համար սահմանված կարգով կազմակերպում է հեռավար, առցանց կամ տնային ուսուցում.
• անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հեռավար ուսուցում.
• վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, Սովորողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
• ապահովում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի  վարումը և պահպանումը.
• ապահովում է Կրթական ծրագրով որոշված էլեկտրոնային փաստաթղթերի վարումը և պահպանումը.
• ապահովում է պայմաններ սովորողների նախասիրության զարգացման ակումբների գործունեության համար.
• ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
• ներկայացնում է դպրոցի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
• օրենքով սահմանված կարգով կրում է  պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.  
• Դպրոցի ղեկավարը պարտավոր չէ կատարել կառավարման մյուս մարմինների Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Կանոնադրությանը և սույն կանոնադրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել  պատասխանատվության:
26. Դպրոցի ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի  որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
27. Դպրոցի ղեկավարի ներկայացմամբ Տնօրենը տվյալ ուսումնական տարվա համար նշանակում է Դպրոցի կազմակերպիչներ:
28. Կազմակերպիչը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է, ով.
• պատասխանատու է դպրոցի` իրեն ամրակցված սովորողների  ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար.
• հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.
• Դպրոցի ղեկավարի հետ համատեղ իրականացնում է Տնօրենի՝ օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
• կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների  վիճակի մասին հաշվետվություններ.
• կազմակերպում է սովորողների ուսումնական պարապմունքների հսկողություն.
• ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաստիարակչական գործընթացի  կատարելագործման ուղղությամբ.
• հսկում է Կանոնադրությամբ, Կանոններով, սույն կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով սահմանված  պահանջների կատարումը:
• ապահովում է Դպրոցի և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.
• կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ է ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին oգնություն ցույց տալու համար.
• աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը:
29. Դպրոցում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ: Դպրոցում  կարող են ձևավորվել խորհրդակցական կամ խորհրդատվական այլ մարմիններ:
30. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է Դպրոցում դասավանդող բոլոր մանկավարժական աշխատողներից: Մանկավարժական խորհրդի աշխատանքները ղեկավարում է Դպրոցի ղեկավարը:
31. Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝
• հանրակրթական դպրոցի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն խորհրդի հաստատմանը.
• ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.
• ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:
32. Մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգը նիստից երեք օր առաջ տեղադրվում է mskh.am կայքում: Նիստի արձանագրությունը տեղադրվում է Դպրոցի ենթակայքում:
33. Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր`
• Դպրոցի ղեկավարի նախաձեռնությամբ.
• մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ.
• Տնօրենի նախաձեռնությամբ:
34. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են:
35. Անհրաժեշտության դեպքում մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդակցական ձայնի իրավունքով, հրավիրվում են` ծնողներ, աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ և այլ անձինք:
36. Դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է սովորողների ծնողներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է:
37. Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ mskh.am կայքով տեղեկացնում է նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:
38. Դպրոցի ծնողական խորհուրդը՝
• Դպրոցի ղեկավարի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտականությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.
• Դպրոցին դժվար դաստիարակվող սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցություն է կազմակերպում.
• լսում է Դպրոցի ղեկավարի հաղորդումը Դպրոցի վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումներ.
• Դպրոցի և ծնողների միջև ամրապնդում է կապերը, մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հարցերում ձևավորում է միասնական պահանջներ.
• ծնողներին ներգրավում է սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.
• մասնակցում է սովորղների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է հանրակրթական դպրոցի ուսումնանյութական բազայի հարստացմանը` այդ  գործում  ներգրավելով հովանավորների.
• աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.
• ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը Դպրոցում.
• ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ:
39. Դպրոցի ծնողական խորհուրդը Դպրոցի ղեկավարի նկատմամբ անվստահություն կարող է ներկայացնել Տնօրենին, Խրհուրդին:
40. Ծնողական խորհուրդը իր աշխատանքների մասին պարբերաբար  հաշվետվություն է ներկայացնում Դպրոցի ենթակայքում:
41. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:
42. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար Դպրոցի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:
43. Դպրոցում գործում է խորհրդակցական մարմին` աշակերտական խորհուրդ:
44. Աշակերտական խորհուրդը` ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան, անմիջականորեն աշակերտներին վերաբերող հարցերի մասին ազատորեն կարծիք է ներկայացնում հանրակրթական դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններին:
45. Աշակերտական խորհրդի ներկայացուցիչը, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցում է  մանկավարժական խորհրդի այն նիստերին (կամ հարցերի քննարկմանը), որտեղ քննարկվում են աշակերտներին անմիջականորեն վերաբերող հարցեր:

V. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
46. Դպրոցում  կրթական գործընթացի մասնակիցներն են`
• սովորողը.
• սովորողի ծնողը.
• ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ:
47. Դպրոցի աշխատողները կրթահամալիրի աշխատողներն են:
48. Սովորողի և ծնողի իրավունքները  և պարտականությունները  սահմանվում են օրենքով, Կանոնադրությամբ, Կանոններով, Պայմանագրով:
49. Կանոնները  չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում օրենքով և Կանոնադրությամբ սահմանված ձևով Դպրոցի սովորողի նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժերը:
50. Մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոնադրությամբ, Կանոններով, Պայմանագրով, աշխատողի պաշտոնական հրահանգով, Տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրով:

VI. ԴՊՐՈՑԻ ԳՈՒՅՔԸ

51. Դպրոցը սեփականության իրավունքով գույք չունի: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար Տնօրենը տրամադրում է անհրաժեշտ տարածք, գույք, սարքեր և սարքավորումներ:
52. Դպրոցն իր անունից չի կարող ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, դատարանում չի կարող հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
53. Դպրոցն իրավունք չունի իրեն տրամադրված գույքը հանձնելու վարձակալության:

VII. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
54. Դպրոցը վերակազմակերպվում կամ լուծարվում է Տնօրենի հիմնավորված առաջարկով` Խորհրդի որոշմամբ: