• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախանձ ու հիացմունք բոլորի աչքերում

Երեկ  Իզմիրի տիեզերական ճամբարում մշակութային երեկո էր: Բոլոր երկրների ներկայացուցիչները պատրաստել էին կարճատև ֆիլմեր՝ իրենց երկրների մասին: Առիթ ունեցանք ևս մեկ անգամ տեսնելու եվրոպական շքեղ պալատներն ու պատմական ամրոցները, ծովափնյա հանգստավայրերը, լսելու նրանց լեգենդներն ու առասպելները ազգային հերոսների ու թագավորների մասին:

Հերթը հասավ մեզ: Կհամաձայնեք, որ ի համեմատություն եվրոպական երկրների, մեզ մոտ բացակայում են շքեղ պալատներն ու ամրոցները, ծովափնյա քաղաքներն ու հանգստավայրերը:  Անշուշտ, փորձել էինք անել առավելագույնը՝ մեր երկիրն ու կրթահամալիրը պատշաճ ներկայացնելու համար: Բայց ինչ-որ մի բան պակասում էր:

Այնուհետև, սովորողները ներկայացրին իրենց անհատական կատարումները՝ զանազան երաժշտական գործիքներով: Ամենից շատ կատարումները դաշնամուրային էին: Ամենավերջում ելույթ ունեցավ մեր Վաղիկնակը: Բոլորը դժգոհեցին՝ իմանալով, որ կրկին դաշնամուրային կատարում պետք է ունկնդրեն: Վաղինակը բարձրացավ բեմ: Նա հուզված էր ու շփոթված: Բայց երբ նրա մատները հպվեցին դաշնամուրի ստեղներին, ամեն ինչ վերափոխվեց: 

Դահլիճում ներկա գտնվողներից քչերն էին առիթ ունեցել լսելու Արամ Խաչատրյանի “Toccata” ստեղծագործությունը: Վաղինակը բոլորիս ապշեցրեց ու շշմեցրեց իր կատարմամբ: Դահլիճը պայթեց ծափերից:

Հաջորդ օրն առավոտյան ինձ մոտեցավ Տիեզերական ճամբարի պետ Տոլգա Յըդրըմը և խնդրեց, որպեսզի Վաղինակը ևս մեկ անգամ նվագի այդ ստեղծագործությունը, բայց այս անգամ Իզմիրի ազատ տնտեսական գոտում տեղակայված միջազգային կազմակերպությունների տնօրենների ու ներկայացուցիչների համար: Մենք, իհարկե, համաձայնեցինք: Վաղինակն, ինչպես միշտ, փայլեց իր տաղանդով:

Այն պահին, երբ բոլորը կլանված լսում էին Վաղինակի կատարումը, ես նայեցի նրանց աչքերին  ու հասկացա, թե ինչ են զգում: Իր ստեղծագործությամբ Արամ Խաչատրյանը կարողացել է փոխանցել հայ մարդու հոգու խորությունը, մի բան, որ հնարավոր չէ գնել կամ նվաճել, մի բան, որ տրվում է ի վերուստ: Բոլորի հայացքում մի տեսակ նախանձ կար ու հիացմունք: Հոգու խորքում նրանք բոլորն էլ հասկացան, որ այն, ինչ լսում ու տեսնում են, բնորոշ է միայն հային՝ իր հոգու վեհությամբ ու խորությամբ:

Կեցցե՛ս, Վաղինակ ջան, մեր ազգի անունը բարձրացրիր բոլորի աչքերում:

Հ.Գ. Կյանքումս երբեք, այն էլ Թուրքիայում, այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ: