• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խոսքի մշակույթ, 10-11-րդ դասարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ավագ դպրոց

«Խոսքի մշակույթ» առարկայի ծրագիր

Նախագիծ

Բացատրագիր և հայեցակարգ

Հիմնական կրթությունը, որ ավարտվում է 9-րդ դասարանով և ուսումնասիրած թեմաներից քննությամբ, ըստ էության որոշակի մակարդակի հասցրած պիտի լինի տեսական իմացությունը, հմտություններն ու կարողությունները, որոնք դպրոցի խնդիր են, պիտի հիմք դրած լինի արժեքների որոշակի համակարգի։

Ավագ դպրոցում սրանք դառնում են գործիքներ՝ կրթությանն ուղղվածություն տալու, ինքնադրսևորման և կենսակերպը կազմակերպելու համար։ Ավագ դպրոցն այսօր իր առաջ խնդիր պիտի դնի որակական (նախամասնագիտական) կրթության։ Այդ պատճառով մեր ծրագիրը ավագ դպրոցը համարում է երկհատված, որի առաջին երկու տարին ուղղվում են սովորողի հետաքրքրությունների զարգացմանն ու նախամասնագիտական կողմնորոշմանը, երրորդ տարին՝ քննություններին նախապատրաստվելուն։

Անհրաժեշտություն է առաջանում մայրենի լեզվի  ուսուցումն այս պարագայում կազմակերպելու ըստ առաջացած նոր խնդիրների։ Դրանցից ամենակարևորներն են՝

  • չծանրաբեռնելը սովորողին իրեն ոչ անհրաժեշտ զուտ մասնագիտական տեղեկություններով ու տերմիններով
  • սովորողի մտահորիզոնի ընդարձակում
  • հասարակության մեջ անհատի դրսևորման խոսքային հնարավորությունների ընդլայնում
  • խոսքի նպատակահարմարության ընտրության հմտության զարգացում
  • կանոնակարգված ու նպատակային խոսք կառուցելու (գրավոր և բանավոր) հմտության զարգացում և այլն։

Այս խնդիրները լուծելու համար 10-11-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն առարկաների ընդհանուր ժամաքանակից շաբաթական 2 դասաժամ (տարեկան 68, 2 տարում՝ 136 ժամ) տրամադրվում է խոսքի մշակույթ առարկային, որի նպատակն է սովորողին հակելու

  • իրեն հասած բանավոր և գրավոր տեքստն ըմբռնելու, վերլուծության, համապատասխան վերաբերմունքի մշակման
  • նպատակային և արդյունավետ գրավոր և բանավոր խոսք կառուցելու կարողության մշակման. Փաստարկված դատողություններ անելու հմտութան մշակման։
  • ցանկացած բան համակարգված, հասկանալի և կենդանի խոսքով ներկայացնելու կարողության մշակման։

Առարկան այս ծավալով ու նպատակներով ընդհանուր է բոլոր հոսքերի համար, ընդգրկված է պարտադիր (ոչ թե կամընտիր) ժամաքանակի մեջ։ Խոսքի մշակույթը ներառում է.

  • Հայոց լեզուն՝ խոսք, դրա միավորները, ոճերը՝ խոսք կառուցելիս
  • Գրականություն և արվեստ՝ գրական տեքստերի ժանրերը, ընդհանրապես արվեստի հին ու նոր ուղղությունները ուսումնասիրելիս, դրանց վերլուծությունը կատարելիս
  • Հասարակագիտական առարկաներ (իրավագիտություն, հասարակագիտություն, հոգեբանություն և այլն)՝ փաստարկներ, օրինակներ, համեմատություններ, վերլուծություններ անելիս
  • Բնագիտություն՝ գիտական ոճը ներկայացնելիս, դրա առանձնահատկություններին անդրադառնալիս
  • Կինո-Ֆոտո՝  ֆիլմեր, ձայնագրություններ, ֆոտոշարքեր անելիս
  • Հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառում՝ դրանք ներկայացնելիս
  • Խոսքի մշակույթը, հիմնվելով մեդիակրթության՝ աշխարհում կիրառվող սկզբունքների վրա,  զարգացնում է նաև քննադատական մտածողությունը։

Սովորողին ներկայացվող նվազագույն պահանջները

11-րդ դասարանն ավարտած սովորողը պետք է իմանա

  • Հայոց լեզվի գործնական քերականական կանոնները, լեզվի ոճական և բառապաշարային շերտերը, լեզվի զարգացման ուղղվածությունը
  • Խոսքի գործառնական ոճերը։ Գրավոր խոսքի տեսակները, կանոնները, բանավոր խոսքի առանձնահատկությունները
  • Խոսքի (թե՛ գրավոր, թե՛ բանավոր) հիմնական բաղկացուցիչները, կանոնավոր խոսք կառուցելու հիմնական սկզբունքները։
  • Խոսքի հնարավոր (ցանկալի) ազդեցությունը ունկնդրի կամ ընթերցողի վրա, դրան հասնելու միջոցներն ու եղանակները։

11-րդ դասարանն ավարտած սովորողը պետք է կարողանա

  • Հայերեն հարթ ու ճիշտ (լեզվի կանոններին համապատասխան) խոսք կառուցել
  • Խոսելիս ընտրել համապատասխան ոճ և բառապաշար, բանավոր խոսքի ժամանակ՝ նաև հնչերանգ։
  • Խոսքը կառուցել աշխույժ, պատկերավոր, տրամաբանված՝ ունկնդրի կամ ընթերցողի համար գրավիչ
  • Օգտագործել խոսքի ոչ բառային միջոցները (ժեստ, դիմախաղ, համապատասխան արտաքին տեսք, նաև  նկար, երաժշտություն և այլն)
  • Խոսքը կառուցել նպատակային նախատեսած արդյունքին հասնելու միջոցների կիրառմամբ։
  • Հասկանալ, գնահատել իրեն հասցեագրված խոսքը և վերաբերմունք արտահայտել դրա մասին։

11-րդ դասարանն ավարտած սովորողը նպատակահարմար է, որ լինի

  • հանդուրժող, հեշտ հաղորդակցվող, շրջակա միջավայրով հետաքրքրվող, այդ միջավայրը հեղինակող
  • լայն մտահորիզոնի տեր, արվեստի, մշակույթի նմուշները հասկացող, գնահատող, ըստ անհրաժեշտության պահպանող, նաև ներկայացնող
  • ինքնուրույն մտածողություն ունեցող և դա դրսևորող
  • քաղաքացիական դիրքորոշում ունեցող
  • անընդհատ ինքնակրթվելու սովորություն ունեցող
  • իր անհատականությունը գիտակցող։

Ուսումնական միջավայրը

  • Հարմարավետ կաբինետն է՝ կահավորված նաև ինտերակտիվ գրատախտակով կամ պրոյեկտորով, մշտական համացանցին միացված, համապատասխան ծրագրեր (նաև մոնտաժային) ներբեռնած համակարգչով՝ ձայնային ուժեղարարով, ֆոտոխցիկով, ձայնագրիչով։ Պահարաններում անհրաժեշտ գրականությամբ՝ բառարաններ (արմատական, բացատրական, թարգմանական, դարձվածաբանական, թևավոր խոսքերի, շրջասությունների և այլն) հայ և համաշխարհային գրականության նմուշներով, կերպարվեստի զանազան ոճերի ու հեղինակների ալբոմներով։
  • Երևանի, Հայաստանի, հնարավոր բոլոր թանգարանները, պատկերասրահները, համերգասրահները, թատրոններն ու կինոթատրոնները (ուր հղկվում է նաև հանրային միջոցառումներին մասնակցելու մշակույթ)
  • Մերձքաղաքային և հեռավոր շրջանների տեսարժան վայրերը, ճարտարապետական կոթողները
  • mskh.am կայքն իր հնարավորություններով, սովորողների անձնական բլոգները, համացանցը, սոցիալական ցանցերն ու պահոցները (facebook, skydrive, YouTube և այլն)
  • Դպրոցի սրահները, բակերը, քաղաքային այգիները, հնարավոր բեմերը՝ ելույթների (բանավոր խոսքի) համար։
  • Դպրոցի՝ համապատասխան կահավորում, համակարգիչ և այլ տեխնիկա ունեցող գրադարանն ու ընթերցասրահները։

Անհրաժեշտ ուսումնական գործիքները

Համացանցին միացված համակարգիչ, անհատական նոթբուք կամ նեթբուք, թվային ֆոտոխցիկ, թվային ձայնագրիչ, գեղարվեստական և տեսական գրականություն, դասագրքեր, համապատասխան կայքերի հղումներ։

Ուսումնական գործունեության տեսակները

Գրավոր

  • Վերլուծական շարադրանք
  • Ռեֆերատ
  • Ակնարկ
  • Դիմանկար
  • Հետազոտական աշխատանք
  • Մեկնաբանություն
  • Թարգմանություն
  • Խմբագրական-սրբագրական աշխատանք

Բանավոր

  • Աուդիոնյութեր
  • Տեսանյութեր
  • Ռադիոթատրոն
  • Բեմականացում
  • Հարցազրույց
  • Քննարկում (մասնակցություն)
  • Քննարկում (կազմակերպում և վարում)
  • Ցուցադրություն (presentation)
  • Բանավոր ելույթ (թեման՝ ըստ անհրաժեշտության)

Աշխատանքները կատարվում են դասարանաային ժամից դուրս, խորհրդատվությունը՝ նաև առցանց, նյութերի քննարկումը՝ դասարանում։ Դասարանային ժամի ընթացքում կատարվում են նաև խմբային աշխատանքներ, քննարկումներ, նյութերի նախագծում, մշակում, պատրաստում, հրապարակում և այլ աշխատանքներ։

Ստուգում և գնահատում

Ստուգումը կատարվում է երկու ուղղությամբ՝

1. ամեն թեմայի վերջում՝ հատուկ գրավոր հանձնարարությամբ։ Ստուգման առաջադրաքը սովորողն ստանում է իր հասցեին, սահմանված ժամանակամիջոցում կատարում և ուղարկում է ուսուցչին։ Եթե սահմանված ժամկետում չի կատարում, աշխատանքը գնահատվում է անբավարար (չհաշված արտակարգ դեպքերը)

2. ամեն ամիս՝ նախատեսված ամսական աշխատանքների փաթեթով

Սովորողի գնահատումը կատարվում է երկու ուղղությունների՝ սովորողի գործունեության գնահատման և սովորողի առաջադիմության գնահատման համատեղմամբ։

 Նախատեսվում է՝

  • Կայքում տեղեկատվություն՝                                                 ամսական     4 անգամ
  • Բանավեճի թեմայի առաջադրում՝                                          ամսական     2 անգամ
  • Վերլուծական աշխատանք՝                                                  ամսական     2 անգամ
  • Թարգմանություն՝                                                              ամսական     2 անգամ
  • Փոքրիկ հետազոտական աշխատանք՝                                     ամսական     1 անգամ
  • Նախագծային աշխատանք կամ մասնակցություն՝                      կիսամյակում 1 աշխատանք
  • Մասնակցություն դպրոցական օրացուցային տոներին,
    մրցույթներին, օլիմպիադային՝                                                 ըստ օրացույցի
  • Բանավոր ելույթ կամ դրան մասնակցություն (հավաքույթ,
    ընթեցում, առավոտյան ընդհանուր պարապմունքի
    կազմակերպում, ձայնագրություն                                            կիսամյակում  1 անգամ

Ծան.։Այս աշխատանքները կատարվում են արտադասային ժամանակում, դրա համար էլ համարվում են տնային աշխատանք։ Ավանդական իմաստով ամենօրյա տնային աշխատանք չի նախատեսվում։           

Սովորողի առաջադիմությունը գնահատվում է կատարած աշխատանքների, այդ թվում և գնահատվող գրավոր աշխատանքի որակի գնահատմամբ և օլիմպիադաներին ցուցաբերած արդյունքով։ Աշխատանքներին ներկայացվող պահանջները և գնահատման չափանիշները ամեն աշխատանքի հետ ներկայացվում են սովորողին, գնահատելիս բացատրվում են բացթողումները (խորհրդատվություն)։ Առաջադիմության վերջնական գնահատականը կատարված և գնահատված աշխատանքների միջին թվաբանականն է։ Չկատարված աշխատանքները համարվում են անբավարար գնահատված։ Կատարված, բայց անբավարար գնահատված աշխատանքները միավոր են հավաքում գործունեության գնահատումից։ Երկու գնահատականների միջին թվաբանականը կիսամյակային գնահատականն է։ Չառաջադիմող սովորողը ներկայացնում է կիսամյակի ընթացքում չկատարած աշխատանքները։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  1. Քերականությունից
  • Հայերենի հնչյունական համակարգի կիրառումը խոսքի բարեհնչունության համար։ Հնչունական պատկերավորման միջոցներ (բաղաձայնույթ, առձայնույթ)։
  • Հայերենի ձևաբանական գործնական խնդիրներ («Հայ լեզուն և մեր խոսքը»)
  • Շարահյուսական կառույցներ, դրանց հոմանիշությունը։ Խոսքի մեջ դրանց կիրառումը, դրա շնորհիվ խոսքի ոչ կաղապարայնության ապահովումը։

2. Ճարտասանությունից

  • Խոսք, խոսքային իրադրություն, խոսքային հանգամանքներ։
  • Խոսքային իրադրության կառուցվածքը. մասնակիցները, նրանց հարաբերությունները, խոսքի նպատակը, հանգամանքները։
  • Խոսքի ներդաշնակության սկզբունքները, խոսքի բաղադրիչները, դրանց դասավորությունը, ավանդական դասավորության խախտումը։
  • Խոսքը՝ տեղեկատվության միջոց։ Ուղղակի և կողմնակի տեղեկատվություն։
  • Կողմնակի տեղեկատվության հիմնական ձևերը (ակնարկ, իրոնիա, այլաբանություն, բառախաղ և այլն)։
  • Տեղեկատվության և կողմնակի տեղեկատվության տարբերումը։ Խոսքի ենթատեքստ։
  • Խոսքի հասցեատիրոջ նշանակությունը կողմնակի տեղեկատվության ժամանակ (ազգության, տարիքի, սեռի, կրթական ցենզի, խոսողի հետ հարաբերությունների նշանակությունը)։
  • Խոսողին ներկայացվող պահանջներ։ Խոսողի՝ նյութին տիրապետելը։ Խոսքի արդյունավետությունը. խոսողի բարեհամբուրությունը, արդարամտությունը, անկեղծությունը։ Տեղեկատվության ժամանակ անկեղծության դրսևորման դրական և բացասական կողմերը։
  • Խոսքի էթիկա։
  • Խոսքի հիմնական սկզբունքները.

1)      հավասարակշռող երկխոսության սկզբունքը. ուշադրության ցուցաբերում խոսքի հասցեատիրոջ նկատմամբ. մտերմիկություն ու աշխուժությունը

2)      ունկնդրին կողմնորոշելու սկզբունքը. խոսքի աշխուժությունը

3)      խոսքի հուզականությունը, դրան հասնելու միջոցներն ու սկզբունքները

4)      հաճելիության օրենքը. դրան հասնելու միջոցներն ու սկզբունքները

5)      չորս օրենքների փոխկապակցվածությունը։

3.      Հաղորդակցական հմտություններից

  • Հաղորդակցական համագործակցության սկզբունքը։ Խոսքային վարքի ստրատեգիան։
  • Խոսքը՝ որպես տեղեկատվության միավոր
  • Պարզ նախադասության նախընտրելիությունը տեղեկատվության ժամանակ
  • Բառապաշարի դերը, դրա ընտրությունը
  • Խոսքի ոճը. ոճի ընտրությունը խոսքում
  • Լեզվապրագմատիկայի նպատակը՝ արդյունք, որ ուզում ես ունենալ
  • Խոսքային արարք. բառ-գործողություններ
  • Խոսքի կոնկրետությունը (օրինակների առկայություն, կոնկրետ անվանողական բառի ընտրություն, խոսքի պատկերավորություն, խոսքի հստակ կառուցվածքով կոնկրետության ապահովում)

4.  Թարգմանությունից

  • Գեղարվեստական տեքստերի թարգմանություն և խմբագրում. դրանց առանձնահատկությունն ու համապատասխանությունը բնագրին
  • Գիտահանրամատչելի նյութերի  (այդ թվում՝ ֆիլմերի) թարգմանություն, խմբագրում, անհրաժեշտության դպքում՝ ձայնագրում.

Գրականության ցանկ

  1.   Պ.Բեդիրյան, «Հայ լեզուն և մեր խոսքը»
  2.   Հայոց լեզվի դասագրքեր 10,11-րդ դասարանների համար
  3.   Михальская, А. К.«Основы риторики»
  4.   Ա. Ֆյոդորովի «Ապագա ուսուցիչների մեդիակրթություն» գրքից «Մեդիակրթության առանցքային սկզբունքները) «Դպիր», հմ. 45-55
  5.    Բառարաններ (Բացատրական, թարգմանական, Դարձվածաբանական, Թևավոր խոսքերի, Շրջասությունների և այլն)
  6.    Ժամանակակից գեղարվեստական և հանրամատչելի գրականություն
  7.    Ժամանակակից ամսագրեր, լրագրեր, օրաթերթեր
  8.    Համացանց (ինչպես բառային, այնպես էլ պատկերային (այդթվում՝ ֆիլմերի), մեղեդու և այլ արտահայտամիջոցներով ստեղծված տեքստերի փնտրտուքի, դրանց քննարկման համար)։ 

Հասմիկ Ղազարյան