• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ ԿԳՆ «ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հաստատված է ՀՀ ԿԳ նախարարի 259-Ն հրամանով 25.04.2003թ. 
Փոփոխությունները կատարվել են ՀՀ ԿԳՆ 15․05․2017թ․ N 533-Ն հրամանով
Պետական գրանցման վկայական (N03Ա059272)
Վ
կայականի ներդիր 
 

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է: 
               (1-ին կետում փոփոխություն է կատարվել 2017թ.)  
2. Կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ձեռնարկության (պետական գրանցման վկայական` N003153, սերիա` 01 Ա, տրված` 19.10.1994թ., ծածկագիր` 01804186) իրավահաջորդն է: Կրթահամալիր պետական ձեռնարկության գույքը պատկանում է կրթահամալիրին սեփականության իրավունքով: Կրթահամալիրն իր պարտավորությունների համար պատասխանատու է իր գույքով: Կրթահամալիրն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հադես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
3. Կրթահամալիրի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` հիմնադիր): Լիազորված պետական մարմինը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է (այսուհետ` նախարարություն):
4. Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
5. Կրթահամալիրի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Րաֆֆի 57: 
           (5-րդ կետում փոփոխություն է կատարվել 2017թ.) 
6. Կրթահամալիրն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշմակնիք և անհատականացման այլ միջոցներ:
Կրթահամալիրի անվանումն է`
«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն», կրճատ անվանումը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հապավումը` ՄՍԿՀ:
            (6-րդ կետում լրացում է արվել 2017թ.)
6.1 Կրթահամալիրն ունի էլեկտրոնային կայք` www.mskh.am (այսուհետ` mskh.am), որը գործում է որպես կրթահամալիրի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է կրթական ծրագրերի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, կրթահամալիրի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։ 
           (6.1 կետը լրացվել է 2017թ.)
7. Կրթահամալիրն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվներ:
8. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար կրթահամալիրը կարող է ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից` օրենքով սահմանված կարգով:
9. Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
10. Կրթահամալիրում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:
 
II. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
11. Կրթահամալիրի գործունեության առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) կրթական ծրագրերի իրականացումն է: Կրթահամալիրի գործունեության նպատակներն են`
- ՀՀ կառավարության 10.05.1990թ. N216 որոշմամբ հաստատված` ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնունդը, առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների ներդրում.
- երեխաների (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում:
Կրթահամալիրի նպատակներից բխում են կրթահամալիրի` ՀՀ օրենսդրությանը չհակասող հետևյալ խնդիրները`
- անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության ստեղծում և կիրառում.
- նախադպրոցական, հանրակրթական, նախամասնագիտական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության հաստատությունների հնարավորությունների համախմբում` ընդհանուր, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) և լրացուցիչ կրթության ինտեգրացումը ապահովելու նպատակով.
- դպրոց-համալիրի պայմաններում անհատի ընդունակությունների առավելագույն դրսևորում և զարգացում` յուրաքանչյուր անձի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) ցանկալի գործունեության բավարարման ճանապարհով.
- մանկապարտեզի, դպրոց-մանկապարտեզի ու կրտսեր դպրոցի համար կրթահամալիրի մանկավարժությունը յուրացրած ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում.
- այլոց մանկավարժական առաջավոր փորձի, կրթական գործի կազմակերպման որակապես նոր ձևերի ու մեթոդների վերաիմաստավորում ու ներդրում.
- սահմանված կարգով կրթական, տրամաբանական խաղերի հավաքում, դասակարգում ու տարածում, կրթահամալիրի մանկավարժությանն անհրաժեշտ նոր խաղերի, խաղալիքների, ուսումնական գույքի և պիտույքների մշակում, հետազոտող ուսուցիչների հեղինակած կրթական այլընտրանքային ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների, ուսուցման նոր մեթոդների փորձարկում.
- հաղորդակցության մանկավարժության մշակում, կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ:
              (11-րդ կետում փոփոխություն է կատարվել 2017թ.)
12. Կրթահամալիրը կրթական գործունեությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում է աշակերտների կողմից հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, պայմաններ ստեղծում ինքնակրթության և լրացուցիչ (նախասիրական, նախամասնագիտական) կրթության պահանջմունքների բավարարման համար:
13. Կրթահամալիրի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:
14. Կրթահամալիրը պատասխանատու է պետական կրթական չափորոշիչներին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին, նրանց կյանքի անվտանգության, առողջության պահպանման և մանկավարժական պահանջներին համապատասխան հեղինակային (պետական այլընտրանքային) ծրագրերի իրագործման, ուսուցման մեթոդների և ձևերի մշակման ու ընտրության համար:
Կրթահամալիրն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
- նախադպրոցական դաստիարակություն, միջին մասնագիտական և նախամասնագիտական, ընդհանուր միջնակարգ, ընդհանուր հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) կրթություն.
- նախապատրաստական դասընթացների կազմակերպում.
- մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում.
- կադրերի վերապատրաստում , վերաորակավորում և որակավորման բարձրացում.
- ուսումնաարտադրական գործունեության և սպասարկման ծառայությունների իրականացում.
- գրահրատարակչական գործունեության իրականացում.
- կրթական տեղեկատվական, մշակութային, մարզական գործունեություն և ծառայություններ.
- կիրառական արվեստի և արհեստների ուսուցում.
- ուսուցման միջոցների ու պիտույքների, մանկական խաղերի ու խաղալիքների, դպրոցական գույքի մշակում, փորձնական արտադրություն և վաճառք.
- ծաղկաբուծություն, հրուշակագործություն.
- լրացուցիչ հանրակրթական ծրագրերի և կրթական ծառայությունների իրականացում.
- արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
- համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
- սովորողների և ուսուցիչների սննդի կազմակերպում.
- ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կրթահամալիրը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
              (14-րդ կետում փոփոխություն է կատարվել 2017թ.)
 
III. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
15. Կրթահամալիրը նախադպրոցական, հանրակրթական (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` մասնաճյուղ) փորձարարական-հետազոտական միավորում է:
Մասնաճյուղը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ: Մասնաճյուղը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
Մասնաճյուղը ունի չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
Կրթահամալիրի մասնաճյուղի գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի, մասնաճյուղի կանոնադրություններով: Մասնաճյուղի կանոնադրությունը կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
Կրթահամալիրի գործադիր տնօրենը մասնաճյուղի ղեկավարի հայտերի հիման վրա յուրաքանչյուր ուստարվա համար մասնաճյուղի օգտագործմանն է հանձնում անհրաժեշտ ուսումնական շինություն (տարածքներ) և այլ գույք: Մասնաճյուղի զարգացման ծրագրերը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
Կրթահամալիրի մասնաճյուղերն են՝
ա) Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ (նախկինում՝ Բ-4 թաղամասի հիմնական դպրոց-մանկապարտեզ), Արևելյան դպրոց-պարտեզ (նախկինում՝ Բ-1 թաղամասի հիմնական դպրոց-մանկապարտեզ), Հյուսիսային դպրոց-պարտեզ (նախկինում՝ գեղարվեստի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոց), Հարավային դպրոց-պարտեզ (նախկինում՝ Մայքլ Գանյանի անվան հանրակրթական դպրոց), տեխնոլոգիական կրթության Միջին դպրոց (նախկինում՝ Արհեստագործական դպրոց), Ավագ դպրոց (նախկինում՝ Վարժարան) հանրակրթական ուսումնական հաստատությունները.
բ) քոլեջ (նախկինում՝ մանկավարժական ուսումնարան) միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունը.
գ) գեղարվեստի դպրոց, երաժշտության դպրոց, պարի ու թատրոնի դպրոց, մարզադպրոց, շախմատի դպրոց, բնագետի դպրոց, բնասեր-բնապահպանի դպրոց, բնության գրկում դպրոց լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ՝ ուսումնական կենտրոնները:
              (15-րդ կետում փոփոխություն է կատարվել 2017թ.)
15.1 Կրթահամալիրի կազմակերպական կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է կառավարման խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար կրթահամալիրն ստեղծում է կենտրոններ, ծառայություններ, ուսումնա-արտադրական արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ, կրթական փոխանակումների կենտրոն` իր կացարաններով, մանկավարժության կենտրոն, գրադարան, լրացուցիչ կրթության կենտրոններ, որոնց աշխատակարգերը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի կառավարման խորհուրդը:
           (15.1 կետը լրացվել է 2017թ.)
           (16-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել 2017թ.) 
17. Կրթահամալիրի վարժարանում և արհեստագործական դպրոցում, նախասիրության դպրոցներում կարող են սովորել ինչպես կրթահամալիրի հանրակրթական դպրոցների, այնպես էլ այլ հանրակրթական դպրոցների համապատասխան դասարանների աշակերտները: Կրթահամալիրի խորհրդի որոշմամբ կրթահամալիրը կարող է ունենալ գիշերօթիկ պայմաններ (հանրակացարան ու հյուրատուն):
          (18-24-րդ կետերն ուժը կորցրած են ճանաչվել 2017թ.) 
25. Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների մանկապարտեզային խմբերը բազային են կրթահամալիրի քոլեջի ուսանողների համար. սովորողները, նրանց դասախոսները ուսումնական պլանով և աշխատակարգերով նախատեսված մեթոդական-հետազոտական աշխատանքներ են կատարում, ուսանողները` ուսումնական փորձառությունն են անցկացնում:
              (25-րդ կետում փոփոխություն է կատարվել 2017թ.)
26. Կրթահամալիրի նախասիրության դպրոցների հնարավորությունները լիարժեք ծառայում են նաև կրթահամալիրի հանրակրթական դպրոցների և քոլեջի ուսումնական պլանով նախատեսված առարկաներին և պարապմունքներին:
         (27-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել 2017թ.) 
28. Կրթահամալիրում ուսուցման լեզուն գրական հայերենն է:Նախարարության սահմանած կարգով ազգային փոքրամասնությունների համար ստեղծված դասարանում (դասարաններում) ուսուցումն իրականացվում է մայրենի լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
29. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մեթոդական - հետազոտական, որակավորման բարձրացման գործունեությունը կազմակերպում են կրթահամալիրի առարկայական ամբիոնները` մասնագիտական խմբերը (այսուհետ` մասնախմբեր):
30. Մասնախմբերը ղեկավարում են կրթահամալիրի առաջատար ուսուցիչները: Մասնախմբերի և ուսումնական կենտրոնների ղեկավարները ձևավորում են կրթահամալիրի մասնաժողովը: Մասնաժողովը սահմանված կարգով կրթահամալիրի խորհրդի հաստատմանն է ներկայացնում կրթահամալիրի կրթական հայեցակարգը: Կրթահամալիրի մասնաժողովի աշխատանքները ղեկավարում է կրթահամալիրի գործադիր տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալը: Մասնախմբերի ցանկը, մասնախմբերի ղեկավարներին ու մասնաժողովի կազմը, մասնախմբերի ու մասնաժողովի աշխատակարգը կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
31. Կրթահամալիրի աշակերտների բուժսպասարկումն իրականացնում են կրթահամալիրի բուժծառայությունը և առողջապահական մարմինների կողմից ամրակցված բուժանձնակազմը, որը կառավարման մարմինների հետ համատեղ պատասխանատու է բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման համար:
             (31-րդ կետում փոփոխություն է կատարվել 2017թ.)
             (32-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել 2017թ.)
33. Ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, սովորողի անհատական ուսումնական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի և դասացուցակների հիման վրա:
            (33-րդ կետում փոփոխություն է կատարվել 2017թ.)
33.1 Կրթական ծրագրի ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, ուսուցման կազմակերպման ձևերը, գնահատման համակարգը մշակվում են կրթական պետական չափորոշիչների, հենքային ուսումնական պլանների, կրթական ծրագրի չափորոշչի հիման վրա։
33.2 Կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ մասնաճյուղերի ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը։
33.3 Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, կուրս, սովորողների ընտրությամբ գործունեության և դասընթացի ուսուցման խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելության խումբ, մասնագիտական փորձառության խումբ, և անհատական:
33.4 Խմբերում սովորողների թիվը որոշվում է Կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
33.5 Խմբային ուսուցումը կազմակերպվում է դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, մասնագիտական փորձառությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, ստուգատեսների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով՝ ապահովելով ուսուցման անհատականացում, ուսուցման կազմակերպման (տեղ, ձև, ժամանակ, պայմաններ) հարմարվածությունը անհատին, ամբողջական ներառականություն։
33.6 Կրթական ծրագրով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր` Սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:
33.7 Լրացուցիչ կրթական ծրագրերը, այդ թվում՝ Սովորողի տնային ուսումնական աշխատանքը, ուղղված են Սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը՝ որպես ծառայություն` իրականացվում է մասնաճյուղերում, ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում:
          (33.1-33.7 կետերը լրացվել են 2017թ.)
          (34-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել 2017թ.)
 
35. Առանձին սովորողների համար կրթական ծրագրերի յուրացման նորմատիվ ժամկետները կարող են փոփոխվել նախարարության սահմանած կարգով:
            (35-րդ կետում փոփոխություն է կատարվել 2017թ.)
 
 
IV. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
36. Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, կրթահամալիրի կառավարման կոլեգիալ մարմինը` կրթահամալիրի խորհուրդը, (այսուհետ` խորհուրդ), կրթահամալիրի գործադիր մարմինը` գործադիր տնօրենն ու իր աշխատակազմը (այսուհետ` գործադիր տնօրեն):
37. Կրթահամալիրի մասնաճյուղերում ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդներ:
38. Համայնքի, ծնողների հետ արդյունավետ համագործակցության նպատակով կրթահամալիրի մասնաճյուղերում, որպես խորհրդակցական մարմիններ ձևավորվում են ծնողական խորհուրդներ, կարող են ձևավորվել նաև հոգաբարձուների և այլ խորհուրդներ:
38.1 Խորհուրդները իրենց գործունեությունը կարող են ծավալել նաև վիրտուալ միջավայրում։
                      (38.1 կետը լրացվել է 2017թ.)
39. Կրթահամալիրի հիմնադիրն ունի կրթահամալիրի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
40. Կրթահամալիրի հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) կրթահամալիրի հիմնադրումը.
բ) կրթահամալիրի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) կրթահամալիրին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
դ) կրթահամալիրի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
ե) կրթահամալիրի կառավարման համակարգի սահմանումը.
զ) կրթահամալիրի վերակազմակերպումը և լուծարումը.
է) կրթահամալիրի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
Սույն կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները հիմնադրի կողմից վերապահված են նախարարությանը:
41. Նախարարությունն իրականացնում է կրթահամալիրի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
Նախարարությունը`
ա) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է կրթահամալիրի կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրի գործունեության նկատմամբ.
գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կրթահամալիրի գործադիր տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումներն ու որոշումները.
դ) լսում է կրթահամալիրի գործունեության մասին հաշվետվությունները, քննում գործունեության արդյունքները.
ե) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
զ) օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
է) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
42. Կրթահամալիրի գործադիր տնօրենն իրականացնում է կրթահամալիրի ընթացիկ գործունեության ղեկավարումը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ նախարարության հրամանների, որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
43. Գործադիր տնօրենը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կրթահամալիրի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) մասնակցում է կրթահամալիրի խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և նախարարության որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կրթահամալիրի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
դ) տալիս է կրթահամալիրի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կրթահամալիրի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
զ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
է) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների, աշխատակազմի և մասնաճյուղերի տնօրենների միջև, խորհրդի հաստատմանն է ներկայացնում իր աշխատակազմի կառուցվածքն ու աշխատակարգը.
ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) սահմանված կարգով իրականացնում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.
ժ) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, կրթահամալիրի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
ժա) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
ժբ) աջակցում է կրթահամալիրի մասնաճյուղերի մանկավարժական, ծնողական և այլ խորհուրդների աշխատանքներին.
ժգ) կազմում է կրթահամալիրի հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք, կրթահամալիրի խորհրդի հաստատմամբ, ներկայացնում նախարարություն.
ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կրթահամալիրի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ.
ժե) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.
ժզ) ներկայացնում է կրթահամալիրը պետական մարմիններում, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ուսումնական հաստատություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում: Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից:
            (43-րդ կետում (ժգ ենթակետ) փոփոխություն է կատարվել 2017թ.)
44. Գործադիր տնօրենի բացակայության դեպքում, սահմանված կարգով, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
        45-50-րդ կետերն ուժը կորցրած են ճանաչվել։ 
51. Նախարարությունը կրթահամալիրի կանոնադրության գրանցման պահից հետո 30 օրվա ընթացքում ձևավորում է կրթահամալիրի խորհրդի նոր կազմը (15 անդամ): Մինչև խորհրդի նոր կազմի ձևավորումը խորհրդի գործառույթներն իրականացնում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ձեռնարկության գործող խորհուրդը:
Խորհրդի անդամների թեկնածուներ առաջադրում են`
1) կրթահամալիրի աշխատողների ժողովը, որը փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի մանկավարժական աշխատողներին (4 անդամ).
2) մասնաճյուղերի ծնողական խորհուրդները, որոնք փակ քվեարկությամբ, ընտրում են Խորհրդի իրենց անդամներին (2 անդամ` դպրոց-պարտեզներից, մեկական՝ Միջին դպրոցից և Ավագ դպրոցից).
3) Քոլեջի, Ավագ դպրոցի սովորողների ժողովները ներկայացնում են իրենց թեկնածուներին (երկուական անդամ):
Նախարարությունը նշանակում է իր ներկայացուցիչներին (3 անդամ):
Կրթահամալիրի խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք:
Կրթահամալիրի տնօրենը չի կարող առաջադրվել (ընտրվել) խորհրդի կազմում:
            (51-րդ կետում փոփոխություն է կատարվել 2017թ.)
52. Խորհրդի լիազորությունների ժամկետը 3 տարի է:
53. Կրթահամալիրի խորհրդի առաջին նիստը գումարվում է նախարարության պահանջով` խորհրդի անվանական կազմի հաստատումից հետո` 7 օրվա ընթացքում: Խորհրդի առաջին նիստում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ ընտրվում է խորհրդի նախագահ` խորհրդի լիազորության ամբողջ ժամկետով: Խորհրդի նախագահի լիազորությունները կարող են դադարել իր դիմումի համաձայն:
54. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են`
ա) առաջադրողի նախաձեռնությամբ և խորհրդի որոշմամբ,
բ) իր դիմումի համաձայն:
Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում ներկայացնում է նոր անդամին:
55. Խորհուրդը`
ա) նախարարության սահմանած մրցույթի անցկացման կարգի համաձայն ընտրում է կրթահամալիրի գործադիր տնօրեն, հաստատում նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, սահմանում տնօրենի վարձատրության կարգը.
բ) գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է գործադիր տնօրենի տեղակալներին, մասնաճյուղի ղեկավարի հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, սահմանում մասնաճյուղի ղեկավարի վարձատրության կարգը.
գ) որոշում է ընդունում կրթահամալիրի աուդիտն անցկացնելու մասին (կրթահամալիրի բյուջեի հաշվին) և հաստատում աուդիտն իրականացնողի վարձատրության չափը.
դ) հաստատում է կրթահամալիրի կազմակերպական կառուցվածքը, աշխատանքային ու ներքին կարգապահական կանոնները, կրթահամալիրի ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաստիքային ցուցակը, ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունները և առաջարկություն ներկայացնում նախարարությանը.
ե) քննարկում է հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, հիմնադրի կողմից սահմանված կարգով որոշում է կրթահամալիրի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները և կարգը, առաջարկություններ ներկայացնում հիմնադրին` կրթահամալիրի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու.
զ) հաստատում է իր աշխատակարգը, ընտրում խորհրդի նախագահ.
է) կրթահամալիրի գործունեության առարկային, նպատակներին և խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը, մասնաժողովի ներկայացմամբ հաստատում կրթահամալիրում իրագործվող ծրագրերը, հետազոտական և մեթոդական աշխատանքների թեմաները, մասնաճյուղերի ուսումնական պլանները.
ը) հաստատում է կրթահամալիրի մասնաճյուղերի ամենամյա ծախսերի նախահաշիվը, սահմանված կարգով գործադիր տնօրենի միջոցով նախարարություն է ներկայացնում կրթահամալիրի հաստիքացուցակը, քննարկում ամենամյա ֆինանսական և կրթական հետազոտական գործունեության հաշվետվությունները.
թ) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) սույն կանոնադրությամբ ու մասնաճյուղերի կանոնադրություններով նախատեսված լիազորություններ:
            (55-րդ կետում (դ, ը ենթակետեր) փոփոխություն է կատարվել 2017թ.)
56. Նախարարության (նրա ղեկավարության) կամ կրթահամալիրի ենթակայության փոփոխումը չի կարող հիմք հանդիսանալ խորհրդի լիազորությունների դադարեցման համար:
57. Խորհրդի նախագահը`
ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
բ) նախագահում է խորհրդի նիստերը.
գ) կազմակերպում է խորհրդի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք:
58. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:
59. Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև նախարարության, գործադիր տնօրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով:
60. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
61. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի: Խորհրդի նիստերն արձանագրվում են և հրապարակվում խորհրդի կայքէջում, mskh.am-ում:
            (61-րդ կետում փոփոխություն է կատարվել 2017թ.)
Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում:
62. Նախարարությունը, կրթահամալիրի, մասնաճյուղերի տնօրենները, նրանց տեղակալները, խորհրդի անդամները կրթահամալիրի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող կրթահամալիրի (մասնաճյուղի):
63. Կրթահամալիրի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
 
V. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
64. Կրթահամալիրի սեփականությունը ձևավորվում է կրթահամալիրի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կրթահամալիրի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
65. Կրթահամալիրն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
66. Հիմնադիրը սեփականության իրավունքով կրթահամալիրին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ հաստատության լուծարումից հետո մնացած գույքի:
67. Կրթահամալիրի սեփականության պահպանման հոգսը կրում է կրթահամալիրը:
68. Կրթահամալիրի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
69. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կրթահամալիրին ամրացված գույքը:
70. Կրթահամալիրն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
Կրթահամալիրն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, օրենքով սահմանված կարգով:
Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:
Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կրթահամալիրի ստացած եկամուտները կրթահամալիրի սեփականությունն են:
Կրթահամալիրին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
71. Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները:
72. Կրթահամալիրը ֆինանսավորում է հիմնադիրը: Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:
73. Կրթահամալիրի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.
բ) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և կրթահամալիրի կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:
74. Կրթահամալիրի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` նախարության կողմից ընտրված աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:
 
VI. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՍՈՎՈՐՈՂԸ ԵՎ ԾՆՈՂԸ
75. Կրթահամալիրում մանկավարժական աշխատանքի կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը` Խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:
76.  Կրթահամալիրի մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Կանոններով, աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:
77. Կրթահամալիրի մասնաճյուղի սովորողի և Ծնողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոններով, ուսումնառության պայմանագրով:
78. Կրթահամալիրի մասնաճյուղի սովորողը պատասխանատվություն է կրում Կանոններով, ուսումնառության պայմանագրով իր պարտականությունների կատարման համար:
79. Մասնաճյուղը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով Ծնողին` նրա և մասնաճյուղի միջև կնքված պայմանագրային դրույթները Սովորողի կամ Ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:
            (75-79-րդ կետերում փոփոխություն է կատարվել 2017թ.)
           (80-84-րդ կետերն ուժը կորցրած են ճանաչվել 2017թ) 
 
VII. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
85. Կրթահամալիրը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
 
Մասնաճյուղերի կանոնադրությունները հաստատված են կրթահամալիրի խորհրդի 16.04.2004թ. նիստում։