• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերջապե՜ս...

 

Մեկ շաբաթ սպասում էինք, որ բարենպաստ պայմաններ լինեն Բյուրականի աստղադիտարանից աստղերը դիտելու համար, իսկ եղանակն իր  անսպասելի փոփոխություններով մեզ անակնկալի էր բերում: Բոլորս անհամբեր էինք. և՛երեխաները, և՛ նրանցից ոչ պակաս անհամբեր ծնողները:

Վերջապես ճանապարհ ընկանք դեպի Բյուրական: Այն երևույթը, որ գնում ենք աստղերին դիտելու ու երկնքին մոտ ենք լինելու, բոլորիս մի տեսակ այլ էր դարձրել. եթերային, երազկոտ, անսպասելիի սպասումով…

Մինչ մութն ընկնելը հիացանք Օրգովի ձորով, վայելեցինք մեր շուրջը սփռված հրաշք տեսարանները, խաղացինք, ծառից ծառ թռչկոտեցինք, և, իհարկե, լուսանկարվեցինք:

Մութն ընկավ, և մոտեցավ ամենահուզիչ ու սպասված ժամանակը: Մեզ դիմավորեցին, և փոքրիկ էքսկուրսիա կազմակերպեցինք աստղադիտարանի այգում: Այստեղ էլ սկսվեց մեր հրաշալի ճամփորդությունը դեպի Հրաշքների աշխարհ (էդպես անվանեցին երեխեքը): Մաքուր օդ՝ բուսականության բույրով, մեղմիկ քամի, սոխակի ու բուի մենակատարմամբ բնության համերգ ...փոքրիկ արահետ ու ապշած, հիացած, զարմացած մեծ ու փոքր երեխաներ ...

Բաժանվեինք խմբերի , բարձացանք հետաքրքիր աստիճաններով դեպի հարթակ, որտեղ տեղադրված էր աստղադիտակը: Այդ ժամանակ երկնքում գրեթե աստղ չկար...Երկնքում առաջին պսպղացող աստղերից մեկն էլ կարողացանք տեսնել աստղադիտակով: Բոլորս զարմացած էինք, ու մեր զարմանքը բազմապատկվեց, երբ տեսանք երկնքում մյուս աստղերից համարյա չտարբերվող Սատուրն մոլորակը...ու մենք էլի զարմացանք ու հուզվեցինք այսքան անսպասելի տեսարանից:

Մեզ՝ փոքրերի ու մեծերի, ես կասեի, փոքրացած մեծերի համար  օրը հրաշալի էր՝ լի բացահայտումներով, զարմանքով ու հրաշքով:

Ուրախ եմ, որ օրը ստացվեց: Ուրախ եմ, որ ապրեցի այն բոլոր զգացողությունները, որ պարգևեց այդ օրը.զարմանալ ու շուրջդ զարմացած ու հիացած 30 զույգ աչքեր տեսնել...այ դա է հրաշքը.. ու չդադարել հրաշքների հավատալ...պառկել աստղադիտարանի այգում, նայել աստղաշատ երկնքին, փորձել գտնել սեփական աստղը ու երազանք պահել: Այդպես էլ արեցինք:

Վստահ եմ, որ այդ օրը ոչ ոք չի մոռանա: Ու մի դադարեք զարմանալ ու հավատալ հրաշքների:

Ֆոտոշարքերը տես այստեղ և այստեղ

Սովորողների տպավորությունները

Արփի Սահակյան

Իրինա Ավետիսյան

Մերի Կարապետյան