• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաղթում ենք` դժվարություններ հաղթահարելով, կամ` «Ո՞ր սարի վրա ես, Գոշալիճ»

 

Հունիսի 8-ին` առավոտյան ժամը 6-ին, “Սուրբ երրորդություն” եկեղեցու մոտ էին հավաքվել 10-3 դասարանի սովորողները, ծնողները, Շուշան Ազատյանը, Մարիետ Սիմոնյանը, Արմինե Բաբայանը, Արմինե Թոփչյանը և ես: “Folktour-Bus Voyage” ձեռնարկությանը պատկանող հարմարավետ “Eurocar” տիպի ավտոբուսը մեզ պետք է տաներ էլիտար ճամփորդության Հայաստանի ամենագեղատեսիլ երթուղիներից մեկով`”Գոշավանք, Հաղարծին, Դիլիջան, Սևան”: Ես ասում եմ էլիտար, որովհետև ճամփորդական այս երթուղին ընդգրկված է արտասահմանյան զբոսաշրջիկներին Հայաստանը առավելագույնս լավ ներկայացնելու ծրագրի մեջ: Իրոք`ուր էլ գնացինք “Bus Voyage”-ի արտասահմանյան զբոսաշրջիկներով լի նույն ավտոբուսներին հանդիպեցինք: Բայց մենք չէինք լինի “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրցիներ, եթե այդ էլիտար կարգավիճակում էլ մնայինք: Մենք պետք է բարձունք հաղթահարեինք, օգնեինք իրար, ամենանեղ իրադրության մեջ կատակեինք ու հուսադրեինք իրար, որ մեր ճամփորդությունն իսկապես համարվեր սեբաստացիական:

Երբ մեր ավտոբուսը վաղ առավոտյան գնում էր, ավելի ճիշտ, թռչում էր Կոմիտասի պողոտայով, առաջին տպավորությունն այն էր, որ մեր Երևանը մի քիչ Արցախին էր նման`ամենուրեք մաքրություն էր, իսկ մարդ չկար: Հենց Կոմիտասի պողոտայում էլ սկսվեց անզիջում պայքարը, թե ում չիպով ենք երաժշտություն լսելու: Անմիջապես բոլորի կողմից բեկանվեց վարորդի առաջարկած “Արմենչիկ”-ը: Իզուր էր նա մեզ համոզում, որ Արմենչիկը ռաբիս չէ: Խեղճ մարդ, ինչ իմանար, որ հակառաբիս այդ կրթահամալիրի նույնիսկ միջին դպրոցը հաճախում է Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճ և ծափահարում Վիվալդիի տարվա եղանակներին: Ի վերջո հաղթեց ուժը և համառությունը` սկսեցինք լսել Աիդա Գրիգորյանի չիպը, որն ամբողջությամբ ռոկ էր: Բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունում երկրորդ տեղը գրաված Մաթևոս Վարդանյանը այստեղ էլ բավարարվեց երկրորդ տեղով և համաձայնվեց, որ իր երաժշտությունը կլսենք ետդարձի ճանապարհին:

Սևանա վանք – բազմաթիվ անգամ եմ եղել կղզու բարձունքում և այդտեղից հիացել Սևանով, բայց ադ օրվա նոր բարձրացող արևի ճառագայթներով ողողված Սևանի գույներն ուրիշ էին: Եվ հենց ադտեղ էլ սկսվեց Արմինե Բաբայանի դասախոսությունների շարքը: Պետք է ասեմ, որ Արմինեն այդ օրը մի լրիվ դրույք դաս տվեց:Չխնայեց ոչ մեկին:Միակ արդարացում-մխիթարանքն այն էր, որ մենք ուսումնական ճամփորդության էինք եկել: Երբ Արմինեն խոսում էր, բոլորը պետք է նայեին նույն խաչքարի նաւյն զարդանախշին և զգային 12-րդ դարի շունչը: Եվ սովորողները և հատկապես մենք` դասավանդողներս, շատ բան իմացանք, որ նախկինում չգիտեինք: Շնորհակալություն Արևիկի քրոջը, Մարի Գաբանյանի աղջկան:

Գոշավանք  - Իմ մեջ դեռ թարմ էին Արցախ կատարած ճամփորդության տպավորությունները, Արցախ աշխարհի անտառաշատ սարերի հմայքը, բայց երբ թունելով դուրս եկանք Դիլիջանի տարածք, չեմ կարող ասել, թե որ գեղեցկությունը կարող է հաղթող ճանաչվել  այս շողամրցման մեջ ու երբ հասանք Գոշավանք, բնությունն ինձ հիմնովին գերևարեց: Այդպիսի զգացում ես նույնիսկ Գանձասարում չունեցա այս տարվա մայիսի մեկի վաղ առավոտյան, երբ մի խումբ սովորողների և դասավանդողների հետ արևածագն էինք դիմավորում: Այստեղ երևի իր դերն ունեցավ նաև Մխիթար Գոշի շունչը: Այս պատերին նայել է Մխիթար Գոշը, այստեղ ոտք է դրել մի մարդ, ով թաքցրել է իր արդեն վարդապետ լինելը, որպեսզի ուսանի մի հույն փիլիսոփայի` վարդապետի կոչում ստանալու համար: 800 տարի անց մեր ժամանակակիցները պատրաստ են վճարելու դիպլոմի համար առանց ուսանելու: Որքան է փոխվել արժեքային համակարգը: Պետք է ասել, որ լիովին կորած չենք, քանի որ մեր սովորողների մեջ կան Աիդա Գրիգորյանի նման պայծառ երեխաներ: Տեսնել էր պետք, թե նա ինչ վարժ զրույց վարեց իսպաներենով իտալացի զբոսաշրջիկների հետ, իսկ արդեն  Գոշավանքում Մարիետ Սիմոնյանի առաջատար ձայնով սովորողները մի քանի հոգևոր երգեր երգեցին ու արտասանեցին “Հայր մեր”-ը: Հոգով հարստացած ու հագեցած դուրս եկանք վանքից, որի դռան առջև մի ծեր կին էր նստած: Մի ինչ-որ վեցերորդ զգայարանով նա հասկացավ, որ մեր Արմինեի Գոշավանքի մասին դասախոսությունը հնարավոր է թերի եղած լիներ և սկսեց մեզ պատմել Գոշավանքի, Մխիթար Գոշի և Գոշ գյուղի պատմությունը: Ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ իմացա, որ գյուղը հիմնել են Կոթի գյուղից եկած մարդիկ: Կոթին իմ ծնողների գյուղն է: Վանքի հետևի բակում, 800-ամյա կաղնու ստվերի տակ նախաճաշեցինք և ճանապարհ ընկանք դեպի Գոշ լիճ:      

Դեպի վեր, դեպի Գոշ լիճ   - Արմինեն ասաց, որ լավ գիտի Գոշ լիճ տանող ճանապարհը, բայց պարզվեց, որ այդ ընդհանուր ճանապարհի սկիզբն իմանալը քիչ է: Շատ ավելի կարևոր էր լուծել աջ թե ձախի երկընտրանքը, երբ ճանապարհը բաժանվում էր երկու ուղղություններով` մեկը աջ մյուսը`ձախ: Մեզ ի սկզբանէ ապակողմնորոշեց մի տեղաբնակ իր “գնացեք միշտ դեպի աջ” կարգախոսով: Սովորողներն ու Արմինեն առաջ ընկան ու թեթև, անհոգնել քայլերով սկսեցին բարձրանալ անտառապատ սարը: Բարձրանում էինք բեռնատարների և տրակտորների թողած հետքերով: Ամեն ինչ պարզ էր ու տեսանելի: Բայց շուտով ունեցանք մեր առաջին անհանգստությունը: Երեխաները ոչ երևում էին, և ոչ էլ նրանց ձայներն էին լսվում: Գոշ գյուղից կտրված մի վերջին տան կողքով էինք անցնում, երբ տեսանք առաջին ճամփաբաժանը: Գնալ ուղի՞ղ, թե աջ թեքվենք: Հանկարծ լսվեց այդ տան պահապան շան ուժգին հաչոցը: Շունը հաչում էր ու մոտենում մեզ: Հենց այդ ժամանակ Մարիետը որոշեց հարցնել տան շեմն ավլող տանտիրուհուն, թե որ ճանապարհն է տանում Գոշ լիճ: Շունը ավելի կատաղի հաչեց Մարիետի վրա: Այդ Ժամանակ Մարիետը մի սաստող հայացք նետեց շան վրա և ասաց. “Դու սուս մնա, քեզ չեմ հարցնում”: Հրաշք էր: Շունը դադարեցրեց հաչելը և միայն դժգոհ սկսեց գռմռալ ու թեք նայել Մարիետին: Միգուցե նա հասկացավ, որ իր դիմաց ավագ դպրոց-վարժարանի տնօրեն է կանգնած: Համենայնդեպս, այդ շունը ետդարձի ժամանակ էլ չհաչաց մեր վրա: Մի կերպ հասանք սովորողների խմբին: Ամենավերջինը քայլում էինք մենք`ամենահոգնածները,  Շուշան Ազատյանը, Տաթևիկը, Լարիսան և ես: Ու նորից աջի ու ձախի երկընտրանքը. Մենք ընտրեցինք աջը, ինչպես որ ասվել էր մեզ: Բարձրացանք, բարձրացանք ու լճի ոչ մի հետք: Ճանապարհն աստիճանաբար անանցանելի էր դառնում: Արդեն 2 ժամ բարձրացել էինք, իսկ Տիար Բլեյանը ասել էր, որ լիճ  կարելի էր հասնել 40 րոպեում: Մենք սխալ ճանապարհով էինք եկել: Նորից իջանք ցած աջ ու ձախի երկընտրանքային կետը: Ընտրեցինք ձախ ուղղությունը ու նորից բարձրացանք: Բարեհաջող հասանք լիճը, որը մի մամռապատ, ու տիղմոտ ջրավազան էր: Լիճն ինքնին չարժեր մեր չարչարանքին, բայց այն որ կարողացանք հասնել մեր նպատակին, ամեն ինչ էր:

Հաղարծին  - Ամենատպավորիչը ապակեպատ գմբեթից թափանցող լույսի բեկված ճառագայթներից առաջացած ծիածանն էր տաճարի հատակին: Երկրորդ հրաշքը եկեղեցու բակում դարավոր կաղնին էր իր փչակով: Ըստ ավանդույթի նա ով կարողանա անցնել այդ փչակով, կիրականացնի իր երազանքը: Առաջինը փչակով անցավ Մարիետ Սիմոնյանը, որից հետո ամբողջ 10-3 դասարանը: Թող իրականանա ձեր բոլորի երազանքները:

Սևանա լիճ –Լավ է, որ մեր Հանրապետության ղեկավարությունը վերջապես մտածեց հասարակ ժողովրդի մասին և Ֆլամինգո լողափը դարձրեց հանրային: Շատ լավ լողափ է, որն ունի և հարթ ու ընդարձակ ավազապատ ափ, և ծառածածք տարածք: Վայելեցինք:

Դեպի Երևան – ուր էլ գնանք, ուրախությամբ ենք վերադառնում մեր հայրենի քաղաքը, որի հարավ արևմտյան թաղամասում է գտնվում “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը, ուր  միայն դժվարությունները հաղթահարելով են զգում ապրելու հաճույքը: