• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Խաղարկային դատարանին

 

Ի պատասխան «Ի պաշտպանության խղճի ազատության» հայցի. (հայցվորներ` դասավանդող Ա. Տիգրանյան, մասնագետ Տ. Պարսիլյան և սովորող Մ. Շարոյան) 

Նախ`  ողջունում եմ ձեզ`  ձեր սահմանադրական իրավունքից  օգտվելու համար, ըստ որի`

Հոդված 27.1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

Հիմա անդրադառնանք ձեր հայցին:

Դուք մեջ եք բերում. «Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են` 6) ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը» («Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 1-3-ով, հոդված 1): 

Իհարկե, ո՞վ է սա քննարկում: Մեր կրթահամալիրում կրթությունը աշխարհիկ բնույթ ունի: Այն չի կարող աշխարհիկ չլինել: Ուշադիր նայեք ուսումնական պլանով նախատեսված առարկայացանկին, ուսումնական պլանի պարզաբանումներին: Կրթությունն իհարկե աշխարհիկ է, բայց և´ ՀՀ Սահմանադրությամբ, և´ Հայաստանի Հանրապետության օրենքով կարևորվում է նաև հոգևոր կրթության դերը: Դրանք մեր գլխավոր օրենքներում ոչ միայն իրար հակադրված չեն, այլ նաև համադրված են:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նույն օրենքի մյուս կետին.

Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւյալ առաքելությունների իրագործմանը. 1. նպաստել հայ ժողովրդի հոգեւոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաեւ պետական կրթական հաստատություններում («Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 17): 

Խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև այս ձևակերպումներին.

1. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝  որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում» (ՀՀ Սահմանադրություն, գլուխ 1, Սահմանադրական կարգի հիմունքները, հոդված 8.1):

2. «Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւյալ առաքելությունների իրագործմանը. նպաստել հայ ժողովրդի հոգեւոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաեւ պետական կրթական հաստատություններում» (ՀՀ օրենքը Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին, հոդված 17): 

3. «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին» (ՀՀ  ՕՐԵՆՔԸ Կրթության մասին, գլուխ 1, հոդված 4):

Գրականության, երաժշտության, արվեստի մյուս ճյուղերի մի մեծ, դասական հատված կապվում է հոգևոր  մշակույթի հետ:  Յոհան Բախ, Գեորգ Հենդել, Յոզեֆ Հայդն, Լյուդվիգ Բեթհովեն, Ջուզեպպե Վերդի, Յոհաննես Բրամս, Շառլ Գունո, Միխայիլ Գլինկա, Սերգեյ Ռախմանինով, Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Մովսես Խորենացի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Նարեկացի, Մակար Եկմալյան, Կոմիտաս… Կրթական ծրագրերում ներառված են  Նարեկացու «Մատյան ողբերգությունը», Տաղերը, Խորենացու շարականները, Ներսես Շնորհալու «Առավոտ լուսոյ»-ն, Կոմիտաս, Բախ, Բեթհովեն …:

ՀՀ օրենքով ամրապնդված է  հայ  ժողովրդի հոգևոր, ազգային ու համամարդկային աժեքների պահպանումն ու զարգացումը:

Մեր 20011-2012 ուստարվա ուսումնական պլանում գրված է.

«Գրաբարի ուսուցումը կազմակերպվում է Նոր Կտակարանի ընթերցման միջոցով` որպես եկեղեցական ծեսի լեզու»: Ուսումնական պլանը դրվել է քննարկման (ընդ որում ուղարկվել է և´ սովորողներին, և´ ծնողներին, և´ ուսուցիչներին): Որևէ անհամաձայնություն չի եղել: Դրանից հետո այն հաստատվել է:

Դուք մեջ եք բերում. «Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ մինչեւ 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին»:

Ներկայացնում եմ  կրոնական կազմակերպության սահմանումը:

«Հոդված 4. Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ ղեկավարության, ինչպես նաեւ կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է:

Կրոնական կազմակերպություններ են՝ եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները եւ այլ կրոնական-եկեղեցական հիմնարկներ» (Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք)»:

Ի՞նչ կրոնական կազմակերպության մասին է խոսքը: Ձեր մեջբերման իմաստը անհասկանալի էր:

Դուք մեջ եք բերում. «Հոդված 3. Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ բռնություն՝ ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:
Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը եւ կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար)»:

Ժամերգությունները, կրոնական ծիսակատարությունները, արարողությունները ունեն ամբողջական արարողակարգ՝ իրենց համակարգված ծիսակարգով: Ընդհանուր պարապմունքներին վերոնշվածը ժամանակի առումով չի կարող արվել և չի էլ արվում:  Ինչ վերաբերում է հոգևոր երգերին  կամ  Տերունական աղոթքին կամ երբեմն օրվա խորհրդի ներկայացմանը, սրանք կարող են մտնել ընդհանուր պարապմունքի մեջ և մտնում են, քանի որ ծրագրային են և´ Խորենացին, և´ Նարեկացին, և´ Շնորհալին, և´ Կոմիտասը: Մեր ուսումական պլանով նախատեսվում է նաև գրաբարը՝ որպես ծեսի և Կտակարանի լեզու: Ծրագրային են նաև հոգևոր երգերը, ծեսերը: Մեջբերում եմ ուսումնական պլանից:

Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, Հանրակրթական Դիջիտեքի, մեդիաօլիմպիադաների, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:

Կրթահամալիրն իրականացնում է հեղինակային, այլընտրանքային ծրագիր: Եվ այդ ծրագրում օրենքի սահմանում իրականացվում է նաև հոգևոր կրթություն: Սովորողն իր ծնողի հետ, դասավանդողը հնարավորություն ունեն ծրագիր ընտրելու: Նրանց ոչ ոք չի պարտադրել այս ծրագիրը: Մեջբերում եմ ուսումնական պլանից:

10-12-րդ դասարան ընդունվում են հիմնական կրթություն ունեցող համապատասխան դասարանների սովորողները, ում ծնողներն ընտրում են Ծրագիրը և սահմանված կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին:

Դուք մեջբերում եք. «Պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում՝ թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առեւտրի մեջ ներգրավելուց, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա իրավունքների օրինական շահերի այլ ոտնահարումից) և 10-ով (Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունքը):

Չհասկացվեց  ձեր այս մեջբերման անհրաժեշտությունը ևս:

Ելնելով վերոնշյալից` կարծում եմ, որ հայցն իրավական որևէ հիմք չունի:

Պատասխանող` Մարիետ Սիմոնյան