• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր հայց խաղարկային դատարանին

 

Կրթահամալիրի բոլոր դպրոցներում ուսումնական պլանով նախատեսված առավոտյան պարապմունքի ընթացքում կատարվում են կրոնական բնույթ ունեցող երգեր, իսկ կրթահամալիրի տոնացույցով նախատեսվում են քրիստոնեական արարողությունների անցկացում: Այս իրողությունը խախտում է այլ հավատի, ինչպես նաև աթեիստ քաղաքացիների և երեխաների իրավունքները և ազատությունները, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրության հոդված 26 – ով (Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը:

Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար), «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 5–ի կետ 6–ով (Հոդված 5. Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները 

Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`

6) ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը.

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 1-3-ով

(Հոդված1.Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օրենքի առջեւ հավասար են քաղաքացիական, հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքի բոլոր բնագավառներում՝ անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից կամ կրոնական պատկանելիությունից:
Դավանանքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, կրոնական հողի վրա հետապնդումները կամ այլ իրավունքների խոչընդոտումը, կրոնական թշնամանքի հարուցումը առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 3. Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ բռնություն՝ ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:
Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը եւ կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու
համար),

«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ով (Հոդված 9. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ ( ֆիզիկական, հոգեկան եւ այլ ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում՝ թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առեւտրի մեջ ներգրավելուց, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա իրավունքների օրինական շահերի այլ ոտնահարումից) և 10-ով (Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի , խղճի եւ դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները , համոզմունքները եւ կարծիքը ենթակա են նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Դավանանքի, ազատության եւ համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ մինչեւ 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին):
  
ՀՀ Սահմանադրության 47 հոդվածի ( Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը) հիմքով պահանջում ենք պատասխանողներից դադարեցնել մեր իրավունքների խախտումը: