• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենամեծ արժեքը կյանքն է

«Ներշնչե~ք, արտաշնչե~ք, արտաշնչե~ք»: Մարմնամարզության հրահանգիչի ձայնն եմ լսում. «Որպեսզի ամբողջ կրծքով ներշնչեք, պետք է մի լավ արտաշնչեք»: Նախ սովորեք արտաշնչել, ազատվել «գործածված օդից»:

Կյանքը ամենից առաջ շնչառություն է: «Հոգի», «ոգի»… Սակայն երբ մարդ մահանում է, ամենից առաջ դադարում է շնչել: Հնուց են այդպես մտածել: «Շունչը փչել է»,- նշանակում է «մահացել է»:

«Խեղդուկ» լինում է տանը, «խեղդուկ» է և բարոյական կյանքում: Մի լավ արտաշնչենք բոլոր մանր հոգսերը, առօրյա կյանքի ամբողջ ունայնությունը, ձերբազատվենք, թափ տանք այն ամենը, ինչը խոչընդոտում է մտքի շարժմանը, ինչը ճնշում է հոգին, մարդուն թույլ չի տալիս ընկալել կյանքը, նրա արժեքները, գեղեցկությունը:  
Մարդը միշտ պետք է մտածի իր և մյուսների համար ամենակարևորի մասին՝ դեն նետելով դատարկ հոգսերը:
Պետք է մարդկանց նկատմամբ բաց լինել, համբերատար, նրանց մեջ փնտրել լավագույնը: Ամենալավը, ուղղակի «լավը», «թաքնված գեղեցկությունը» փնտրելու և գտնելու կարողությունը մարդուն հոգեպես հարստացնում է:
Բնության մեջ, ավանում, քաղաքում, փողոցում, էլ չխոսելով մարդու մասին, բոլոր մանրուքների պատնեշի միջից գեղեցիկը նկատել. դա նշանակում է ընդարձակել կյանքի ոլորտը, այն կենսական տարածության ոլորտը, որտեղ մարդն ապրում է:

Ես երկար եմ փնտրել այս բառը՝ ոլորտ: Սկզբում ինքս ինձ ասում էի. «Պետք է ընդլայնել կյանքի սահմանները». սակայն կյանքը սահմաններ չունի: Դա ցանկապատով` սահմաններով, շրջափակված հողակտոր չէ: Հենց այս պատճառով էլ «կյանքի սահմաններն ընդլայնելը» իմ միտքն արտահայտելու համար պիտանի չէ: «Կյանքի հորիզոնն ընդարձակելն» ավելի լավ է, բայց էլի այն չէ: Մաքսիմիլիան Վոլոշինը իր հորինած մի լավ բառ ունի՝ «աչքածիր»: Դա այն ամենն է, որ աչքը կարող է ընդգրկել, տեղավորել: Բայց մեր կենցաղային գիտելիքների սահամանափակությունն այստեղ էլ է խանգարում: Կյանքը չի կարելի հանգեցնել կենցաղային տպավորություններին: Պետք է կարողանանք զգալ և նույնիսկ նկատել այն, ինչը մեր ընկալումներից դուրս է, պետք է նորի բացահայտման կամ հնարավոր հայտնաբերման  «նախազգացողություն» ունենանք: Աշխարհում ամենաթանկ բանը կյանքն է` ուրիշինը, սեփականը, կենդանական աշխարհի և բույսերի կյանքը, մշակույթի կյանքը, կյանքն իր ամբողջ տևողությամբ` և՛ անցյալում, և՛ ներկայում, և՛ ապագայում: Իսկ կյանքն անվերջ խորն է: Միշտ հանդիպում ենք ինչ-որ բանի, որ առաջ չէինք նկատել, որը հիացնում է իր գեղեցկությամբ, անսպասելի իմաստությամբ, անկրկնելիությամբ:

Դպիր 6

Դ. Լիխաչովի հոդվածներց ներկայացրել էի «Մեծը փոքրի մեջ», «Երիտասարդությունն ամբողջ կյանքնէ» և«Ամենամեծը» հոդվածները: