• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երիտասարդությունն ամբողջ կյանքն է

Երբ սովորում էի դպրոցում, հետո համալսարանում, ինձ թվում էր, թե իմ «հասուն կյանքը» բոլորովին այլ պայմաններում է ընթանալու, կարծես այլ աշխարհում, և ինձ բոլորովին ուրիշ մարդիկ են շրջապատելու: Ներկայից ոչինչ չի մնալու… Իսկ իրականում բոլորովին այլ բան եղավ: Իմ հասակակիցներն ինձ հետ մնացին: Ոչ բոլորը, իհարկե. շատերին մահը տարավ: Այնուամենայնիվ երիտասարդության ընկերները ամենահավատարիմը, մշտականը եղան: Ծանոթների շրջանակը չափազանց ընդարձակվեց, բայց իսկական ընկերները մնացին հները: Իսկական ընկերները երիտասարդ հասակում են ձեռք բերվում: Հիշում եմ, որ մորս մտերիմ ընկերուհիները միայն գիմնազիայի ընկերուհիներն էին: Հորս ընկերները նրա համակուրսեցիներն էին: Ինչքան որ ես դիտարկել եմ, ընկերանալու հակումը տարիքի հետ նվազում է: Երիտասարդությունը մերձենալու ժամանակ է: Պետք է այս մասին հիշել և ընկերներին պահպանել, քանի որ իսկական ընկերությունը շատ է օգնում և՛ վշտի, և՛ ուրախության պահին: Չէ՞ որ ուրախության ժամանակ էլ է օգնություն պետք. օգնություն, որպեսզի ուրախությունը հոգու ամբողջ խորությամբ զգաս, զգաս և փոխանցես: Չփոխանցված ուրախությունն ուրախություն չէ: Երջանկությունը մարդուն փչացնում է, եթե նա միայնակ է վայելում: Իսկ երբ վրա է հասնում դժբախտության, կորստի ժամանակը, կրկին չի կարելի միայնակ լինել: Վա՜յ այն մարդուն, ով մենակ է:

Այդ պատճառով պահպանե՛ք երիտասարդությունը մինչև խոր ծերություն: Գնահատե՛ք այն լավը, որ ձեռք եք բերել երիտասարդ տարիքում, մի՛ մսխեք երիտասարդության գանձերը: Երիտասարդ հասակում ձեռք բերած ոչինչ երբեք անհետ չի կորչում: Երիտասարդ հասակում դաստիարակված սովորությունները պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում: Աշխատելու հմտությունները` նույնպես: Վարժվի՛ր աշխատանքին, և աշխատանքը հաճույք կպատճառի ամբողջ կյանքի ընթացքում: Իսկ դա որքա՜ն կարևոր է մարդկային երջանկության համար: Ծույլ, մշտապես աշխատանքից ու ջանք թափելուց խուսափող մարդուց դժբախտ մարդ չկա…

Ինչպիսին երիտասարդ հասակում ես, այդպիսին ես նաև ծերության օրով: Երիտասարդ տարիքի լավ հմտությունները կհեշտացնեն կյանքը, վատերը` կդժվարացնեն ու կբարդացնեն: 

Մի բան էլ ասեմ: Ռուսական մի առած կա. «Ջահել օրվանից պատիվդ պահպանի՛ր»: Երիտասարդ հասակում կատարած բոլոր արարքները մնում են հիշողության մեջ: Լավերը կուրախացնեն, իսկ վատերը թույլ չեն տա քնել:

Դպիր 4

Դ. Լիխաչովի հոդվածներց ներկայցրել էի «Մեծը փոքրի մեջ» հոդվածը: