• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Շարունակում եմ «Մեծերը և մենք» հոդվածաշարը: Որպես երկրորդ հեղինակ`  ընտրել եմ անցած դարի ռուս մտավորականներից Դմիտրի Լիխաչովին: «Դպիր» ամսագրում հրատարակված են նրա մի քանի ստեղծագործություններ: Այս հոդվածաշարով կայքի առաջին էջ եմ բերելու երիտասարդներին ուղղված նամակներից մի քանիսը:  Ցանկանում եմ նաև շեշտել, որ ունեցած գրականությունը վերաթերթելը օգտակար սովորություն է: Եվ այսպես. . .

 

Տարեց մարդու ցանկացած զրույցը երիտասարդի հետ դառնում է ուսուցում: Միշտ այսպես է եղել և, հավանաբար, այսպես էլ կլինի: Կաշխատեմ հակիրճ լինել և միայն իմ ապրած կյանքի փորձը փոխանցել, ինձ համար ամենակարևորի մասին խոսել՝ ինչպես որ պատկերացնում եմ:
Ընթերցողի հետ զրույցի համար նամակների ձևն եմ ընտրել: Սա, իհարկե, պայմանական ձև է: Իմ նամակներն ընթերցողներին պատկերացնում եմ որպես ընկերների: Նամակներն ընկերներին ուղղելը ինձ ուղղակի գրելու հնարավորություն է տալիս:

Ինչո՞ւ եմ նամակներս կազմել հատկապես այս ձևով: Իմ նամակներում սկզբում գրում եմ կյանքի նպատակի և իմաստի մասին, վարքի գեղեցկության մասին, հետո անցնում եմ շրջակա աշխարհի գեղեցկությանը, արվեստի ստեղծագործություններում արտահայտված գեղեցկությանը: Այդպես եմ անում, քանի որ շրջապատի գեղեցկությունն ընկալելու համար մարդ ինքը հոգեպես գեղեցիկ, խորը պիտի լինի, կյանքում ճիշտ դիքորոշում ունենա: Փորձե´ք հեռադիտակը դողդողացող ձեռքերով բռնել. ոչինչ չեք տեսնի:

Մեծը փոքրի մեջ

Նյութական աշխարհում մեծը հնարավոր չէ փոքրի մեջ տեղավորել: Իսկ հոգևոր արժեքների ոլորտում այդպես չէ. փոքրի մեջ անհամեմատ ավելի մեծը կարող է տեղավորվել, բայց եթե փոքրը փորձենք մեծի մեջ տեղավորել, ապա մեծը կադադարի գոյություն ունենալուց: Եթե մարդը մեծ նպատակ ունի, դա պետք է ամեն տեղ արտահայտվի, նույնիսկ ամենաաննշան բաներում: Աննշմար և պատահական բաներում պետք է ազնիվ լինես, միայն այդ դեպքում ազնիվ կլինես նաև քո մեծ պարտքը կատարելիս: Մեծ նպատակն ամբողջությամբ է համակում մարդուն, դրսևորվում է նրա յուրաքանչյուր արարքում, և չի կարելի կարծել, թե ստոր միջոցներով բարի նպատակի կարելի է հասնել:

«Նպատակն արդարացնում է միջոցները» ասացվածքը կործանարար է ու անբարոյական: Այս բանը շատ լավ է ցույց տվել Դոստոևսկին իր «Ոճիր և պատիժ» ստեղծագործության մեջ: Այդ ստեղծագործության գլխավոր գործող անձը` Ռադիոն Ռասկոլնիկովը, կարծում էր, թե սպանելով գարշելի պառավ-վաշխառուին՝ փող կհայթայթեր, որի միջոցով հետո մեծ նպատակների կհասներ և բարերարություն կաներ մարդկությանը, բայց հետո ներքուստ կործանվեց: Նպատակը հեռու էր և անիրականանալի, իսկ հանցագործությունն իրական էր, սարսափելի էր և ոչ մի կերպ չէր կարող արդարացվել: Ստոր միջոցներ գործադրելով՝ չի կարելի բարձր նպատակների ձգտել: Պետք է միատեսակ ազնիվ լինել ինչպես մեծի, այնպես էլ փոքրի մեջ:

Մեծը փոքրի մեջ պահպանելու ընդհանուր կանոնը պետք է նաև գիտության մեջ: Գիտական ճշմարտությունն ամեն ինչից թանկ է, և գիտական հետազոտության բոլոր մանրուքներում ու գիտնականի կյանքում պետք է դրան հետևել: Իսկ եթե գիտության մեջ գիտնականը ձգտի «մանր» նպատակների, փաստերին հակասող «ուժային» ապացույցների, եզրակացությունների «հետաքրքիր» կամ տպավորիչ լինելուն, բոլոր միջոցներով առաջ գնալու, ապա նա կկործանվի: Հնարավոր է, որ ոչ միանգամից, բայց վերջին հաշվով` անպայման: Երբ սկսում են չափազանցնել հետազոտության ընթացքում ստացված արդյունքները կամ թեկուզ դույզն-ինչ նենգափոխում են դրանք, և գիտական ճշմարտությունը երկրորդ պլան է մղվում, գիտությունը դադարում է գոյություն ունենալուց, և ինքը գիտնականը վաղ թե ուշ դադարում է գիտնական լինելուց:  

Մեծը բացարձակապես ամեն ինչի մեջ պետք է պահպանել: Այդ դեպքում ամեն ինչ հեշտ ու հանգիստ կլինի:

Դպիր, 4-րդ համար