• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ ԿԳՆ «ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հաստատված է ՀՀ ԿԳ նախարարի 259-Ն հրամանով 25.04.2003թ. 
Պետական գրանցման վկայական (N03Ա059272)
Վ
կայականի ներդիր

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ձեռնարկության (պետական գրանցման վկայական` N003153, սերիա` 01 Ա, տրված` 19.10.1994թ., ծածկագիր` 01804186) իրավահաջորդն է: Կրթահամալիր պետական ձեռնարկության գույքը պատկանում է կրթահամալիրին սեփականության իրավունքով: Կրթահամալիրն իր պարտավորությունների համար պատասխանատու է իր գույքով: Կրթահամալիրն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հադես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
3. Կրթահամալիրի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` հիմնադիր): Լիազորված պետական մարմինը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է (այսուհետ` նախարարություն):
4. Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
5. Կրթահամալիրի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հարավարևմտյան զանգված, Բ-1 թաղամաս, Ա. Բաբաջանյան պողոտա, 25:
6. Կրթահամալիրն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշմակնիք և անհատականացման այլ միջոցներ:
Կրթահամալիրի անվանումն է`
«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
7. Կրթահամալիրն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվներ:
8. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար կրթահամալիրը կարող է ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից` օրենքով սահմանված կարգով:
9. Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
10. Կրթահամալիրում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:
 
II. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
11. Կրթահամալիրի գործունեության առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ (լրիվ), հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) կրթական ծրագրերի իրականացումն է: Կրթահամալիրի գործունեության նպատակներն են`
- ՀՀ կառավարության 10.05.1990թ. N216 որոշմամբ հաստատված` ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնունդը, առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների ներդրում.
- երեխաների (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում:
Կրթահամալիրի նպատակներից բխում են կրթահամալիրի` ՀՀ օրենսդրությանը չհակասող հետևյալ խնդիրները`
- անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության ստեղծում և կիրառում.
- նախադպրոցական, հանրակրթական, նախամասնագիտական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության հաստատությունների հնարավորությունների համախմբում` ընդհանուր, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) և լրացուցիչ կրթության ինտեգրացումը ապահովելու նպատակով.
- դպրոց-համալիրի պայմաններում անհատի ընդունակությունների առավելագույն դրսևորում և զարգացում` յուրաքանչյուր անձի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) ցանկալի գործունեության բավարարման ճանապարհով.
- մանկապարտեզի, դպրոց-մանկապարտեզի ու կրտսեր դպրոցի համար կրթահամալիրի մանկավարժությունը յուրացրած ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում.
- այլոց մանկավարժական առաջավոր փորձի, կրթական գործի կազմակերպման որակապես նոր ձևերի ու մեթոդների վերաիմաստավորում ու ներդրում.
- սահմանված կարգով կրթական, տրամաբանական խաղերի հավաքում, դասակարգում ու տարածում, կրթահամալիրի մանկավարժությանն անհրաժեշտ նոր խաղերի, խաղալիքների, ուսումնական գույքի և պիտույքների մշակում, հետազոտող ուսուցիչների հեղինակած կրթական այլընտրանքային ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների, ուսուցման նոր մեթոդների փորձարկում.
- հաղորդակցության մանկավարժության մշակում, կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ:
12. Կրթահամալիրը կրթական գործունեությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում է աշակերտների կողմից հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, պայմաններ ստեղծում ինքնակրթության և լրացուցիչ (նախասիրական, նախամասնագիտական) կրթության պահանջմունքների բավարարման համար:
13. Կրթահամալիրի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:
14. Կրթահամալիրը պատասխանատու է պետական կրթական չափորոշիչներին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին, նրանց կյանքի անվտանգության, առողջության պահպանման և մանկավարժական պահանջներին համապատասխան պետական և հեղինակային (պետական այլընտրանքային) ծրագրերի իրագործման, ուսուցման մեթոդների և ձևերի մշակման ու ընտրության համար:
Կրթահամալիրն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
- նախադպրոցական դաստիարակություն, միջին մասնագիտական և նախամասնագիտական, ընդհանուր միջնակարգ, ընդհանուր հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) կրթություն.
- նախապատրաստական դասընթացների կազմակերպում.
- մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում.
- կադրերի վերապատրաստում , վերաորակավորում և որակավորման բարձրացում.
- ուսումնաարտադրական գործունեության և սպասարկման ծառայությունների իրականացում.
- գրահրատարակչական գործունեության իրականացում.
- կրթական տեղեկատվական, մշակութային, մարզական գործունեություն և ծառայություններ.
- կիրառական արվեստի և արհեստների ուսուցում.
- ուսուցման միջոցների ու պիտույքների, մանկական խաղերի ու խաղալիքների, դպրոցական գույքի մշակում, փորձնական արտադրություն և վաճառք.
- ծաղկաբուծություն, հրուշակագործություն.
- լրացուցիչ հանրակրթական ծրագրերի և կրթական ծառայությունների իրականացում.
- արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
- համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
- սովորողների և ուսուցիչների սննդի կազմակերպում.
- ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կրթահամալիրը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
 
III. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
15. Կրթահամալիրը նախադպրոցական, հանրակրթական (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` մասնաճյուղ) փորձարարական-հետազոտական միավորում է:
Մասնաճյուղը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ: Մասնաճյուղը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
Մասնաճյուղը ունի չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
Կրթահամալիրի մասնաճյուղի գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի, մասնաճյուղի կանոնադրություններով: Մասնաճյուղի կանոնադրությունը կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
Մասնաճյուղի կանոնադրությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունների հիման վրա: Կրթահամալիրի գործադիր տնօրենը մասնաճյուղի ղեկավարի հայտերի հիման վրա յուրաքանչյուր ուստարվա համար մասնաճյուղի օգտագործմանն է հանձնում անհրաժեշտ ուսումնական շինություն (տարածքներ) և այլ գույք: Մասնաճյուղի զարգացման ծրագրերը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
Կրթահամալիրի մասնաճյուղերն են.
պետական հանրակրթական դպրոցներ` Բ-4 թաղամասի հիմնական դպրոց-մանկապարտեզ, Բ-1 թաղամասի հիմնական դպրոց-մանկապարտեզ, արհեստագործական դպրոց, գեղարվեստի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոց, վարժարան, Մայքլ Գանյանի անվան հանրակրթական դպրոց (այսուհետ` հանրակրթական դպրոց).
միջին մասնագիտական հաստատություն` պետական մանկավարժական ուսումնարան (այսուհետ` մանկավարժական ուսումնարան).
լրացուցիչ կրթության (նախասիրական) դպրոցներ և կենտրոններ` գեղարվեստի դպրոց, երաժշտության դպրոց, պարարվեստի դպրոց, հեռուստալրագրողի դպրոց, մարզադպրոց, շախմատի դպրոց, ինֆորմատիկայի դպրոց, Արատեսի դպրական կենտրոն («Դպրոց բնության գրկում» օջախ և նախաբանակային պատրաստության ճամբար), բնասերի դպրոց, լրագրողի դպրոց, օտար լեզուների ուսուցման կենտրոն, «Մեխակ» կրթամշակութային կենտրոն, «Ծիր Կաթին» մանկական թատրոն (այսուհետ` նախասիրության դպրոցներ).
ուսումնական, մեթոդական-հետազոտական կենտրոններ` մանկավարժական հետազոտական -մեթոդական կենտրոն, գրադարան, գիտելիքների գնահատման կենտրոն, «Շաղիկ» հրատարակչություն, տեխնիկական կենտրոն (այսուհետ` ուսումնական կենտրոններ):
16. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության տևողությունը 11 տարի է, հիմնական ընդհանուր կրթության տևողությունը 9 տարի է:
Մինչև 2001-2002 ուստարին հանրակրթական դպրոց ընդունվածների համար միջնակարգ ընդհանուր կրթության տևողությունը 10 տարի է, հիմնական ընդհանուր կրթության տևողությունը` 8 տարի:
Մանկավարժական ուսումնարանում ուսման տևողությունը 3 տարի է:
Նախասիրության դպրոցներում ուսման տևողությունը որոշվում է նախասիրության աստիճաններով: Վարժարանը, արհեստագործական դպրոցը, գեղարվեստի խորացված ուսուցմամբ դպրոցը, Մ. Գանյանի անվան հանրակրթական դպրոցը հաջողությամբ ավարտած սովորողները ստանում են ընդհանուր միջնակարգ (լրիվ) կրթության վկայականներ:
Մանկապարտեզ հաճախում են 3-6 տարեկան երեխաներ: 5-6 տարեկան երեխաների համար կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում գործում են նախապատրաստական խմբեր:
Ծնողների ցանկությամբ հանրակրթական դպրոցներում կարող են գործել երկարօրյա ուսուցման խմբեր (դասարաններ):
17. Կրթահամալիրի վարժարանում և արհեստագործական դպրոցում, նախասիրության դպրոցներում կարող են սովորել ինչպես կրթահամալիրի հանրակրթական դպրոցների, այնպես էլ այլ հանրակրթական դպրոցների համապատասխան դասարանների աշակերտները: Կրթահամալիրի խորհրդի որոշմամբ կրթահամալիրը կարող է ունենալ գիշերօթիկ պայմաններ (հանրակացարան ու հյուրատուն):
18. Դպրոցի դասարանի միջին խտությունը սահմանվում է 25-30 սովորող` տարրական և միջին դասարանների համար, 20-25 սովորող` ավագ դասարանների համար` սանիտարական նորմերի պահպանմամբ (ընդ որում, սովորողների թիվը տարրական և միջին դասարանում չի կարող գերազանցել 35-ը, իսկ ավագ դասարանում` 30-ը): Առանձին դեպքերում ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել նախարարության թույլտվությամբ` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, կամ հաստատության լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների հաշվին` խորհրդի որոշմամբ:
19. Հանրակրթական ծրագրերին համապատասխան` հանրակրթական դպրոցը բաժանվում է տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր դպրոցների:
20. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունն իրականացվում է հետևյալ հաջորդական աստիճաններով`
- տարրական (1-4-րդ դասարաններ),
- միջին (5-9-րդ դասարաններ),
- ավագ (10-12-րդ դասարաններ):
Տարրական և միջին դասարանները միասին կազմում են հիմնական դպրոց:
21. Տարրական դասարանն ապահովում է երեխայի ընդհանուր զարգացումը, կարդալու, գրելու, հաշվելու հմտությունների և կարողությունների, բարեկիրթ խոսքի ու վարվելաձևի, ինքնավերահսկման պարզագույն հմտությունների, անձնական հիգիենայի և առողջ կենցաղի հիմունքների տիրապետումը:
Տարրական կրթությունն ավարտվում է գիտելիքների ստուգմամբ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) սահմանած կարգով:
22. Միջին դասարաններում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը:
23. Ավագ դասարաններում ուսուցումը նպատակաուղղվում է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը: Ավագ դպրոցում, սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան, կարող է լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվել տարբերակված (հոսքային, այդ թվում` արհեստագործական) ուսուցում:
Հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունն ավարտվում է պետական քննություններով:
24. Հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորածների) հանրակրթական ծրագրերը մշակվում են հիմնական ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով սովորողների տարիքային, հոգեբանական, ֆիզիկական զարգաման առանձնահատկություններն ու կարողությունները:
25. Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների տարրական կրթության դասարանները և մանկապարտեզային խմբերը բազային են կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանի ուսանողների համար. սովորողները, նրանց դասախոսները ուսումնական պլանով և աշխատակարգերով նախատեսված մեթոդական-հետազոտական աշխատանքներ են կատարում, ուսանողները` ուսումնական փորձառությունն են անցկացնում:
26. Կրթահամալիրի նախասիրության դպրոցների հնարավորությունները լիարժեք ծառայում են նաև կրթահամալիրի հանրակրթական դպրոցների և մանկավարժական ուսումնարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաներին և պարապմունքներին:
27. Արատեսի դպրական կենտրոնի կառուցապատումը կատարվում է հիմնադրի 10.05.1990թ. N216 որոշմամբ: Արատեսի դպրական կենտրոնում (որպես «դպրոց բնության գրկում») ուսումնական տարվա ընթացքում և արձակուրդներին էկոլոգիական կրթություն են ստանում և կազդուրվում կրթահամալիրի մասնաճյուղերի սովորողներն ու նրանց ուսուցիչները: Դպրական կենտրոնը որպես ուսումնական-հետազոտական փորձարական բազա է ծառայում մանկավարժական ուսումնարանի, արհեստագործական դպրոցի սովորողների, բնասերի, մարզադպրոցի և գեղարվեստի դպրոցի սաների համար:
28. Կրթահամալիրում ուսուցման լեզուն գրական հայերենն է:Նախարարության սահմանած կարգով ազգային փոքրամասնությունների համար ստեղծված դասարանում (դասարաններում) ուսուցումն իրականացվում է մայրենի լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
29. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մեթոդական - հետազոտական, որակավորման բարձրացման գործունեությունը կազմակերպում են կրթահամալիրի առարկայական ամբիոնները` մասնագիտական խմբերը (այսուհետ` մասնախմբեր):
30. Մասնախմբերը ղեկավարում են կրթահամալիրի առաջատար ուսուցիչները: Մասնախմբերի և ուսումնական կենտրոնների ղեկավարները ձևավորում են կրթահամալիրի մասնաժողովը: Մասնաժողովը սահմանված կարգով կրթահամալիրի խորհրդի հաստատմանն է ներկայացնում կրթահամալիրի կրթական հայեցակարգը: Կրթահամալիրի մասնաժողովի աշխատանքները ղեկավարում է կրթահամալիրի գործադիր տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալը: Մասնախմբերի ցանկը, մասնախմբերի ղեկավարներին ու մասնաժողովի կազմը, մասնախմբերի ու մասնաժողովի աշխատակարգը կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
31. Կրթահամալիրի աշակերտների բուժսպասարկումն իրականացնում են կրթահամալիրի բուժծառայությունը և առողջապահական մարմինների կողմից ամրակցված բուժանձնակազմը, որը կառավարման մարմինների հետ համատեղ պատասխանատու է բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման համար:
Կրթահամալիրը միջոցներ է ձեռնարկում տեղական ինքնակառավարման մարմնի` կրթահամալիրին ամրագրած մասում ապրող` պարտադիր ուսուցման ենթակա բոլոր երեխաներին ուսման մեջ ընդգրկելու համար:
32. Կրթահամալիրում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում սահմանվում է 5-օրյա կամ 6-օրյա ուսումնական շաբաթ ` ըստ պետական ուսումնական պլանի: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է առնվազն 34 շաբաթ, իսկ առաջին դասարանի համար` 30 շաբաթ: Կրթահամալիրի դպրոցներում ուսումնադատիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է, բացառիկ դեպքերում այն կարող է փոփոխվել նախարարության կողմից:
33. Ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են կրթահամալիրի դպրոցների ուսումնական պլանների, ուսումնական ծրագրերի և դասացուցակների հիման վրա:
Կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ մասնաճյուղերի ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
34. Կրթահամալիրի դպրոցների ուսումնական պլաններում առանձին առարկաների հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի պետական հենքային ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:
35. Առանձին սովորողների համար կրթական ծրագրերի յուրացման նորմատիվ ժամկետները կարող են փոփոխվել նախարարության սահմանած կարգով` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` կրթահամալիրի գիտելիքների գնահատման կենտրոնում գիտելիքների ստուգմամբ:
 
 
IV. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
36. Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, կրթահամալիրի կառավարման կոլեգիալ մարմինը` կրթահամալիրի խորհուրդը, (այսուհետ` խորհուրդ), կրթահամալիրի գործադիր մարմինը` գործադիր տնօրենն ու իր աշխատակազմը (այսուհետ` գործադիր տնօրեն):
37. Կրթահամալիրի մասնաճյուղերում ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդներ:
38. Համայնքի, ծնողների հետ արդյունավետ համագործակցության նպատակով կրթահամալիրի մասնաճյուղերում, որպես խորհրդակցական մարմիններ ձևավորվում են ծնողական խորհուրդներ, կարող են ձևավորվել նաև հոգաբարձուների և այլ խորհուրդներ:
39. Կրթահամալիրի հիմնադիրն ունի կրթահամալիրի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
40. Կրթահամալիրի հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) կրթահամալիրի հիմնադրումը.
բ) կրթահամալիրի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) կրթահամալիրին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
դ) կրթահամալիրի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
ե) կրթահամալիրի կառավարման համակարգի սահմանումը.
զ) կրթահամալիրի վերակազմակերպումը և լուծարումը.
է) կրթահամալիրի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
Սույն կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները հիմնադրի կողմից վերապահված են նախարարությանը:
41. Նախարարությունն իրականացնում է կրթահամալիրի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
Նախարարությունը`
ա) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է կրթահամալիրի կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրի գործունեության նկատմամբ.
գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կրթահամալիրի գործադիր տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումներն ու որոշումները.
դ) լսում է կրթահամալիրի գործունեության մասին հաշվետվությունները, քննում գործունեության արդյունքները.
ե) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
զ) օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
է) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
42. Կրթահամալիրի գործադիր տնօրենն իրականացնում է կրթահամալիրի ընթացիկ գործունեության ղեկավարումը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ նախարարության հրամանների, որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
43. Գործադիր տնօրենը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կրթահամալիրի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) մասնակցում է կրթահամալիրի խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և նախարարության որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կրթահամալիրի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
դ) տալիս է կրթահամալիրի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կրթահամալիրի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
զ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
է) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների, աշխատակազմի և մասնաճյուղերի տնօրենների միջև, խորհրդի հաստատմանն է ներկայացնում իր աշխատակազմի կառուցվածքն ու աշխատակարգը.
ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) սահմանված կարգով իրականացնում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.
ժ) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, կրթահամալիրի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
ժա) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
ժբ) աջակցում է կրթահամալիրի մասնաճյուղերի մանկավարժական, ծնողական և այլ խորհուրդների աշխատանքներին.
ժգ) կազմում է կրթահամալիրի հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք, կրթահամալիրի խորհրդի հաստատմամբ, ներկայացնում նախարարության հաստատմանը.
ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կրթահամալիրի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ.
ժե) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.
ժզ) ներկայացնում է կրթահամալիրը պետական մարմիններում, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ուսումնական հաստատություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում: Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից:
44. Գործադիր տնօրենի բացակայության դեպքում, սահմանված կարգով, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
45. Կրթահամալիրի գործադիր տնօրենի` ուսումնական-հետազոտական աշխատանքի գծով տեղակալը`
ա) պատասխանատու է կրթահամալիրում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի իրականացման, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների մակարդակի համար.
բ) վերահսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը, ղեկավարում կրթահամալիրի մասնաժողովի գործունեությունը.
գ) կրթահամալիրում կազմակերպում է մեթոդական աշխատանք, ներկայացնում մասնաճյուղերի ուսումնական պարապմունքների դասացուցակների միասնական պահանջները և ուսումնադաստիարակչական աշխատանքի վիճակի մասին կատարում ուսումնասիրություններ, խորհրդին ու գործադիր տնօրենին ներկայացնում հաշվետվություններ.
դ) ղեկավարում է կրթահամալիրի առարկայական մեթոդական միավորումների (կրթահամալիրի մասնախմբերի` ամբիոնների) աշխատանքը, ընդհանրացնում և տարածում լավագույն ուսուցիչների աշխատանքի դրական փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.
ե) ղեկավարում է կրթահամալիրում իրականացվող հետազոտական աշխատանքները.
զ) համակարգում է հատուկ ընդհանուր (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորածների) ուսումնական գործունեությունը:
46. Կրթահամալիրի գործադիր տնօրենի` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալը`
ա) համակարգում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքները, կրթահամալիրային միջոցառումները, ղեկավարում դաստիարակչական ծրագրերի մշակման աշխատանքները.
բ) ապահովում է կրթահամալիրի և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.
գ) կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ է ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու համար.
դ) մեթոդական-կազմակերպական օգնություն է ցուցաբերում մասնաճյուղերի դասղեկներին, խմբակների ղեկավարներին.
ե) աջակցում է մասնաճյուղերի սովորողների հանգիստն ու ժամանցը կազմակերպելուն, միջոցներ է ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու համար:
47. Կրթահամալիրի գործադիր տնօրենի` վարչատնտեսական աշխատանքի գծով տեղակալը`
ա) ղեկավարում է կրթահամալիրի շենքերի ու շինությունների սպասարկման ծառայությունը.
բ) պատասխանատու է կրթահամալիրի շենքերի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, կրթահամալիրի մասնաճյուղերի շինությունների սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, կրթահամալիրի ուսումնական պարապմունքներին` դասասենյակների ժամանակին նախապատրաստման, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման համար.
գ) միջոցներ է ձեռնարկում կրթահամալիրի ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար.
դ) ղեկավարում է նշված ուղղություններով մասնաճյուղերի ղեկավարների գործունեությունը և աջակցում նրանց:
48. Կրթահամալիրի հանրակրթական դպրոցի դասարանի ղեկավարը (դասղեկը)`
ա) դաստիարակչական աշխատանք է կատարում սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս ուսուցիչների հետ.
բ) ապահովում է սովորողների նկատմամբ դպրոցի և ընտանիքի մանկավարժական պահանջների միասնականությունը.
գ) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական օգնություն.
դ) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, դպրոցի տնօրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկություններ.
ե) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ, հետևում տնային հանձնարարությունների կատարմանը, ուսման և հանգստի կազմակերպմանը.
զ) դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում վարքի կանոնները կոպտորեն խախտած սովորողի հարցը.
է) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականցումը:
49. Արտադրական ուսուցման վարպետը`
ա) ապահովում է նախամասնագիտական (արհեստագործական) ուսուցման ծրագրերի և սովորողների կողմից աշխատանքի անվտանգության նորմերի և կանոնների կատարոււմը,
բ) անմիջականորեն պատասխանատու է արհեստագործական ուսուցման որակի համար,
գ) նախապատրաստում է արհեստանոցը (կաբինետը, մեքենասարքավորումները) արհեստագործական ուսուցման կազմակերպման համար,
դ) նախամասնագիտական պարապմունքների ժամանակ անցկացնում է սովորողների նախնական հրահանգավորումը, վերահսկում` աշխատանքի անվտանգությունը,
ե) իրականացնում է սովորողների կողմից նախամասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը,
զ) հետևում է սովորողների հաճախումներին, նրանց դաստիարակության հարցերում համագործակցում դասղեկի և մյուս ուսուցիչների հետ:
50. Դաստիարակը`
ա) պարտավոր է պահպանել երեխաների կյանքը, ամրապնդել նրանց առողջությունը, զարգացնել նրանց ստեղծագործական երևակայությունը.
բ) պատասխանատու է երեխաների համակողմանի զարգացման և դաստիարակության համար.
գ) մշտապես համագործակցում է երեխայի ընտանիքի հետ, կազմակերպում է աշխատանք ծնողների շրջանում:
51. Նախարարությունը կրթահամալիրի կանոնադրության գրանցման պահից հետո 30 օրվա ընթացքում ձևավորում է կրթահամալիրի խորհրդի նոր կազմը (15 անդամ): Մինչև խորհրդի նոր կազմի ձևավորումը խորհրդի գործառույթներն իրականացնում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ձեռնարկության գործող խորհուրդը:
Խորհրդի անդամների թեկնածուներ առաջադրում են`
- կրթահամալիրի մասնաճյուղերի մանկավարժական խորհուրդները, որոնք նիստում, փակ քվեարկությամբ, որոշում են կրթահամալիրի խորհրդի իրենց ներկայացուցիչներին (6 անդամ).
- կրթահամալիրի մասնաճյուղերի ծնողական խորհուրդները, որոնք նիստում, փակ քվեարկությամբ, որոշում են խորհրդի իրենց անդամներին (4 անդամ).
- միջին մասնագիտական հաստատության ուսանողական խորհուրդը ներկայացնում է իր թեկնածուներին (2 անդամ):
Նախարարությունը նշանակում է իր ներկայացուցիչներին (3 անդամ):
Կրթահամալիրի խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք:
Կրթահամալիրի տնօրենը չի կարող առաջադրվել (ընտրվել) խորհրդի կազմում:
52. Խորհրդի լիազորությունների ժամկետը 3 տարի է:
53. Կրթահամալիրի խորհրդի առաջին նիստը գումարվում է նախարարության պահանջով` խորհրդի անվանական կազմի հաստատումից հետո` 7 օրվա ընթացքում: Խորհրդի առաջին նիստում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ ընտրվում է խորհրդի նախագահ` խորհրդի լիազորության ամբողջ ժամկետով: Խորհրդի նախագահի լիազորությունները կարող են դադարել իր դիմումի համաձայն:
54. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են`
ա) առաջադրողի նախաձեռնությամբ և խորհրդի որոշմամբ,
բ) իր դիմումի համաձայն:
Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում ներկայացնում է նոր անդամին:
55. Խորհուրդը`
ա) նախարարության սահմանած մրցույթի անցկացման կարգի համաձայն ընտրում է կրթահամալիրի գործադիր տնօրեն, հաստատում նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, սահմանում տնօրենի վարձատրության կարգը.
բ) գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է գործադիր տնօրենի տեղակալներին, մասնաճյուղի ղեկավարի հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, սահմանում մասնաճյուղի ղեկավարի վարձատրության կարգը.
գ) որոշում է ընդունում կրթահամալիրի աուդիտն անցկացնելու մասին (կրթահամալիրի բյուջեի հաշվին) և հաստատում աուդիտն իրականացնողի վարձատրության չափը.
դ) հաստատում է կրթահամալիրի աշխատանքային ու ներքին կարգապահական կանոնները, կրթահամալիրի ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաստիքային ցուցակը, ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունները և առաջարկություն ներկայացնում նախարարությանը.
ե) քննարկում է հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, հիմնադրի կողմից սահմանված կարգով որոշում է կրթահամալիրի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները և կարգը, առաջարկություններ ներկայացնում հիմնադրին` կրթահամալիրի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու.
զ) հաստատում է իր աշխատակարգը, ընտրում խորհրդի նախագահ.
է) կրթահամալիրի գործունեության առարկային, նպատակներին և խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը, մասնաժողովի ներկայացմամբ հաստատում կրթահամալիրում իրագործվող ծրագրերը, հետազոտական և մեթոդական աշխատանքների թեմաները, մասնաճյուղերի ուսումնական պլանները.
ը) հաստատում է կրթահամալիրի մասնաճյուղերի ամենամյա ծախսերի նախահաշիվը, սահմանված կարգով գործադիր տնօրենի միջոցով նախարարության հաստատմանն է ներկայացնում կրթահամալիրի հաստիքացուցակը, քննարկում ամենամյա ֆինանսական և կրթական հետազոտական գործունեության հաշվետվությունները.
թ) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) սույն կանոնադրությամբ ու մասնաճյուղերի կանոնադրություններով նախատեսված լիազորություններ:
56. Նախարարության (նրա ղեկավարության) կամ կրթահամալիրի ենթակայության փոփոխումը չի կարող հիմք հանդիսանալ խորհրդի լիազորությունների դադարեցման համար:
57. Խորհրդի նախագահը`
ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
բ) նախագահում է խորհրդի նիստերը.
գ) կազմակերպում է խորհրդի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք:
58. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:
59. Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև նախարարության, գործադիր տնօրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով:
60. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
61. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում:
62. Նախարարությունը, կրթահամալիրի, մասնաճյուղերի տնօրենները, նրանց տեղակալները, խորհրդի անդամները կրթահամալիրի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող կրթահամալիրի (մասնաճյուղի):
63. Կրթահամալիրի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
 
V. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
64. Կրթահամալիրի սեփականությունը ձևավորվում է կրթահամալիրի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կրթահամալիրի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
65. Կրթահամալիրն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
66. Հիմնադիրը սեփականության իրավունքով կրթահամալիրին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ հաստատության լուծարումից հետո մնացած գույքի:
67. Կրթահամալիրի սեփականության պահպանման հոգսը կրում է կրթահամալիրը:
68. Կրթահամալիրի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
69. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կրթահամալիրին ամրացված գույքը:
70. Կրթահամալիրն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
Կրթահամալիրն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, օրենքով սահմանված կարգով:
Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:
Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կրթահամալիրի ստացած եկամուտները կրթահամալիրի սեփականությունն են:
Կրթահամալիրին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
71. Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները:
72. Կրթահամալիրը ֆինանսավորում է հիմնադիրը: Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:
73. Կրթահամալիրի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.
բ) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և կրթահամալիրի կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:
74. Կրթահամալիրի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` նախարության կողմից ընտրված աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:
 
VI. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՍՈՎՈՐՈՂԸ ԵՎ ԾՆՈՂԸ
75. Կրթահամալիրում մանկավարժական աշխատանքի կարող է ընդունվել մանկավարժի որակավորում ունեցող մասնագետը, բացառիկ դեպքերում՝ ոչ մանկավարժական կրթություն ունեցող անձը, որի՝ կրթահամալիրում աշխատելու կարգը և պայմանները սահմանում է նախարարությունը:
76. Կրթահամալիրի մանկավարժն իրավունք ունի մասնակցելու կրթահամալիրի կառավարմանը՝ մասնակցելով կրթահամալիրի խորհրդի, մասնաճյուղերի մանկավարժական խորհուրդների և կրթահամալիրի առարկայական ամբիոնների աշխատանքներին։
Կրթահամալիրի մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
77. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողները պարտավոր են ապահովել կրթական ծրագրերի կատարումը, հանրակրթական պետական չափորոշիչներով որոշվող ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից:
78. Սովորողն իրավունք ունի՝
ա) անվճար ստանալու տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն.
բ) անկախ բնակության վայրից՝ սահմանված կարգով ընտրելու այլ ուսումնական հաստատություն և ուսուցման ձև.
գ) սահմանված կարգով օգտվելու կրթահամալիրի բոլոր ծառայություններից, այդ թվում առանձին ծառայություններից՝ անվճար.
դ) կրթահամալիրում յուրացնելու լրացուցիչ վճարովի կրթական ծրագրեր.
ե) ազատ արտահայտելու սեփական հայացքներն ու համոզմունքները.
զ) առանց հիմնական կրթություն ստանալու՝ 16 տարին լրանալուց հետո, ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ, թողնելու ուսումը:
79. Կրթահամալիրում արգելվում է առանց ծնողների և սովորողների համաձայնության սովորողներին ընդգրկել այնպիսի աշխատանքներում, որոնք նախատեսված չեն հանրակրթական ծրագրերով և սույն կանոնադրությամբ:
80. Արգելվում է սովորողների նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնության գործադրումը:
81. Սովորողը պարտավոր է բարեխղճորեն սովորել, խնամքով վերաբերվել կրթահամալիրի գույքին, հարգել կրթահամալիրի սովորողների և աշխատողների իրավունքներն ու արժանապատվությունը, պահպանել կրթահամալիրի կարգապահական կանոնները:
82. Կրթահամալիրի(մասնաճյուղի) ներքին կարգապահական կանոնները կոպտորեն խախտելու համար սովորողը նախարարության սահմանած կարգով կարող է հեռացվել կրթահամալիրից (մասնաճյուղից)։
83. Ծնողն իրավունք ունի պաշտպանելու երեխայի օրինական շահերն ու իրավունքները, մասնակցելու կրթահամալիրի կառավարմանը, լրացուցիչ ուսումնական պարապմունքներին, միջոցառումներին, կրթահամալիրի խորհրդի, մանկավարժական խորհուրդների աշխատանքներին, կրթահամալիրի (մասնաճյուղի) բոլոր ծառայություններից ստանալու անհրաժեշտ տեղեկություններ։
84. Ծնողը պարտավոր է երեխայի դասղեկի, մասնաճյուղի (կրթահամալիրի) տնօրենի կանչով ներկայանալ կրթահամալիր (մասնաճյուղ), մասնակցել երեխայի վարքին ու առաջադիմությանը վերաբերող քննարկումներին, դասարանի ծնողական հավաքներին։
 
VII. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
85. Կրթահամալիրը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
 
Մասնաճյուղերի կանոնադրությունները հաստատված են կրթահամալիրի խորհրդի 16.04.2004թ. նիստում։