• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորի, տոնածառի, Ձյունանուշի մասին

Ամանորի ծննդավայրը Միջագետքն է

Պատմաբանները պնդում են, որ Նոր տարին դիմավորելու ավանդույթը ծագել է Միջագետքում ավելի քան 4 հազար տարի առաջ: Նախքան նոր դարաշրջանի սկիզբը տոնակատարությանը միացել է նաև Հին Հռոմը: Սկզբում Հռոմի քահանայապետն ինքն էր որոշում, թե երբ պիտի գա Նոր տարին՝ իրավունք ունենալով երկարացնել կամ կրճատել տարին՝ ըստ իր ցանկության: Այնուհետև հռոմեական Նոր տարին զուգադիպեց մարտի 1-ին: Մ.թ.ա. 153 թվականին հռոմեացիները սկսեցին այն տոնել հունվարի 1-ին` համատեղելով նոր հյուպատոսի ընտրության հետ:

Ամանորյա նվերները հռոմեացիների գյուտն են

Գաղափարը, թե ինչպես տոնես Նոր տարին, այն այնպես էլ կանցնի, ձևակերպել են հին հռոմեացիները: Ուստի նրանք փորձում էին զվարճանալ, միմյանց նվերներ էին տալիս` սկզբում համեղ սնունդ, իսկ ավելի ուշ` փող:

Ամանորյա արձակուրդները ներմուծել է Պետրոս I-ը

Մինչ 1492 թվականը Ռուսաստանում Ամանորը տոնում էին մարտին, հետո այն տեղափոխվեց սեպտեմբերին: Այն հարմար էր և տրամաբանական: Մարդիկ աշխատում էին, հավաքում բերքը, և տոնելու առիթ կար, բայց Պետրոս I-ի հրամանագրով Ռուսաստանում  1700 թվականից Նոր տարին սկսեցին դիմավորել հունվարի 1-ին: Ամանորին արդեն ընդունված էր յոթ օր հանգստանալ, ուրախանալ, կրակել փոքր թնդանոթներից, հրացաններից և այլ փոքր զենքերից: Ի դեպ, պատմաբաններն ասում են, որ պետրոսյան ճոխ երեկույթներն ապշեցնում էին օտարերկրացիներին:

Տոնածառը հորինել է Լյութերը

Ըստ լեգենդի՝ եղևնին տոնածառ է դարձրել Մարտին Լյութերը` բողոքականության հիմնադիրը: Որպեսզի պաշտամունքային ծառն ինչ-որ կերպ մոտեցնի քրիստոնեությանը, նա իր հոտին պատվիրեց տոնական ծառերի գագաթները զարդարել Բեթղեհեմյան աստղով, իսկ ճյուղերի վրա մոմեր դնել:

Տոնածառի խաղալիքներն ի հայտ եկան խնձորի վատ բերքի պատճառով

Ի սկզբանե տոնածառը զարդարում էին կոնֆետներով, ընկուզեղենով, խնձորներով, իսկ չունևորները՝ շաքարի կտորներով, բանջարեղենով և հացի փշրանքներով: Ճյուղերի վրա վառվում էին մոմերը, իսկ  գագաթին աստղ էր տեղադրված: Տոնածառի փայլուն գնդիկները հայտնվել են համեմատաբար վերջերս՝ մոտ հարյուր տարի առաջ: Ասում են, որ առաջին անգամ դրանք ի հայտ են եկել խնձորի վատ բերքի պատճառով: Ձմռան համար մրգի պաշարներն ավարտվում էին, և ճարպիկ ապակեգործները Բավարիայի փոքր քաղաքից խնձորները փոխարինեցին գնդիկներով:
Իսկ 1870 թվականին ամերիկացի մի պարզ հեռագրիչ մտահղացավ փոխարինել այրվող մոմերը էլեկտրական ծաղկաշղթաներով:

Ձյունանուշիկը Ձմեռ պապի տատիկն է

Ձմեռ պապը բախտավոր է: Ո ՛չ Սանտա Կլաուսը, ո ՛չ ֆիննական Յոլոպուկին, ո ՛չ իտալական Բաբո Նատալեն, ո ՛չ էլ նրա ամանորյա մյուս գործընկերները չունեն այդպիսի գեղեցիկ և երիտասարդ օգնական, ինչպես Ձյունանուշն է: Մենք սովոր ենք նրան Ձմեռ պապի թոռնուհին կարծել: Սակայն եթե մի քիչ ավելի խորը փորփրենք, ապա Ձյունանուշը Ձմեռ պապի տատիկն է եղել կամ նույնիսկ մեծ-մեծ տատիկը: Մենք բոլորս Ձյունանուշին գիտենք Օստրովսկու պիես-հեքիաթից, որը եկել է ժողովրդական բանահյուսությունից: Սակայն հնագույն հեքիաթներից պարզվում է, որ նրա անունը Կոստրոմա է, որին, ինչպես նաև Բարեկենդանին, այրում են խարույկի վրա: Իսկ նրանք երկուսն էլ՝ և՛ Կոստրոման, և ՛ Բարեկենդանը, սլավոնների գյուղատնտեսության հնագույն աստվածուհիներն են: Ահա այսպիսի տոհմաբանական ծագում ունի Ձյունանուշը: Ստացվում է, որ Ձմեռ պապը բավական փոքր է իր «թոռնուհուց»:

Նյութը պատրաստեցին Միլենա Մկրտչյանը և Ինա Միրզոյանը

Լուսանկարները՝  Էլեն Հարությունյանի (Մոսկվայի տոնածառի խաղալիքների գործարարանին կից թանգարանից)