• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպես օգնենք երեխային՝ ինքնավստահություն զարգացնելու և ինքնագնահատականը բարձրացնելու

Ելենա Բիկ

Երեխաները, եթե ծնողների կողմից չեն ոգևորվում, որոշ չափով իրենց անվստահ են զգում շրջապատող աշխարհում։ Մանկության շրջանում անվստահությունը կարող է վերաճել անվստահության արդեն մեծ տարիքում, որոշումներ կայացնելիս։

Ինչպես կարող են ծնողներն իրենց երեխային օգնել ավելի ինքնավստահ լինելու այս աշխարհում

Գովեք Ձեր երեխային

Հիշեք, որ ոչ բոլոր երեխաներն են ի ծնե հանճարներ, ոչ բոլորին է հեշտությամբ հաջողվում սովորել, բայց բացարձակապես բոլոր երեխաները յուրովի տաղանդավոր են։ Ծնողներն ուղղակի պիտի ուշադիր հետևեն իրենց երեխաներին, որ գտնեն երեխայի մեջ եղած այդ տաղանդն ու զարգացնեն։ Խրախուսեք երեխայի ինքնաարտահայտման ու առաջխաղացման ամեն մի ձգտում և ոչ մի դեպքում նրան մի ասեք, թե չի դառնա, ասենք, մեծանուն երգիչ կամ պարող կամ նկարիչ։ Նման արտահայտություններով ոչ միայն երեխայից խլում եք ինչ-որ բանի նկատմամբ ձգտումը, այլև զրկում նրան ինքնավստահությունից, իջեցնում եք նրա ինքնագնահատականը։ Եթե երեխան ինչ-որ բան չի կարողանում անել՝ չի լուծվում հերթական մաթեմատիկական խնդիրը, նրան փնովելու փոխարեն օգնեք՝ միասին լուծեք խնդիրը։ Դրական արդյունքը ոչ միայն ինքնավստահություն կտա, այլև կբարձրացնի ինքնագնահատականը։
Ծնողները նաև պիտի հիշեն, որ երեխաները կրկնակի անգամ ավելի ցավոտ են տանում օտար մարդկանց (ուսուցչի, համադասարանցիների) քննադատությունը։ Եթե տեսնում եք, որ երեխան ինչ-որ անտրամադիր է, փորձեք նրա հետ պարզել պատճառները։ Եթե պարզվի, որ վրան խոսել են, թե ինչու չի կարողանում խնդիր լուծել, բացատրեք, որ եթե մի քիչ շատ ջանք թափի, ամեն ինչ կստացվի։ Անպայման գովեք երեխային՝ ցանկացած վաստակի՝ դպրոցում լավ գնահատականների, մարզական մրցումներում հաղթելու համար, գեղեցիկ նկարի, հնազանդության համար։

Երբեք մի՛ ընդհանրացրեք և մի՛ չափազանցրեք ձեր երեխայի ինչ-ինչ բացասական գործողություններ

Բոլորս էլ, այդ թվում և երեխաները, ունենք որոշակի բացասական գծեր։ Միայն չարժե դրանք ընդհանրացնել, էլ չեմ ասում՝ ավելի ճոխացնել։ Դրա համար աշխատեք երեխաների հետ շփման ժամանակ չօգտագործել «Դու ինձ երբեք չես լսում», «Դու միշտ քեզ վատ ես պահում», «Վատ հիշողություն ունես», «Անտանելի բնավորություն ունես» արտահայտությունները։
Մշտական ժխտումով կարող եք ճնշել ամեն մի ինքնավստահություն, իսկ ինքնագնահատականի մասին նույնիսկ խոսելու բան չկա։ Եթե ուզում եք, որ Ձեր երեխան ավելի լավ պահի իրեն, ավելի լավ լսի, պիտի փոխեք ժխտումը «Ես տխրում եմ, երբ դու քեզ վատ ես պահում», «Կարծում եմ՝ եթե ինձ ու շրջապատիդ ավելի ուշադիր լսեիր, ամեն ինչ ավելի հեշտ կանեիր», «Եթե ինչ-որ խնդիր ունես, արի միասին լուծենք» արտահայտություններով։

Երեխաներին ընտրության իրավունք տվեք

Երեխային իրավունք տվեք ինչ-ինչ պարզ բաներում որոշում կայացնելու (օրինակ՝ որ դպրոցը գնա սովորելու, ինչ խմբակի անդամագրվի, ինչով զբաղվի ազատժամանակ)։ Ինքնուրույն որոշումները նույնպես նպաստում են ինքնավստահության աճին ու ինգնագնահատականի բարձրացմանը։